Հռչակագիրը ռեւիզիայի ենթարկելու անթույլատրելիությունը

Հռչակագիրը ռեւիզիայի ենթարկելու անթույլատրելիությունը

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 33-րդ տարեդարձի կապակցությամբ վարչապետի պաշտոնից կառչած Փաշինյան Նիկոլը հայտարարում է, որ ինքն ընտրում է անկախությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը: Միաժամանակ ավելացնում է, որ ՀՀ քաղաքացին ընտրում է անկախությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը: Այնուհետեւ ներկայացնում է 33 տարի առաջ ընդունված Հռչակագրի իր մեկնաբանությունը: Որպես ՀՀ քաղաքացի՝ ես մերժում եմ Հռչակագրի նիկոլական մեկնաբանությունը: Չկա եւ չի կարող լինել խաղաղության օրակարգ` թշնամու պարտադրանքով: Թերահավատները կարող են ծանոթանալ ռուս-ուկրաինական պատերազմի առումով արեւմտյան երկրների դիրքորոշմանը: 

Հետեւաբար, այդպիսի խաղաղությունը տեսականորեն անգամ չի կարող վերածվել անկախության: Էլ չասած, որ այդ երկու հասկացությունների միջեւ անմիջական կապ կամ որեւէ այլ հարաբերակցություն ընդհանրապես գոյություն չունի: Դա՝ մեկ, եւ երկրորդ՝ այն, միաժամանակ, կլինի թշնամու պարտադրանքի ներքո գոյատեւում եւ ոչ թե ինքնիշխանություն: Իսկ եթե հաշվի առնենք, որ թշնամին բռնատիրական պետություն է, իսկ Նիկոլի վարչապետության ընթացքում Հայաստանը վերածվել է ամբողջական ոստիկանապետության, ապա նման պայմաններում ժողովրդավարության մասին խոսելն ավելորդ է ու անիմաստ: Ասվածը վկայում է, որ վարչապետի պաշտոնից օգտվող Նիկոլը փորձում է նույնիսկ ոչ թե մեկնաբանել Հռչակագիրը, այլ ռեւիզիայի ենթարկել այն: Եվ ես՝ որպես անկախության հազարավոր ջատագովներից մեկը, մերժում եմ նաեւ Հռչակագիրը վերանայելու եւ փոփոխության ենթարկելու նրա ցանկությունը:

Ինչ վերաբերում է վերջինիս այն մտքին, թե Հռչակագրով մենք փակել ենք Խորհրդային Միությունից հեռանալու մեր բոլոր ճանապարհները, ապա այն նրա հերթական անհեթեթություններից մեկն է: Որովհետեւ պատմական հայրենիքի մի մասը վերադաձնելու իրավունքի կիրարկումը չի նշանակում վերադարձ դեպի Խորհրդային Միություն: Դա նշանակում է ընդամենը պատմական արդարության վերականգնում: Դա՝ մեկ: Երկրորդ՝ եթե հայրենիքի մի մասը վերադարձնելու համար պետությունը շահերի ընդհանրության հիմքով դաշնակցում է նախկին մետրոպոլիայի հետ, դա չի նշանակում այդ մետրոպոլիայից անկախանալու ճանապարհների փակում: Երրորդ՝ եթե Արցախը Հայաստանին միացնելու հետեւանքը թշնամիներ վաստակելն էր, ապա պետք էր հզորանալ ու նրանց պարտադրել խաղաղություն: Ճիշտ այնպես, ինչպես արվեց Իսրայել պետության դեպքում: Եվ ոչ թե հանցագործ սխալների հետեւանքով հանձնվել նրանց ողորմածությանը՝ ինչպես տեղի է ունենում մեր օրերում՝ մեր պետության առումով: Եվ վերջապես, եթե այսօր վախենանք մեր երկնքում իբրեւ թե թեւածող ԽՍՀՄ ուրվականից, ապա որպես այլընտրանք պետք է դիտարկենք մեր պետության վիլայեթացումը: Եվ քիչ թե շատ գրագետ ու ադեկվատ անձնավորությանն անգամ պետք է պարզ լինի, որ տարածքային կորուստներն ու թուրքական գերիշխանության ներքո հայտնվելն ավելի անընդունելի են, քան ինչ-որ ուրվականներից վախենալը:

Արցախը ոչ միայն պատմական հայրենիքի մի մասն էր, որը դե-ֆակտո միացված էր Հայաստանին, այլեւ Հայաստանի ամուր թիկունքը: Նիկոլի վարչապետության հետեւանքով այն կանգնած է կորստյան վտանգի առջեւ: Ինչը նշանակում է, որ մենք ոչ թե պետք է Հռչակագիրը ռեւիզիայի ենթարկելով գաղափարապես հրաժարվենք Արցախից, այլ հրաժարական պարտադրենք այն իշխանությանը, որը փորձում է վերանայել ամեն ինչ, անգամ անկախության հռչակագիրը:

Շնորհավո՜ր Հայաստանի Անկախության Հռչակագրի ընդունման 33-րդ տարեդարձը: