Պատերազմից առաջ թույլ տրված սխալների համար պատասխանատվություն չի կրում

Պատերազմից առաջ թույլ տրված սխալների համար պատասխանատվություն չի կրում

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը պատերազմում մեր պարտության թիվ մեկ պատասխանատու Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամներից տարբերվում է ոչ միայն իր բարձր հասակով, այլեւ արտահայտած մտքերով։ Օրինակ՝ նա կարծում է, որ պարգեւավճար պետք չէ ստանալ։

 - Պարոն Առաքելյան, այս կառավարությունում երեւի միակ մարդն եք, որ կարծում եք՝ պարգեւավճար պետք չէ ստանալ, դիսկոմֆորտ չէ՞ Ձեզ համար այդ առումով։

- Կարծիքների բախում է, տարբեր մոտեցումներ են, այս մասով եւ բազմաթիվ հարցերով հնարավոր է ես ունենամ այլ կարծիք, որեւիցե դիսկոմֆորտ չկա, կարծում եմ՝ այն մոտեցումները, որ կան, իմ կողմից հրապարակային են, եւ այն աշխատանքը, որ նախարարությունում իրականացնում ենք, նաեւ այդ սկզբունքների հիման վրա է, որովհետեւ ես կարծում եմ՝ նախարարության աշխատակիցները նույնպես գիտակցում են, որ այս պահին այն խնդիրները, որ երկրի առջեւ դրված են, պետք է հավելյալ ուժով եւ հավելյալ էներգիայով աշխատենք։

- Իսկ դիսկոմֆորտ չկա՞, որ ձեր կառավարության թույլ տված սխալների պատճառով քննադատում են ամբողջ թիմին, որի մեջ նաեւ Դուք եք մտնում։ Կամ՝ դիսկոմֆորտ չկա՞ նաեւ նրա համար, որ շարունակում են Նիկոլ Փաշինյանին մեղադրել դավաճանության, Արցախը հանձնելու, հակահայկական քաղաքականության մեջ, եւ Դուք հիմա, փաստորեն, այդ թիմի մաս եք կազմում։

- Այն պատասխանատվությունը, որ ես ստանձնել եմ սոցիալական ոլորտում, առնվազն անում եմ առավելագույնը հետպատերազմական իրավիճակում խնդիրները կարգավորելու համար։ Գնահատական ես չեմ պատրաստվում տալ, քանի որ այն, ինչ անում ենք, դա նվազագույնն է պատերազմի հետեւանքով տուժած քաղաքացիների համար։ Այսինքն՝ որեւիցե շնորհակալության կամ երախտապարտության ակնկալիք չունենք, դա իմ պարտականությունն է, որ ես, որպես ոլորտի նախարար, անում եմ։

- Կամիկաձեի կարգավիճակով եք, փաստորեն, եկել նախարար դարձել, եւ եթե վաղը այս իշխանությունները հեռանան, ինչ-որ գործընթացներ սկսվեն, եւ պարզվի՝ դավաճանություն է եղել այս կառավարության կողմից, Դուք պատրա՞ստ եք պատասխանատվություն կրել դրա համար։

- Այն չափով, ինչ չափով որ կվստահվի, որ ես շարունակեմ իմ աշխատանքը, յուրաքանչյուր օր նույն եռանդով շարունակում է աշխատել նաեւ մեր թիմը, եւ առաջին օրվանից, երբ զբաղեցրել եմ այս պաշտոնը, ունեցել եմ այն համոզմունքը, որ իմ աշխատանքը՝ որպես նախարար, անհրաժեշտ է, քանի որ հետպատերազմական իրավիճակում յուրաքանչյուր կորցրած օր բերելու է նաեւ սոցիալական եւ այլ խնդիրների։ Հետեւաբար, այնքան, ինչքան կաշխատեմ, ինչքան կվստահվի ինձ այս պաշտոնը, նույնիսկ մինչեւ այս պահը իմ կատարած աշխատանքի մասով իմ խիղճը հանգիստ է։

