Ինչ կարող է լինել, եթե Լաչինի միջանցքը բացվի Էրդողանի միջամտությամբ

Ինչ կարող է լինել, եթե Լաչինի միջանցքը բացվի Էրդողանի միջամտությամբ

Պոլսում հրատարակվող հայկական հնագույն պարբերականներից մեկի՝ «ԱԳՕՍ»-ի փոխանցման համաձայն, Թուրքիայի պառլամենտի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը դիմել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին՝ կոչ անելով «պատասխանատվություն ստանձնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը դադարեցնելու համար»։ Փայլանը նշել է, որ եթե Կովկասում խաղաղություն եւ անդորր հաստատվի, եւ կանխվեն բախումներն ու լարվածությունը, ապա դա նաեւ Թուրքիայի համար օգտավետ կլինի։

«Եթե Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամի վերացման ուղղությամբ բոլորս միասին պատասխանատվություն ստանձնենք, ապա ե՛ւ Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացում, ե՛ւ Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացում դրական օրակարգի կարող ենք վերադառնալ»,- շեշտել է Կարո Փայլանը։ Ուշագրավ է այն, որ Փայլանն այս մասին հայտարարում է այն ժամանակ, երբ նախօրեից սկսած հայտնի դարձավ, որ Թուրքիայում առաջարկել են Էրդողանին ներկայացնել խաղաղության Նոբելյան մրցանակի։ Փայլանը, իհարկե, սխալ չէ իր հայտարարությամբ։ Սակայն նաեւ հարկ է նրա միտքը լրացնել։ Մինչ այս պահը, ըստ էության, Ռուսաստանը չի կարողանում կարգավորել Հայաստանը Ղարաբաղին կապող միջանցքի բացման հարցը։ Հայաստանում բավականին լուրջ հակառուսական տրամադրություններ կան, որոնք նաեւ անընդհատ գեներացվում են։ Մյուս կողմից, եթե հավատանք ռուսական քաղաքագիտական շրջանակներին, Թուրքիայի համար Հայաստանը կարեւոր է, որովհետեւ Հայաստանի վրայով Թուրքիան ցանկանում է կապ ապահովել էներգակիրներով հարուստ Կենտրոնական Ասիայի երկրների հետ։

Եվ, ուրեմն, եթե, օրինակ, Էրդողանի միջամտությամբ Բաքուն վերացնի Լաչինի միջանցքի շրջափակումը, ապա Անկարայի համար դա մեկ կրակոցով մի քանի «նապաստակ» որսալ կլինի։ Նախ, որ Էրդողանը կավելացնի իր հեղինակությունը Հարավային Կովկասում, ներհայաստանյան դաշտում կփորձի իր համար դրական իմիջի ձեւավորման համար հիմքեր ստեղծել (դա դեռեւս անվանենք «վստահության մթնոլորտի ձեւավորում»), կհասկացնի Ռուսաստանին, որ Անկարան ավելի կենսունակ է Հարավային Կովկասում, քան Մոսկվան, եւ նաեւ ապագայում նախադրյալներ կունենա՝ ավելի ուժեղացնելու իր դիրքերն ընդհանուր միջազգային քաղաքականության մեջ։ Հիշեցնենք, որ Էրդողանն ունի անթաքույց հավակնություն՝ միջազգային քաղաքականության մեջ, եթե ոչ առաջին, ապա գոնե երկրորդ դիվիզիոնում «խաղալու»։