Ասենք՝ շնորհավոր

Ասենք՝ շնորհավոր

Ավինյանը, փաստորեն, անցավ ռուբիկոնը: Վարդան Ղուկասյանը՝ Դոգը, նրան նշանակեց Երևանի քաղաքապետ, իսկ նա չկարողացավ հրաժարվել և խուսափել խայտառակությունից: Անձնական խայտառակությունը դեռ մի կողմ: Ավինյանն այդկերպ խայտառակեց նաև Երևանի ընտրողների 9 տոկոսին, որ գնացել էր ընտրատեղամաս ու իր ձայնը տվել Նիկոլին: Ասել է թե՝ Նիկոլն էլ խայտառակվեց: Ես հասկանում եմ, որ «ձվածեղի խաթեր թավի պոչն էլ կպաչեն», բայց Դոգի՞ «պոչը», այն Դոգի՞, որ «Հայաստան էր եկել» Նիկոլի «հետևից», որ Նիկոլին բռնի ու չգիտեմ ինչ անի: Վաթսուն տարեկան մարդ եմ, բայց այսպիսի պոռնոգրաֆիա չէի տեսել: Արա, էս բոյի էլ պոռնոքաղաքականությո՞ւն… Մի խոսքով՝ հիասթափված եմ Ավինյանից էլ, Նիկոլից էլ, ՔՊ-ից էլ: Փոխարենը հիացած եմ պարոն Վարդան Ղուկասյանի քաղաքական հասունությամբ, որ կարողացավ հավասարը հավասարի իրավունքով կանգնել թավշյա խեղկատակության առաջնորդների կողքին: Եվ այդ հավասարության մեջ, պատկերացրեք, պարոն Վարդան Ղուկասյանի նժարը դեռ մի բան էլ ծանր է: Մի խոսքով՝ շնորհավորում եմ, պարոն Ղուկասյան, և խոստանում այսուհետ ակնդետ հետևել ձեր բոլոր լայվերին: «Так держать !!!»:

Ի՞նչ պետք է աներ Տիգրան Ավինյանն այսքանից հետո: Այո, որպես նորընտիր քաղաքապետ, առաջին անգամ ամբիոն բարձրանալուն պես պետք է խոսեր այն մասին, որ ժողովուրդն իրեն քվե է տվել և ինքը պետք է ամեն ինչ անի ժողովրդի վստահությունն արդարացնելու համար: Բայց նա վեր կացավ ու մի երկար շարական սկսեց նախկինների թեմայով, ապա գովերգեց 2018 թվականի թավշյա դիպվածը և արձանագրեց, որ ժողովուրդն այս քվեարկությամբ հավաստել է այսպես կոչված «հեղափոխության» գաղափարներին իր նվիրվածությունը: Բնականաբար՝ ոչ մի խոսք Վարդան Ղուկասյանի (Դոգի) մասին, որի կուսակցությունից ավագանու անդամ ընտրված 5 «պատգամավորներ» իրենց մասնակցությամբ քվորում ապահովեցին ավագանու առաջին նիստին: Ավելի ուշ, արդեն Զեյնալյանի հետ համատեղ ասուլիսում, Ավինյանը փորձեց արդարացնել Վարդան Ղուկասյանի հետ այդ «թեթև համագործակցությունը»՝ ընդդիմության մյուս հատվածին մեղադրելով ՔՊ-ից 180 աստիճանով շեղվածության մեջ: Մինչ Երևանի նորընտիր քաղաքապետն այս տվայտանքների մեջ էր, ես հաճույքով արձանագրեցի, որ նրա, որպես ՔՊ-շնիկի, մտածողության մեջ լրջագույն փոփոխություն է տեղի ունեցել: Ավինյանը երբեք չասաց, որ ժողովուրդն է իրեն քվե տվել կամ «երկաթե մանդատ», կամ «ճագուճ», կամ մեկ այլ բան: Նա հստակ արտաբերեց հետևյալ ֆրազը. «Ժողովուրդը ապացուցեց 2018թ, թավշյա հեղափոխության գաղափարներին իր հավատարմությունը»: Սա աներկբայելի առաջընթաց էր, որն ինձ մի պահ կասկածելի թվաց, բայց հետո, երբ նույն օրը նույն բանը Նիկոլն ասաց Պետրոսի մոտ, ես վերջնականապես համոզվեցի, որ Երևանի ընտրությունները ՔՊ-ի ուղեղում զարմանալի տրանսֆորմացիաներ են առաջ բերել:

Ի դեպ՝ Նիկոլի մասին: Հ1-ին տալիք նրա հարցազրույցի անոնսների մեջ ոչ մի խոսք չկար այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալու է նաև Երևանի ընտրություններին ու մի լավ «անալիզ» է անելու Ավինյանի՝ քաղաքապետ ընտրվելու հանգամանքները: Էլ չմացա՝ որոշել էին անակնկալ մատուցել, թե՞ Պետրոսը անակնկալ մատուցեց, բայց հարցազրույցն սկսվեց Ավինյանով, Երևանով ու ընտրություններով: Տարածաշրջանային խնդիրներ, սպառնալիքներ, խաղաղության պայմանագիր, սահմանազատում ու սահմանագծում. այս հարցերը առանձնապես հետաքրքրություն այլևս չառաջացրեցին իմ մեջ, քանի որ նախապես գիտեի, որ նոր բան չի ասվելու: Ես այն տպավորությունն ստացա, որ նրան Հ1-ի էկրան էին բարձրացրել Երևանում ՔՊ-ի երևակայական «հաղթանակին» քաղաքական երանգավորում հաղորդելու համար: Բայց, ինչպես վերևում ասացի՝ Երևանի ավագանու ընտրությունները լրջագույն տրանսֆորմացիաներ են առաջացրել ՔՊ-ական ուղեղներում, և Նիկոլի մտածելու օրգանն էլ բացառություն չի կազմում: Պետրոսի հարցումներին ի պատասխան՝ նա գրեթե կրկնեց Ավինյանի միտքը, որ երևանցիներն իրենց ձայնը տվել են 2018թ. «հեղափոխության» գաղափարներին: Ուշադրություն՝ ոչ թե ՔՊ-ին, ոչ թե «մեզ», ոչ թե «մեր թիմին», ոչ թե «իրենց կյանքի բարելավմանը», ոչ թե «փոփոխություններին», այլ՝ «հեղափոխության գաղափարներին»: Եվ դարձյալ կրկնեմ՝ ես հաճելիորեն զարմացած եմ ՔՊ-ի խոսույթում հայտնված այս նորաբանություններից:

Ամենահաս Պետրոս Ղազարյանն ըստ երևույթին մի քիչ ձանձրացավ այդ հեքիաթից և հանրայինի եթերում ուղիղ հարց տվեց վարչապետին՝ բա Դոգի մասի՞ն ինչ կասեք, որի շնորհիվ Ավինյանը դարձավ քաղաքապետ: Դե Պետրոսին ո՞վ է այնքան խելք տվել, որ հանրայինի եթերում հազարավոր երևանցիների համակրանքին արժանացած գործչին «Դոգ» չասի և կամ՝ երկրի վարչապետին չստորացնի՝ պարտադրելով խոսել մի սանձարձակի մասին, որը լայն հանրությանը հայտնի է դարձել բացառապես իր հայհոյախոսության շնորհիվ: Ի պատիվ Նիկոլ Փաշինյանի ասեմ, որ Պետրոսին չհաջողվեց մերկ ձեռքերով բռնել նրան: Փաշինյանը, ճիշտ է, չշրջանցեց հարցը, բայց և չպատասխանեց հարցին՝ արագ անցնելով արդար ու թափանցիկ ընտրությունների թեմային, թե բա ե՞րբ է եղել Հայաստանում, որ հաղթողին ընդամենը 150 ձայն պակասի կոալիցիա ձևավորելու համար: Մարդը փաստացի արձանագրեց, որ Վարդան Ղուկասյանի մուտքը ավագանի հնարավոր է դարձել 2018թ. թավշյա «հեղափոխության», այն է՝ հասարակության անհույս դեգրադացիայի շնորհիվ:

Շնորհավորելով Ավինյանին Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը վերջապես թողնելու կապակցությամբ՝ կուզենայի նրան մի խորհուրդ տալ: Եթե պարոն Վարդան Ղուկասյանն իր մատուցած ծառայության դիմաց ձեզնից մետրոյի հաղորդավարի պաշտոն պահանջի, հանկարծ չտաք: Իհարկե, ես չեմ կարող այստեղ գրել, բայց դուք գիտեք չէ՞, թե նրա կատարմամբ ինչպես կհնչի «Ուշադրություն, դռները բացվում են» արտահայտությունը…