- Գուցե Դուք իսկապես հայրենասիրական մղումներից ելնելով եք եկել այս կառավարություն, բայց Դուք եկաք եւ մաս կազմեցիք մի թիմի, որին այսօր մեղադրում են դավաճանության, Արցախը հանձնելու եւ ոչ հայրենասիրական քայլերի մեջ։ Ուստի, երբ Դուք նշանակվում էիք այս պաշտոնին, գիտակցո՞ւմ էիք, որ այդ խարանը նաեւ Ձեզ է դիպչելու։

- Ես գիտակցում եմ, որ պատերազմի արդյունքում մենք ունեցել ենք ողբերգություն, որը որեւիցե ձեւով հնարավոր չէ հերքել, որ տեղի ունեցած իրադարձությունները ողբերգություն են։

- Իսկ ո՞վ է այդ ողբերգության թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն։

- Պատասխանատուն, կոնկրետ ես ասում եմ, որ մենք պատերազմը պարտվել ենք, դա ակնհայտ է։

- Բայց Փաշինյանն ասում էր՝ ինչ էլ որ լինի, մենք մեզ պարտված չենք զգալու։ Դուք Ձեզ պարտված զգո՞ւմ եք։

- Պատերազմը, այո, մենք պարտվել ենք, սակայն այն քայլերը, որ առնվազն ես փորձում եմ իրականացնել, միտված են ապագային, մասնավորապես՝ Արցախի ապագային, եւ կարծում եմ, որ այն աշխատանքները, որ կատարում ենք, այս տեմպը պահպանելու դեպքում մենք կունենանք հնարավորություն՝ Արցախը դարձնելու ավելի լավը, քան կար։

- Դուք քաղաքական պաշտոն եք զբաղեցնում, իսկ քաղաքական պատասխանատվություն կիսո՞ւմ եք այս կառավարության բոլոր քայլերի համար։

- Կառավարության գործունեության համար, բնական է, կառավարության անդամները կիսում են, եւ այն հարցերի շուրջ, որ ունեմ տարբեր տեսակետներ, ներկայացնում եմ կառավարության նիստերին իմ մտահոգությունները։

- Այսինքն, եթե վաղը պարզվի, որ այս կառավարության կողմից դավաճանություն է տեղի ունեցել, եւ նրանք միտումնավոր հանձնել են Արցախը, եւ այսքան զոհ այս կառավարության պատճառով ենք տվել, Դուք դրա պատասխանատվությունը պատրա՞ստ եք կրել։

- Տեսեք, կառավարության պատասխանատվությունը ես կիսում եմ կառավարության գործունեության շրջանակներում։ Եթե կառավարությունում այս գործունեության շրջանակներում այն քայլերը, որոնք իրականացվում են, եւ հետագայում կպարզվի, որ դրանցում կան խնդիրներ, այդ գործունեության մասով կրում եմ։ Բայց նախկինում, պատերազմի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասով, կարծում եմ, իրավապահ մարմինները կտան համապատասխան գնահատականներ։

- Մինչեւ պատերազմը չեք կրում, այսինքն։

- Կառավարության գործունեության նախարարները  պատասխանատվություն կրում են այն ընթացքում, որ ընթացքում պաշտոնավարել են։

- Ի դեպ, դժգոհություն կա, որ Ձեր նախարարությունում բարձիթողի վիճակ է, աշխատակիցները նորմալ չեն գալիս աշխատանքի, խստություն չկա, եւ շատերը հիշում են Արտեմ Ասատրյանի ղեկավարման տարիները, թե ինչ կարգուկանոն էր տիրում նրա օրոք։

- Չեմ բացառում, որ հնարավոր է որոշակի խնդիրներ լինեն, որովհետեւ, անկեղծ ասած, նախարար դառնալուց հետո մինչեւ օրս իմ աշխատանքային առաջարկություններն ուղղված են նաեւ Արցախի սոցիալական խնդիրների կարգավորմանը, եւ այդ տեսանկյունից նախարարության բնականոն աշխատանքները մի փոքր այլ են, մասնավորապես՝ հիմնականում կենտրոնացած են այս ծրագրերի վրա։ Բայց եթե ինչ-որ առանձին աշխատանքային խնդիրներ կան, բնական է, մեծ թիմ է, փորձում ենք կարգավորել։