«Հրապարակ». Մինչեւ 2020 թվականը Բաքվում էլ Հայաստանի դրոշն էին այրում

«Հրապարակ». Մինչեւ 2020 թվականը Բաքվում էլ Հայաստանի դրոշն էին այրում

«Հրապարակի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

- Պարոն Բոզոյան, արդեն մի քանի օր է՝ հասարակությունը քննարկում է դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանի` ադրբեջանական դրոշն այրելու դեպքը: Հասարակությունը բաժանվել է երկու հակադիր խմբի` մի մասը պնդում է, թե Նիկոլյանի քայլն արժանապատիվ ու տեղին քայլ է, անգամ ոմանք նրան հերոսացնում են, մյուս մասն էլ կարծում է, որ ոճաբանը միջազգային հանրության առաջ «սեւացրել» է Հայաստանը, հեղինակազրկել հայ ժողովրդին, վնասել մեր պետությանը:

- Աշխարհում առհասարակ դրոշներ այրում են այն երկրները, որոնք պարտվել են հակառակորդին: Օրինակ` արաբներն այրում են Միացյալ Նահանգների ու Իսրայելի դրոշը, Թուրքիայում այրում են ԱՄՆ-ի դրոշը, Իրանում երբեմն Միացյալ Նահանգների, երբեմն էլ Իսրայելի դրոշն են այրում: Ուկրաինայում եւ Վրաստանում էլ Ռուսաստանի դրոշն են այրում: Մեզ մոտ ավանդաբար ապրիլի 23-ին այրում են Թուրքիայի դրոշը: Դրոշ այրելը խոսում է այն մասին, որ այրողը պարտվել է իր հակառակորդին, չի կարողանում նրանից վրեժ լուծել ու դրոշ է այրում: Եթե հիշում եք, նախքան 2020 թվականը Բաքվում էլ Հայաստանի դրոշն էին այրում: Այրում էին, որովհետեւ Ադրբեջանը պարտված կողմն էր, Հայաստանը` հաղթող: Նիկոլ Փաշինյանը հինգ տարվա ընթացքում հաղթող ժողովրդին դարձրեց պարտված: Ստացվում է, որ հայ ժողովուրդը ռեւանշի միջոցով չի կարողանում վերականգնել կորցրածը եւ նյարդային վիճակում նման քայլերի է դիմում: Վերջին օրերին էլ զոհեր ու վիրավորներ ունեցանք: Ադրբեջանը կուկուռուզի պես կրծում է Հայաստանը: Նման պայմաններում, երբ Հայաստանը նման միջոցառումներ է կազմակերպում՝ Ադրբեջանի պատվիրակներին Հայաստան բերելով, հասարակության մոտ զայրույթ է առաջանում: Իհարկե, այդ երեւույթները միջազգային հարթակներում ընդունելի չեն, սակայն մեղավորն իշխանություններն են, որովհետեւ չեն ուզում գիտակցել, թե իրականում ինչ է կատարվում: Հայաստանի այսօրվա իրականությունն անտեսելը ինքնախաբեություն է: Մեր ժողովրդին բոլոր առումներով են խաբել` հենց սկզբից: Նախ ասացին, որ 2018-ին տեղի է ունեցել սիրո եւ հանդուրժողականության հեղափոխություն, սակայն իրականում տեղի է ունեցել պառակտման ու կործանման հեղափոխություն: Այս մարդիկ հայտարարեցին, որ դուխով հաղթանակներ կարձանագրեն, սակայն մսխեցին եղած բոլոր հաղթանակները: Մեզ խոստանում են խաղաղություն, սակայն խաղաղության փոխարեն պատերազմ ենք տեսնում:

- Արամ Նիկոլյանի քայլին ի՞նչ գնահատական կտաք:

- Արամ Նիկոլյանի քայլը հուսահատության քայլ էր: Հուսահատությունն էլ իր հերթին կապում եմ այս իշխանությունների ու նրանց գործողությունների հետ: Սրանք մեր ժողովրդին սարքել են պարտված ժողովուրդ, կոտրել են արժանապատվությունը: Օտարել են մեր դաշնակիցներին, եւ մենք դարձել ենք վախեցած ու հուսահատ ժողովուրդ, որն այսօր կանգնած է անվտանգության մեծ սպառնալիքի առաջ: Նման պայմաններում պետք չէ անտեսել իրականությունն ու ինչ-որ այլ գործողությունների դիմել: Հասարակության զայրույթն ու հուսահատությունը տեղին են: Իհարկե, զայրույթի նման դրսեւորումները խիզախություն համարել պետք չէ, այն ողբերգություն է, որովհետեւ հուսահատության արդյունք է: Ուժեղ ժողովուրդները դրոշ չեն վառում: Օրինակ՝ ԱՄՆ-ում կամ Ռուսաստանում երբեք դրոշ չեն վառել: Պետք է այս իշխանություններին պատմության աղբանոց ուղարկել, որպեսզի ձեւավորենք ուժեղ պետություն եւ այնպես անենք, որ այլ երկրների դրոշներ վառելու խնդիր այլեւս չունենանք:

- Օրվա իշխանություններն ի՞նչ պետք է անեին՝ նման իրավիճակից խուսափելու համար:

- Իշխանությունները նման պայմաններում, երբ Ադրբեջանը մեր տարածքներն է գրավում, արդյունքում անվերջ զոհեր ու կորուստներ ենք ունենում, պետք է կարողանային այնպես անել, որ այսօրվան չհասնեինք: Կան ընտանիքներ, որոնք անգամ իրենց որդիների մարմինները չեն կարողացել թաղել: Նման պայմաններում հասարակության զայրույթը տեղին է: