Մեկ վարչությունով ու մեկ փոխնախարարով հնարավոր չէ ոլորտն արդյունավետ կառավարել

Մեկ վարչությունով ու մեկ փոխնախարարով հնարավոր չէ ոլորտն արդյունավետ կառավարել

Արցախի եւ ՀՀ էներգետիկ անվտանգային խնդիրների շուրջ զրուցել ենք էներգետիկ անվտանգության փորձագետ, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության փոխնախագահ Արթուր Ավետիսյանի հետ

- Որո՞նք են պատերազմական վիճակում գտնվող Հայաստանի էներգետիկ անվտանգային առաջնային խնդիրները, որոնք սրվել են կամ ծագել պատերազմից հետո, ինչպե՞ս խուսափել դրանցից։

- Հայաստանի Հանրապետությունը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջեւ, այդ թվում՝ էներգետիկ անվտանգության խնդիրների, որոնք ավելի են սրվել 44-օրյա պատերազմից հետո։ Խնդիրը ոչ միայն Արցախում մեծ ու բազմաթիվ հզորություններ կորցնելն է՝ շուրջ 113 մեգավատտ, այլ նաեւ աշխարհաքաղաքական իրավիճակն է փոխվել՝ ի վնաս մեզ։ Հետեւաբար, Հայաստանի Հանրապետությունը շատ ավելի ակտիվ պետք է իրականացնի էներգետիկ դիվանագիտություն՝ էներգետիկ ապահովման համար, որում առանցքային նշանակություն ունի ատոմային էլեկտրակայանի գործունեությունը, մասնավորապես՝ գործող ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգումը մինչեւ 2035-2036 թթ., այնուհետեւ, կայանի շահագործման ավարտից հետո, նոր ատոմակայանի կառուցումը։ Էներգետիկ անվտանգության տեսանկյունից անչափ կարեւոր է Հյուսիս-Հարավ տարանցիկ էներգետիկ միջանցքի կառուցման ծրագրի ամբողջական իրականացումը, որը ենթադրում է Հայաստանի էներգետիկ համակարգի միացումը եւ սինխրոնիզացումն Իրանի եւ Վրաստանի համակարգերի հետ։ Մեր էներգետիկ համակարգերը միացված են, բայց մեծ թողունակությամբ էլեկտրահաղորդման գծերի բացակայության պատճառով Հյուսիս-Հարավ էներգետիկական միջանցքն ամբողջությամբ չի լինում իրականացնել։ Բոլորս էլ գիտենք, որ Հյուսիս-Հարավի կարեւոր բաղադրիչ է նաեւ Ռուսաստանը։ Այդ ծրագիրը մեկնարկեց 2015-2016 թթ․, այն 4 շահառու ուներ՝ Ռուսաստան, Հայաստան, Վրաստան, Իրան, բայց հաշվի առնելով աշխարհաքաղաքական նոր իրողությունները, մասնավորապես Հնդկաստանի ու Չինաստանի պարագայում գործուն քայլեր կան։ Բացի այդ, լուրջ խնդիր է Հայաստանի Հանրապետությունում էներգետիկայի նախարարության բացակայությունը։ Ոլորտը կառավարվում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից, գործում է մեկ վարչություն՝ էներգետիկայի վարչությունը: Էներգետիկ համակարգը բավականին տարաբնույթ է, եւ մեկ վարչությունով ու մեկ փոխնախարարով, ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, չի լինի իրականացնել արդյունավետ կառավարում։ Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունը չունի էներգետիկ անվտանգությունն ապահովող որեւէ նորմ, փաստաթուղթ, գործում է միայն Հայաստանի էներգետիկայի զարգացման ծրագիրը՝ մինչեւ 2040 թվականը, որն ավելի շատ ռազմավարություն է։

- Արդյոք Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմում են Հայաստանի դեմ նաեւ էներգետի՞կ ոլորտում, եւ որո՞նք են դրա դրսեւորումները։

