Մտորումներ՝ զորամասում տեղի ունեցած ողբերգական հրդեհի ֆոնին

Մտորումներ՝ զորամասում տեղի ունեցած ողբերգական հրդեհի ֆոնին

Լինում են դեպքեր, երբ դժոխքը չափազանց տեսանելի, չափազանց շոշափելի ու չափազանց զգալի է լինում․․․ Երեկ առավոտյան երեւի թե չկար մի հայ, որ այսօրինակ զգացողություններ չունենար՝ լսելով, որ մոտ երկու տասնյակ երիտասարդ՝ ժամկետային զինծառայող, գիշերը հրդեհի զոհ է դարձել, մի քանիսն էլ տարբեր ծանրության այրվածքներով հոսպիտալացվել են, որոնցից երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Ու թվում է, թե դժոխքի մոտիկության կամ դժոխքում գտնվելու զգացողությունը մեզ համար դարձել է շարվեշարան առօրյա, ու թունելի ծայրի լույսը չի երեւում։ Տեղի ունեցածն առաջին հերթին մարդկային մեծագույն ողբերգություն է։ Ու նաեւ՝ բազմաթիվ հարցեր առաջացնող դեպք։ Ու հարցերի, մեղադրանքների առաջին պատասխանատուն իշխանությունն է՝ երկրի առաջին դեմքերով՝ նախագահով, վարչապետով, Պնախարարով, ԳՇ պետով ու մնացած բոլորով հանդերձ։

Առհասարակ, երկրում ինչ կատարվի, դրական կամ բացասական, իշխանությունն է պատասխանատուն, ու հարցադրումները հենց իշխանությանն ու անձամբ Նիկոլ Փաշինյանին, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, ԳՇ պետին ու մեր հարկերի հաշվին առավել քան բարեկեցիկ ու ճոխ ապրող մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին են ուղղվելու։ Հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների արյունն ու այդ արյան անեծքն առաջին հերթին հենց նրանց վրա են։ Ուզեն կամ չուզեն, չեն կարող խուսափել, որովհետեւ դա կյանքի օրենքն է՝ պատասխանատուն իրենք են։ Սակայն հարցն այլ խորքային ծալքեր էլ ունի։

Իրականում մենք՝ որպես ազգ, որպես ժողովուրդ, օրենք չսիրող, կարգ ու կանոն չպահպանող հանրություն ենք։ Չէ, իհարկե, ուրիշի «մահակի տակ» լավ էլ կարգ ու կանոնով ապրում ենք, լավ էլ օրինապահ ենք։ Սակայն մեր երկրում՝ ոչ։ Մեծ հաշվով, մենք՝ ինքներս, մեզ, մերիններին ու մեր երկիրը, մեր հայրենիքը, մեր ազգակցին չսիրող ու երկիրը, հայրենիքն ու մեր ազգակցին մերը, հարազատը չհամարող ազգ ու ժողովուրդ ենք։ Դրա համար էլ այս օրին ենք։ Ինչո՞ւ՝ կհարցնեք։ Որովհետեւ եթե այսպես չլիներ, հիմա մենք պահանջատեր կլինեինք, որ դեռ տասնամյակներ առաջ Հայաստանի բոլոր զորամասերում կենտրոնական ջեռուցում լինի, պահանջատեր կլինեինք, որ բանակում ոչ կանոնադրական, հակաօրինական, իրավախախտային երեւույթներ չլինեին։

Կպահանջեինք ու կստիպեինք, որ իշխանությունները՝ լինեն ներկա, նախկին, վաղնջական թե այլ, իրապես թափանցիկ ու հաշվետու կերպով աշխատեն, ու իշխանություններն էլ կվախենային իրենց «սխալ պահելուց», որովհետեւ կիմանային, որ իրենց առջեւ կա հասարակություն, որը քաղաքացիներից է կազմված առաջին հերթին, որոնք պարզապես կարող են ոտքի կանգնել ու փոխել իրենց։ Իսրայելում վարչապետի կինը ոչ անձնական միջոցներով թանկարժեք ռեստորանից ընդամենը մի քանի անգամ ուտելիքի պատվեր էր կատարել եւ ոչ թե տնային պայմաններում ինքը պատրաստել, քրեական գործ բացեցին, խայտառակեցին, ու մինչեւ հիմա դեռ քննություն է գնում։

Ճապոնիայում եթե նման բան տեղի ունենար, ինչ այսօր եղավ Հայաստանում, ոլորտային նախարարը երջանիկ կլիներ, եթե կայսրն իրեն «խարակիրի» անելու իրավունքից չզրկեր, որովհետեւ նման դեպքում ինքնասպանությունն ավելի արժանապատիվ է «ճշմարիտ սամուրայի համար», քան նման անպատվությամբ ու խարանով ապրելը, անկախ թիկնազորի թվից։ Ու բացի այդ, մենք մի քիչ էլ ամեն ինչ «հետողորմյայով» ենք հասկանում։ Մեզ պետք էր Սպիտակի աղետալի երկրաշարժ՝ իր 25 հազար ու ավելի զոհերով, որպեսզի հասկանայինք վերջապես, որ սեյսմիկ վտանգավոր գոտում ենք ապրում, ու պետք է բարեխղճորեն շինարարություն ծավալել, պարզ ասած՝ ցեմենտն ու ամրանները չգողանալ ու չծախել, որ հետո շենքերը փուլ չգան մեր իսկ գլխին։ Մեզ պետք էր 44-օրյա պատերազմ, որպեսզի հասկանայինք, որ «միֆերով» ենք ապրել, ու աշխարհը մեր բախտն ու ճակատագիրն այլ կերպ է տնօրինել։

Մեզ, ի վերջո, պետք էր Նիկոլ Փաշինյան՝ երկրի ղեկավար, որպեսզի հասկանայինք, որ ցույցերը լավ են միայն «գոլորշի բաց թողնելու» համար, եւ պոպուլիստ ընդդիմությունն էլ լավ է, որ լինի, բայց միայն խորհրդարանում, այլ ոչ թե որպես իշխանություն (թեեւ շատ մեծ հարց է՝ հասկացե՞լ ենք վերջնականապես, թե՞ ոչ)։ Հայրենասիրությունն էլ մեզ համար կենացներն ու ճառերն են եւ ոչ թե սեփական երկրում, սեփական պետության մեջ որպես օրինապահ ու օրինահարգ քաղաքացի ապրելը։ Ու հիմա եկել հասել ենք մի վտանգավոր կետի, երբ դեռ չենք հասկացել ազգային պետականության արժեքը։

Տա Աստված, որ հանկարծ այդ արժեքը չհասկանանք ազգային պետականությունը կորցնելու գնով։ Դա կլինի ամեն բանի վերջը։ Չէ՞ որ ոչ բոլոր ժողովուրդներին է շնորհված պետականություն ունենալը։ Քառասուն միլիոն քուրդ հարյուր տարի պայքարում է, բայց սեփական պետություն չունի, եւ քիչ հավանական է, որ երբեւէ կունենա։

Աստված թող լուսավորի հրդեհին զոհ գնացած մեր զինծառայողների անմեղ հոգիներն ու մխիթարություն տա նրանց ընտանիքներին, հարազատներին եւ մտերիմներին։