Պրիգոժինի «հեռացումը»

Պրիգոժինի «հեռացումը»

Ռուսաստանի Տվերի մարզում Մոսկվա-Պետերբուրգ թռիչք կատարող Եվեգնի Պրիգոժինի ինքնաթիռի կործանումը կարելի է համարել ռուսալեզու մեդիատարածքի երեկվա ամենաակտուալ լուրը, որքան էլ որ ռուսական լրատվամիջոցները փորձեն այն «խեղդել» տարատեսակ լուրերի հոսքի մեջ։ Վստահաբար կատարվածի մասին տեսակետների, վարկածների պակաս չի լինի՝ սկսած ողջամիտ վարկածներից մինչեւ ամենաթունդ դավադրապաշտությունը։ Ու այս ինֆորմացիոն-անալիտիկ հարահոսի մեջ, բավականին հետաքրքիր մի վարկած կա, որի վրա կուզենայինք կենտրոնանալ։

Արդեն տեւական ժամանակ թե ռուսալեզու մեդիատարածքում թե նաեւ՝ Արեւմտյան մամուլում շրջանառվում է վարկած, որ առաջիկայում Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ Ուկրաինայում «խաղաղություն հողերի դիմաց» բանաձեւով բանակցություններ են տեղի ունենալու։ Շատերը նույնիսկ նշում են, որ այդ բանակցությունները գոնե նախապատրաստական մասով կարծես ընթացքի մեջ են։ Ու գուցե հենց այս լույսի ներքո, հնարավոր է, որ իրականացվել է Պրիգոժինի եւ «Վագների» ղեկավար կազմի լիկվիդացիոն գործողությունը։ Պատահական չէ, որ Աբրամովիչը երեկ եղել է Մոսկվայում, որոշ տեղեկություններով, կարծես թե ՌԴ ՊՆ որոշ բարձրաստիճան շրջանակների հետ հանդիպումներ է ունեցել։ Սա ռուսական էլիտայի որոշակի սեգմենտի համար ցանկալի արդյունք կլիներ։ Պրիգոժինը հնարավոր է, որ խանգարող հանգամանք լիներ, քանի որ ռուսական վերնախավի այլ կլանային խմբի ներկայացուցիչ էր, եւ բացի այդ՝ նրա իրական-ֆիզիկական կամ սիմվոլիկ կերպով ասպարեզից հեռանալը կարող էր ֆոն ապահովել բանակցությունների համար։ Ի վերջո, չմոռանանք, որ Ռուսաստանի հարցում ոչ այնքան շատ գիտելիքներ ունեցող Արեւմուտքում եւ ոչ միայն Արեւմուտքում, նույնիսկ Հայաստանում, շատերն ապրում են ինֆորմացիոն մակերեսային սիմվոլիզմի եւ միֆերի աշխարհում։ Նույն լույսի ներքո, պատահական չպետք է համարել, որ նախքան Պրիգոժինը, այսպես ասած՝ «վնասազերծվեց» նաեւ Ստրելկովը։ Ռուսական էլիտայի որոշակի խմբի համար այս երկու «հեռացումները» լավ «ապրանք» են Արեւմուտքին «վաճառելու» եւ դրա հիմքի վրա՝ բանակցություններ սկսելու համար։ Իհարկե, այս դեպքում Ուկրաինայի հարցով բարձրաձայնված նպատակները գուցե եւ ամբողջապես չիրագործվեն, սակայն այն, ինչ ձեռք է բերվել, արդեն հավիտենապես կմնա ռուսական հսկողության ներքո։