Ալիեւը կփորձի Նախիջեւանում ամրացնել դիրքերը

Ալիեւը կփորձի Նախիջեւանում ամրացնել դիրքերը

Նախօրեին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության ղեկավար Վասիֆ Թալիբովը հրաժարական է տվել՝ 27 տարի իշխանության ղեկին մնալուց հետո։ Ասել է թե՝ Նախիջեւանի խանը հեռանում է պաշտոնից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Նախիջեւանում սկսել է գործել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի լիազոր ներկայացուցչի գրասենյակը։ Սա, իհարկե, բավականին հետաքրքիր նորություն էր։

Բանն այն է, որ Վասիֆ Թալիբովը համարվում է ադրբեջանական քաղաքական գվարդիայի՝ «հին գվարդիայի» ներկայացուցիչներից՝ Իլհամ Ալիեւի հոր՝ Հեյդար Ալիեւի կադրերից մեկը։ Նա նշանակվել էր Նախիջեւանի ԻՀ ղեկավար Հեյդար Ալիեւի կողմից՝ նրա՝ ԽՍՀՄ Կենտկոմում աշխատելուց եւ Բաքու վերադարձից հետո։ Այս առումով հասկանալի է, թե ինչու Հեյդարի որդի Իլհամ Ալիեւը բավականին հարգալից էր Թալիբովի հանդեպ եւ թույլ տվեց, որ նա պաշտոնավարի համարյա երեսուն տարի։ Սակայն, մյուս կողմից, Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը չէր կարող մնալ այն վիճակում, որպիսին այժմ է, ու դրա համար էլ այնտեղ նման փոփոխություններ եղան։

Նախիջեւանը, առհասարակ, բավական յուրահատուկ տարածաշրջան է Ադրբեջան պետության համար եւ այդ յուրահատկությամբ կարող է ապագայում, հաշվի առնելով հիմնական ադրբեջանական տարածքներից կտրվածությունը, բավականին խնդիրների պատճառ դառնալ։

Ուստի կարելի է հասկանալ, թե ինչու է Ալիեւը որոշել հնարավորինս արագ այնտեղ, այսպես ասած, կարգուկանոն հաստատել։ Ի վերջո, ինքնավար այդ հանրապետությունն առավել շատ հաղորդակցվում է Թուրքիայի եւ հատկապես Իրանի հետ, քան բուն մետրոպոլիայի՝ Ադրբեջանի, իսկ ադրբեջանա-իրանական հարաբերությունների ներկայիս ոչ այնքան բարենպաստ փուլում, հասկանալի է, որ Բաքուն բավականին անհանգստանալու կարիք ունի։ Կարող ենք ենթադրել, որ Բաքուն կփորձի ավելի ամրացնել դիրքերը Նախիջեւանում՝ այն ուղղակիորեն ենթարկելով իրեն եւ փորձելով չեզոքացնել տարատեսակ ազդեցությունները։

Ի դեպ, վերջին շրջանում Նախիջեւանում նաեւ անջատողական տրամադրություններ են հայտնվել՝ ոմանք բարձրացնում են Ադրբեջանի կազմից Նախիջեւանի դուրս գալու հարցը։ Գուցե նաեւ սա է պատճառը, որ հարկավոր է փոխել Նախիջեւանի ղեկավարին՝ ավելի երիտասարդ եւ եռանդուն մեկին կարգել, որ Բաքվի հետ կապն ավելի ամուր լինի, եւ անջատողական տրամադրություններն էլ նահանջեն։