Ինձանով Մարտի 1-ի բացահայտում բացառում եմ

Ինձանով Մարտի 1-ի բացահայտում բացառում եմ

Հատուկ քննչական ծառայությունը երեկ որոշում է կայացրել Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավել նաեւ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին: Կոստանյանը 2008-ի Մարտի 1-ին զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը։ Նա մի քանի ամիս է՝ գտնվում է արտերկրում, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում, ուստի ՀՔԾ-ն նրան 48 ժամ է տվել՝ վերադառնալու համար, որ մեղադրանք առաջադրեն, սակայն Կոստանյանը երեկ հայտարարել է, որ կվերադառնա, երբ այնտեղ իր դասախոսություններն ավարտվեն։

Սրանից ամիսներ առաջ էլ ՀՔԾ-ն նույն գործով մեղադրանք էր առաջադրել նաեւ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին։ Կոստանյանն ու Սարգսյանն այս հարցում նույն «գծի» մեջ են հայտնվել։ ՀՔԾ-ն նրանց մեղադրում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելով պաշտոնական կեղծիք կատարելու, մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ կատարված հանցագործության հետքերը եւ իրադարձությունների իրական հանգամանքները թաքցնելու մեջ։ Եթե կարճ ձեւակերպենք, ապա, ըստ մեղադրանքի՝ Կոստանյանն ու այն ժամանակ ՀՀ նախագահի մեկ այլ խորհրդական՝ Գեւորգ Մհերյանն են հրահանգել Ալիկ Սարգսյանին, որ թաքցնի հանցագործության հետքերը՝ կեղծելով մի շարք փաստաթղթեր։

Մհերյանը, հիշեցնենք, սպանվել է 2009 թ․ փետրվարին՝ իր տան շքամուտքում։ Կոստանյանը մեզ հետ զրույցում զարմացավ, նախ ասաց, որ իրեն առաջադրվելիք մեղադրանքն էլ, ըստ էության, նույն հոդվածներով է, ինչ Ալիկ Սարգսյանի դեպքում։ Իսկ ինչ վերաբերում է իր կողմից նախկին ոստիկանապետին հանձնարարություններ տալուն, Կոստանյանը կրկին զարմանում է․ «Ինչպե՞ս կարող է արդարադատության նախարարի տեղակալը հանձնարարություններ տալ ոստիկանապետին»։ Բայց չհերքեց, որ խորհրդակցություններ են անցկացրել՝ դրանք համարելով բնականոն երեւույթ, եւ հիշեցնելով, որ մարտի 1-ից հետո եվրոպական կառույցներից ներկայացուցիչներ էին ժամանել Հայաստան, որոնց հետ պարբերաբար խորհրդակցություններ էին անցկացնում։

Ալիկ Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն սեպտեմբերին են մեղադրանք առաջադրել, մի անգամ կանչել են հարցաքննության, ապա խափանման միջոց են կիրառել՝ ստորագրությունը երկրից չհեռանալու մասին, ու մինչ օրս այլեւս որեւէ գործողություն չեն իրականացրել։

«Չգիտեմ՝ ում էր թվում, որ ես պիտի երկրից փախչեմ, չգիտեմ՝ ով է իրենց թույլ տալիս տենց բան մտածի իմ մասին։ Առայժմ ոչ մի հարցի պատասխան չունեմ, մինչեւ համբերենք, տեսնենք՝ ինչ է լինում»,- ասաց պարոն Սարգսյանը։

Ինչ վերաբերում է Կոստանյանի առնչությանն այս գործին ու վերը նշված հանձնարարություններին, նախկին ոստիկանապետն ասաց․ «Գեւորգ Կոստանյանը որեւիցե կերպ կապ չունի իմ հետ էս գործում, չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, իբր եկել՝ ոստիկանությունում խորհրդակցության է մասնակցել, չգիտեմ․․․ ե՛ւ հերքում եմ, ե՛ւ չեմ բացառում, չգիտեմ, հնարավոր է եկած լինի, որովհետեւ էդ ժամանակ եվրոպական կառույցներից ամբողջ օրը գալիս էին, Գեւորգ Կոստանյանը միշտ նրանց հետ էր լինում ոնց որ, հանձնարարությունը գալիս էր կա՛մ Գեւորգ Մհերյանի, կա՛մ Կոստանյանի միջոցով, եթե հարցերի պատասխան էին ուզում։ Հնարավոր է՝ մասնակցած լինի, չեմ բացառում, թեկուզ չեմ հիշում ես նման բան»։

- Իսկ որեւէ հանձնարարական տվե՞լ է Ձեզ Գեւորգ Կոստանյանը։

- Ինձ որեւէ հանձնարարական որեւիցե մեկը չի տվել, ինչքան էլ Ձեզ դա անհավանական թվա։ Ամեն դեպքում հավատացեք, ինձ որեւիցե մեկը հանձնարարական չի տվել, մանավանդ ինչ-որ փաստաթղթեր կեղծելու, չգիտեմ, ուղղորդելու․․․ դա բացառված է, ես երբեք նման բան չեմ արել, դա ինձնից հեռու է։

