Լազարևյան ակումբը կրկին կհավաքվի Երևանում

Լազարևյան ակումբը կրկին կհավաքվի Երևանում

Դեկտեմբերի 13-14-ին Երեւանում կանցկացվի Լազարեւյան ակումբի 3-րդ նիստը՝ «Ռուսաստանի եւ Հայաստանի ԶԼՄ-ներ․ անկեղծ զրույց» խորագրով։ Ակումբի երեւանյան նիստը խոստանում է բավականին ներկայանալի ու բազմամարդ լինել՝ դատելով նրանից, որ անցկացվելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, եւ, բացի ակումբի անդամներից, մասնակցելու է եւս 150-200 մարդ։ Արդեն այս օրերին ուղարկվող հրավիրատոմսերում նշվում է, որ հրավիրյալների թվում են լինելու հայաստանյան եւ ռուսաստանյան քաղաքական եւ հասարակական  գործիչներ՝ «քաղաքական սպեկտրի  հնարավորինս լայն ընդգրկման», քաղաքագետներ, փորձագետներ, գործարարներ եւ առաջատար լրագրողներ։ Խոստանում են, որ «ազատ հարթակի» շրջանակներում կլինեն ելույթներ, ապա բոլոր ցանկացողները կարող են օգտվել խոսքի իրավունքից եւ մասնակցել քննարկմանը։

Հրավիրատոմսերն ուղարկվում են ակումբի «հայր» եւ ակումբի կազմկոմիտեի նախագահ, ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի ու հայրենակիցների հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի ստորագրությամբ։ Նշենք, որ այս միջոցառումը, որի երկրորդ նիստը մարտին անցկացվել էր Մոսկվայում, ունի համակարգողներ ռուսական եւ հայկական կողմերից։ Հայկական համակարգողը քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովն է, ռուսական կողմից նշված է ոմն Նովիկովի անունը, ով մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ որեւէ տեղեկություն հայտնելու լիազորություն չունի։

Ինչպես տեղեկացանք հայկական կողմի մեր աղբյուրից՝ ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահները հրավիրված չեն (Քոչարյանի դեպքում հրավիրել հնարավոր էլ չէր լինի), հրավիրված է, ավելի ճիշտ՝ հրավիրվելու է միայն նախագահ Արմեն Սարգսյանը։
Հիշեցնենք, որ նախորդ նիստին հրավիրված էր եւ անգամ ելույթ ունեցավ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա, մեր տեղեկություններով, դեռ որոշում չի ընդունվել, երեւի կընդունվի ու կուղարկվի հրավերը։ Թեեւ քիչ հավանական է, որ Սերժ Սարգսյանն անձամբ մասնակցի այս հավաքին։

Լազարեւյան ակումբի խորհրդի անդամ Արտաշես Գեղամյանն էլ այս առնչությամբ նկատեց․ «Հրավիրատոմսերն ուղարկվում են պարոն Զատուլինի կողմից, ուղարկվե՞լ է, չի՞ ուղարկվել, դա գիտեն մե՛կ ինքը, մե՛կ՝ Ռոբերտ Սեդրակիչն ու Սերժ Ազատիչը։ Իմ կողմից կարող եմ ասել հետեւյալը․ թե՛ Ռոբերտ Սեդրակիչը, թե՛ Սերժ Ազատիչը եւ թե՛ Կոնստանտին Ֆյոդորովիչը շատ լավ բարեկամներ են։ Եվ առաջին տարին չէ, որ լավ բարեկամներ են»։
Հրավիրյալների թվում, անգամ հրավիրատոմսում այդ մասին ակնարկ կա՝ հրավիրվելու են Հայաստանի ԱԺ նախագահը, պատգամավորներ, կառավարության անդամներ անգամ, բայց Նիկոլ Փաշինյանին հրավիրելու մասին հարցն անպատասխան մնաց, իսկ Գեղամյանն ասաց․  «Ենթադրում եմ, որ պարոն Զատուլինն այնքան քաղաքական տակտ ունի, որ երբ նիստն անց է կացնում երկրում՝ Հայաստանի Հանրապետությունում, ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլեւ համոզված եմ, որ Արմեն Սարգսյանին անպայման հրավեր կլինի»։

Հրավիրված լրատվամիջոցների թվում են բոլոր հեռուստաընկերությունները եւ շատ կայքեր։ Ռուսական կողմից Մարգարիտա Սիմոնյանի հնարավոր ներկայության մասին էլ թերահավատություն հայտնեցին՝ հազիվ թե նա ժամանի՝ բազմազբաղ անձնավորություն է։
Հիշեցնենք, որ այս ակումբը Երեւանում ստեղծվում էր ի հակադրություն արեւմտյան ազդեցությունների, թեեւ, որպես ակումբի ստեղծման նպատակ, Զատուլինը, Արտաշես Գեղամյանը եւ Զորի Բալայանը ձեւակերպել էին՝ «ստեղծել նոր հարթակ պետական, գիտական, մշակութային եւ հասարակական ոլորտներում երկու երկրների միջեւ առավել անմիջական, ոչ ֆորմալ կապերի համար»։

Նշենք, որ այս նիստի օրակարգը ձեւավորվել էր դեռ մարտին, եւ հարցին, թե ինչու է ընտրվել ԶԼՄ-ների թեման, Արտաշես Գեղամյանը պատասխանեց․ «Երբ Հայաստանի Հանրապետության համար հայտարարված է տեղեկատվական պատերազմ, բնականաբար, այն, ինչ կապված է տեղեկատվության, մամուլի հետ, արդեն ազգային անվտանգության թիվ մեկ խնդիրն է համարվում»։