Ինչպես ճիշտ աշխատել «Տելեգրամում»․ մի քանի օգտակար խորհուրդ

Ինչպես ճիշտ աշխատել «Տելեգրամում»․ մի քանի օգտակար խորհուրդ

Մեզանից շատերի համար առօրյայի մաս է դարձել օրվա լրահոսին տելեգրամյան ալիքներից ծանոթանալը։ Շատերս բաժանորդագրված ենք առնվազն մի քանի՝ մեզ համար վստահելի ալիքների եւ պարբերաբար հետեւում ենք այդ ալիքների թարմացումներին։ Տելեգրամյան ալիքներն, ըստ էության, մեզ համար տեղեկատվության ստացման (մասնագիտական շրջանակների համար նաեւ՝ փոխանցման) աղբյուր են հանդիսանում։ Ինչպես զարգացնել տելեգրամյան ալիքը, եթե ինքներդ որոշել եք ունենալ ձեր սեփական տելեգրամյան հարթակը կամ ալիքը։
Առաջին հերթին նախ պետք է ինքներդ ձեզ համար հստակ սահմանեք, թե ձեր ալիքում ինչի մասին եք գրելու։ Հետո արդեն՝ պետք է գտնեք ձեր թիրախային լսարանը, այսինքն՝ այն անձանց, որոնց կհետաքրքրեն ձեր ալիքում տեղ գտած հրապարակումները եւ որոնք կուզենան բաժանորդագրվել ձեր ալիքին։

Հիշեք, որ «Տելեգրամում» ահռելի թվով ալիքներ կան եւ ձեր հաջորդ, գուցե եւ՝ ամենից կարեւոր խնդիրներից մեկն այն է, որ պետք է այնպես աշխատեք ձեր ալիքում, որպեսզի թիրախային լսարանի մոտ հետաքրքրությունը ալիքի հանդեպ պահպանվի։ Սա ենթադրում է թիրախային լսարանի հետ գրագետ աշխատանք եւ նաեւ՝ թիրախային լսարանի լավ ճանաչողություն։ Սեփական լսարանի ճանաչողության հարցում կարեւոր է նաեւ այդ լսարանի հոգեբանական առանձնահատկություններին փոքրիշատե ծանոթ լինելը։ Բանն այն է, որ մարդկային ուղեղը աշխատում է «սելեկտիվ ընկալման» սկզբունքով։ Այսինքն՝ ունենալով տեղեկատվության մշակման սահմանափակ ռեսուրսներ, մեր ուղեղը իր համար մշակում է այնպիսի մեխանիզմներ, որոնց օգնությամբ առանձնացնում է տվյալների հոսքից իր համար հետաքրքրություն ներկայացնողները։ Ավելի պարզ ասած՝ մենք ուշադրություն ենք դարձնում մեզ հասանելի տվյալների, տեղեկությունների միայն այն մասին, որոնք համարում ենք կարեւոր, նշանակալից։ Դա օգնում է մեզ ձեւավորելու տեղեկատվական հոսքերն ու կենտրոնանալ դրա առանցքային ասպեկտների վրա։ Այսօր գիտության մեջ առկա տեսություններից մեկի համաձայն, մարդկային ուղեղը տեղեկատվությունը մշակում, զտում եւ ընկալում է ըստ հետեւյալ փուլերի՝ 

1․ անխտիր ֆիլտրում, երբ տեղեկատվությունը ֆիլտրվում է ֆիզիկական բնութագրիչների հիման վրա, ինչպես օրինակ՝ ձայնի բարձրության, պատկերի վառ գունային գամմայի առկայության եւ այլնի: 
2․ ընտրովի ֆիլտր, որն ավելի խորքային ֆիլտրացիա է, հիմնված տեղեկատվության իմաստի կամ նշանակության վրա։ Ֆիլտրացիայի այս փուլում անհրաժեշտ է ակտիվ ուշադրության առկայությունը։ 
Վերեւում ասվածը նկատի ունենալով, պետք է ուշադրություն դարձնել ձեր տելեգրամյան ալիքի հետեւյալ ասպեկտներին՝

 • Դիզայն․ - Լսարանի ուշադրությունը գրավելու համար հարկավոր է կիրառել վառ եւ նկատելի տարրեր, որոնք այլ տեղեկատվության ֆոնին կառանձնանան, աչքի կընկնեն։ Դա կարող է լինել վառ լուսանկարը, առանձնացված վերնագիրը, առանցքային բառը։ Այս կերպ ձեր ներկայացրած բովանդակությունը կլինի ավելի նկատելի ձեր լսարանի համար։ 

• Տեղեկատվության կառուցակարգում․ - Եթե ձեր ալիքում օրվա մեջ շատ տեղեկատվություն է ներկայացվում, ապա նախընտրելի է, որ այն այնպես կառուցեք, որպեսզի ամենից կարեւորն ակնբախ լինի հենց առաջին հայացքից։

• Ակցենտներ․ - Եթե ցանկանում եք կոնկրետ պրոդուկտի վրա ուշադրություն սեւեռել կամ, օրինակ, անցկացնում եք հարցում, ապա այնպես արեք, որ այն լինի շատ ավելի նկատելի եւ զատվի որեւէ հատկանիշով։ 

• Ինտերակտիվություն – Լսարանի ուշադրությունը գրավելու հաջորդ գործոնը ինտերակտիվությունն է, այսինքն՝ լսարանի ակտիվ մասնակցությունը։ Դա կարող է լինել մեկնաբանություն թողնելու հնարավորությունը, որով լսարանը կարող է կոնկրետ տեղեկատվության առնչությամբ իր դիրքորոշումը, կարծիքն արտահայտել։ Այս դեպքում նկատենք, որ պետք է անընդհատ հետեւեք, որպեսզի մեկնաբանությունները չհատեն օրենքի սահմանները եւ խնդրահարույց չլինեն։ 

• Սեգմենտացիա․ - Նույնիսկ ունենալով լսարան, ձեր ալիքում տեղ գտած հրապարակումները բաժանեք խմբերի, հաշվի առնելով, թե լսարանի ենթախմբերից որը ինչի վրա է հատկապես ուշադրություն դարձնում։ Սա հնարավորություն կտա առավելագույնս արդյունավետ աշխատել, լսարանի կամ թիրախային խմբի ներսում եղած ենթախմբերի հետ։

Արամ Յանին