- Իսկ մարտի 1-ին եւ 2-ին ոստիկանների կողմից, ըստ Ձեզ, եղե՞լ են այնպիսի գործողություններ, որոնք արժեր թաքցնել, ցույց չտալ, որովհետեւ հետո դրանք կարող էին իրավական առումով խնդիրներ առաջացնել։

- Ես չեմ կարծում, որ նման գործողություններ եղել են։ Ես էն ժամանակ էլ էի ասում՝ ոստիկանությունը համարյա էդպես ակտիվ մասնակցություն չի էլ ունեցել, դա իմ կարծիքն ու տպավորությունն է ոստիկանության այդ օրերի գործունեության մասին, էնքան որ՝ եկել շարվել էին ծառայության։ Ես հիմա չեմ էլ հիշում՝  ոստիկանության կողմից ինչ է գործադրվել, զենք գործադրվել է, թե չէ, ուղղակի չեմ հիշում, բայց ես հիմնվել եմ միայն այն փաստերի վրա, որ նախորդից մնացած փաստեր են եղել, գիր-գրականություն, որի կապակցությամբ հարցումներ են արել, ես էլ ընդամենը փաստն արձանագրել եմ, որ կան էդ թղթերը, եւ ուղարկել եմ իրենց։ Իսկ ինչ վերաբերում է բացահայտման աշխատանքներին, ասեմ իմանաք, որ ոստիկանությունն առանձնապես էդ ժամանակ Մարտի 1-ով հատուկ աշխատանքներ չէր տանում, որովհետեւ դրանով Հատուկ քննչական, փաստագրող խումբ, եվրոպական կառույցներ, դատախազություն․․․ իրենք էին զբաղվում։

- Գեւորգ Կոստանյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն զարմացնում է ՀՔԾ-ի շտապողականությունն իրեն մեղադրանք առաջադրելու հարցում։ Դուք ի՞նչ կասեք։

- ՀՔԾ-ն շտապո՞ւմ է ինչ-որ հարցով։ Ես չեմ տեսել շտապողականություն։ Ընդհակառակը, ՀՔԾ-ն իր գործը կարծես արդեն արել պրծել է՝ ստորագրություն չհեռանալու մասին։ Ես չգիտեմ՝ էլ ինչո՞վ է դրա շտապողականությունն ի ցույց դրվում, որովհետեւ էդ մարդուն մեղադրանք են առաջադրում, երեք ամիս, չորս ամիս, մի տարի չեն հրավիրում, ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը։ Դրա համար չեմ էլ կարողանում Ձեզ նորմալ, մարդավարի պատասխան տամ Ձեր տված հարցերին, որովհետեւ ինքս տեղեկությունից զուրկ եմ, չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը։

- Ի՞նչ եք կարծում, այս հարցաքննություններով ու ձեզ մեղադրանք առաջադրելով՝ Մարտի 1-ը կբացահայտվի՞։ Կոստանյանն ասում է, որ այս ամենից հետեւում է, որ իրենք չեն ուզում բացահայտել։

- Ես, եկեք, իմ մասով խոսեմ, ինձանով Մարտի 1-ի բացահայտում էս գլխից բացառում եմ, որովհետեւ ես դրա հետ կապ չունեմ։ Կա՛մ սխալ ճանապարհի վրա են, կա՛մ ես չգիտեմ՝ ինչ են մտածում՝ էդպես երկարացնել, ձգձգել, ինչ-որ բաներ ցույց տալ, նախկին ոստիկանապետին ներգրավել, որ ցույց տան՝ տեսեք․․․ մի խոսքով, չգիտեմ։ Իրենք դա կիմանան ավելի լավ։ Ամեն դեպքում, ինձանով Մարտի 1-ի բացահայտում բացառում եմ, որովհետեւ ես դրա հետ ընդհանրապես կապ չունեմ։

- Ձեզ վերջին անգամ ե՞րբ են հարցաքննել։

- Կարծեմ՝ սեպտեմբերի 26-ին։ Ես տոմսեր ունեի, ընդամենը մի օր հետո հարսանիք պիտի գնայի Մոսկվա, քավոր էի, դրանից էլ զրկեցին՝ բա չէ, չի կարելի։ Հետո երեկոյան հեռուստացույց նայեցի, հասկացա՝ ինչի չի կարելի։ Էդ շոուն արդեն ենթադրում էր, բա ոնց եղավ, որ ինքը երկրից մեկնեց, հետո էլ պիտի ասեին՝ փախավ․․․ Իրենք էլ ոնց որ գիտեին, որ գնալու եմ, ու հենց էդ օրը բռնեցրին, մեղադրանք առաջադրեցին, որ չգնամ։ Դրանից հետո այլեւս չեն հարցաքննել ինձ, հետոն էլ դեռ պարզ չի։