- Հայաստանը դեռեւս գտնվում է պատերազմական վիճակում, եւ դրա վառ ապացույցն է նաեւ պարբերաբար թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայաստանյան արշավը նաեւ էներգետիկ առումով, մասնավորապես մշտական բնույթ են կրում եւ հիմա ավելի են ակտիվացել Հայաստանի ատոմակայանի շահագործման մասով խնդիրները։ Ալիեւն անընդհատ հայտարարություններ է անում, նաեւ մեծ լոբբինգ են իրականացնում, մասնավորապես՝ եվրոպական երկրներում: Բայց հաշվի առնելով Եվրոպայի մեծ էներգետիկ պահանջը, նաեւ այն, որ Եվրամիությունը նախորդ տարի` փետրվարի 9-ին, ատոմային էներգետիկան ճանաչել է մաքուր, այսինքն` չհակասող կանաչ տնտեսության կառուցմանը, Հայաստանի Հանրապետությունը` ակտիվ էներգետիկ դիվանագիտության պարագայում, ոչ միայն կարող է չեզոքացնել թուրք-ադրբեջանական տանդեմի քարոզչությունն ու լոբբինգը, այլ նաեւ ունենալ, այսպես ասած, համաշխարհային կոնսենսուս, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն պետք է շահագործի, այլեւ ավարտին հասցնի նոր ատոմակայանի կառուցումը։ Ինչու եմ ասում «միջազգային կոնսենսուս», որովհետեւ Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ միջկառավարական հանձնաժողով կա ստեղծված, որը, ճիշտ է` ոչ ցանկալի տեմպերով, բայց զբաղվում է նոր ատոմակայանի հնարավոր լուծումների, տեխնիկատնտեսական հնարավորությունների մշակմամբ։ Այսինքն, Ռուսաստանի կողմից կա գործուն մասնակցություն` նոր ատոմակայանի տեսանկյունից: Կարծում եմ` մյուս բեւեռի համաձայնությունը եւս հնարավոր է ստանալ։ Վերջիվերջո, դեկտեմբերի 17-ին ԵՄ-ի հետ կնքվեց եւս մեկ պայմանագիր` Սեւ ծովի հատակով մեր տարածաշրջանը ԵՄ երկրներին միացնող էլեկտրահաղորդման մալուխների կառուցման ծրագիրը, որի հիմնական օպերատորը դիտարկվում է Ադրբեջանը, որը Վրաստանի միջոցով Սեւ ծովի հատակով պետք է առաքի էլեկտրաէներգիա դեպի ԵՄ: Ցավալի փաստ է, որ այդ էլեկտրաէներգիան մեծապես արտադրվելու է նաեւ Արցախի Հանրապետության հարավային շրջաններում, որոնք ներկայում օկուպացված են Ադրբեջանի կողմից․ մատակարարելու են վերականգնվող էներգետիկայի՝ մասնավորապես արեւային էներգիայի կայաններից արտադրված էլեկտրական էներգիա։ Բայց մենք եւս կարող ենք միանալ, դա բավականին բարդ կարող է լինել, հաշվի առնելով Ադրբեջանի ուղղակի ներգրավվածությունը, բայց քանի որ Վրաստանը տարանցիկ պետություն է, կարծում եմ, Վրաստանի եւ գնող կողմի՝ ԵՄ-ի հետ ակտիվ բանակցությունների պարագայում շատ դժվարությամբ, բայց հնարավոր է ուղիներ գտնել, որը կտեղավորվի տարածաշրջանային իրողությունների եւ Հայաստանի՝ ավելի մեծ մանյովրելու հնարավորությունների հետ։

- Ո՞ր երկրների հետ կարող է համագործակցել Հայաստանը։

- Հիմնական գործընկերներն են, բնականաբար, Իրանը, Ռուսաստանը, նաեւ՝ Վրաստանը։ Տարբեր շրջանակների կողմից դիտարկվում է, որ գործընկեր կարող են լինել Ադրբեջանը եւ Թուրքիան։ Թուրքիան միշտ դիտարկվել է ոչ թե որպես դասական գործընկեր, այլ որպես գնորդ, եւ 2000-ականներին, երբ արձանագրություններն էին ստորագրվում, ակտիվորեն քննարկվել է այն, որ Հայաստանն էլեկտրաէներգիա վաճառի Թուրքիային, բայց ներկայում իրավիճակը բավականին փոխվել է։ Այն ժամանակ Թուրքիան էլեկտրաէներգիայի գուցե մեծ պահանջարկ ուներ եւ պատրաստ էր գնել Հայաստանից, ներկայում այդ պահանջարկը շատ ավելի է մեծացել, բայց Թուրքիան՝ ինքը, բավականին մեծ հզորություններ է կառուցել այս 14-15 տարվա ընթացքում: Բացի այդ` այս տարվանից Թուրքիայում սկսել են փուլային շահագործման հանձնել կառուցվող ատոմակայանը` 4 էլեկտրաբլոկով։ Առաջին էներգաբլոկը նախատեսվում է շահագործման հանձնել 2023-ին, մինչեւ 2027 թ.` մնացածը, 4 բլոկների հզորությունը միասին ավելի քան 10 անգամ հզոր է լինելու, քան Հայաստանի ատոմակայանի հզորությունը։ Իրական գործընկեր կարող է լինել նաեւ Հնդկաստանը, որը հետաքրքրված է Իրանի եւ Հայաստանի հետ ընդլայնելու իր գործընկերությունը։ Հետագայում՝ արդյունավետ աշխատանքի պարագայում, հնարավոր կլինի նաեւ համագործակցություն ձեւավորել Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ։ ԱՄՆ-ի մասով կա պայմանագիր ատոմային էներգիայի ոլորտում, բայց միայն փորձագետների, մասնագետների վերապատրաստման մասով է, հզորությունների կառուցման, ատոմակայանի շահագործման մասով որեւէ համագործակցություն, որեւէ փաստաթուղթ, որեւէ նորմատիվային բազա երկու երկրների միջեւ չկա։