Եթե գյուղեր հանձնեցին, զինվորականները դառնում են շարքային դավաճաններ

Եթե գյուղեր հանձնեցին, զինվորականները դառնում են շարքային դավաճաններ

«Հրապարակի» զրուցակիցը «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն է` Արաբոյի Մանվելը:

- Իշխանությունները հայտարարում են, որ Տավուշից գյուղերը պետք է հանձնել, քանի որ դրանք ադրբեջանական են եւ եթե չհանձնեն, Ադրբեջանը պատերազմ սկսի, ավելին` անգամ Թուրքիան կհարձակվի ՀՀ-ի վրա: Տպավորություն է, թե փորձում են հայ հանրությանը սարսափի մեջ պահել:

- Դա նրանից է, որ ամեն ինչ արվել է մեր ժողովրդին միայն ու միայն սուտ մատուցելու համար: Որ կողմին լսում ես ասում են` տանուլ ենք տվել: Մեռա ասելով, թե իշխանությանը, թե ընդդիմությանը, որ առանց պայքարի տանուլ չեք կարող տալ: Տանուլ տալը ո՞րն է, ե՞րբ եք տանուլ տվել, ե՞րբ եք կռվել, որ տանուլ եք տվել: Ոչինչ չեն անում մեզ էլ թույլ չեն տալիս կռվել: Ժողովուրդն էլ ի՞նչ հոգեբանական վիճակում է` խռով ու հուսահատ, էս ամենը տեսնելով ոչինչ չեն ցանկանում անել, բայց դա էական չէ: Ինչո՞ւ, որովհետև նույն այդ ժողովրդին չկա ոգևորող, վեր հանող: Եթե լինի, մեր ժողովրդի նման կռվող ժողովուրդ չկա աշխարհում: Ես եմ հրամանատարը, ես եմ տեսել, թե մեր ժողովուրդը հողի համար ինչեր է անում: Մի պահ պատկերացնենք, թե ընկել ենք իրոք ու ի՞նչ. ուժեղը էն մարդը չի, ով երբեք չի ընկնում, ուժեղը նա է, ով ընկնում ու վեր է կենում: Մենք շատ հանգիստ կարող ենք նորից վեր կենալ, պարզապես մեզ պետք են մարդիկ, ովքեր ժողովրդին կտանեն իրենց հետևից: Շատ հեշտությամբ կարող ենք համախմբվել, եթե ցանկանանք: Բայց եթե մի իշխանություն չի ցանկանում կռվել, պայքարել, բնականաբար էս ժողովուրդն էլ պիտի ընկճվի ու վախենա: Էդ ո՞ր երկրում է ժողովուրդը երազում պատերազմի մասին ու միանգամից ռազմաճակատ վազում: Մարդկանց պետք է ոգևորել, մի մասին փող են տալիս, մյուս մասին ոգևորում են գաղափարախոսությամբ ու այդ ամենը ծառայեցնում են երկրին: Մեր երկրի իշխանությունները հերիք չի ոչ մի բան չեն անում, դեռ մի բան էլ խուճապ են առաջացնում, մարդկանց վախեցնում, սա էլ է դավաճանություն, չի կարելի: Մեկ նախադասությամբ եթե ասենք այս իրավիճակի պատճառն, ապա` չկա ճիշտ քարոզչական ապարատ, ժողովուրդն էլ ի՞նչ, բոլորն էլ մի օրի են` սոված-ծարավ: Դուք էլ շատ լավ գիտեք, թե ինչքան դժվար է Հայաստանում ապրելը, ամեն մեկը մտածում է իր առօրյա հոգսերի մասին, պետք է մարդկանց շահագրգռել: Մարդիկ չեն ուզում իրենց երեխային մահվան բերան ուղարկել, պետք է մարդկանց մեծարել, ոգևորել, աջակցել, հարգել: Ոչինչ չի արվում, դրա համար էլ մարդիկ անորոշության մեջ են հայտնվել: Բարձիթողի վիճակ է ամենուր:

- Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Տավուշի չորս գյուղերն ադրբեջանական են, ինչպես որ Արցախն էր ադրբեջանական: Ինչո՞ւ են նման հայտարարություններ անում:

- Նման բաներ ասում են այն մարդիկ, ովքեր անգրագետ են, պատմություն ընդհանրապես չգիտեն: Այդ գյուղերը 30 տարի է մեր տիրապետության տակ են, 50 տարի առաջ ո՞ւմ տիրապետության տակ են այդ գյուղերը եղել, ռուսական իմպերիայի: Բա ո՞նց ստացվեց, որ հիմա էդ հողերը դարձան ադրբեջանական, եթե 30 տարի է մեզ մոտ են, բայց մերը չեն, էդ ո՞նց է ստացվում, որ Ադրբեջանինն է: Ադրբեջանը միշտ էլ ռուսական ֆեդերացիայի մեջ է եղել, էդ ո՞նց ստացվեց, որ, օրինակ, այդ գյուղերը ռուսական չեն, այլ ադրբեջանական են, տրամաբանությունն այլ տեղ է տանում: Ով որտեղ կանգնել է, սահմանը նրանն է: Ամեն դեպքում ինձ թվում է, հողեր հանձնելով ավելի շատ մեզ փորձում են հոգեպես ցավեցնել, ցանկանում են բարոյահոգեբանական տեռորի ենթարկել, վերջնականապես խայտառակում են հայի անունը: Եթե այս տեմպերով շարունակվեց ամեն ինչ այսպես հեշտ հանձնելու են ու տարբեր պատճառաբանություններ բերեն: Ասելու են` Սյունիքն էլ է ադրբեջանական, հանձնում ենք Ադրբեջանին, Քյարքին էլ է իրենցը, Սևանն էլ է իրենցը: Այս մարդիկ կամավոր հրաժարվում են հայկականությունից, իսկ ի՞նչ պետք է անի Ադրբեջանն այդ պարագայում: Ցավն այն է, որ մենք կամավոր ենք այդ քայլին գնում, կամավոր ամեն ինչ տալիս ենք, տանք, որ գլուխներս ազատենք ու ամենավատը այն է, որ թշնամին չի ասում, որ էլ չի հարձակվելու, վտանգը միշտ կա, այդ դեպքում ինչի՞ ես շարունակ տալիս, վեր կացեք` գնանք կռվենք, ինչնե՞րս է պակաս: Խնդիրն այն է, որ կազմակերպող չկա:

- Ասում էին` Արցախը տանք, որ հանգիստ ապրենք, բա ինչո՞ւ հանգիստ չապրեցին: 

- Հիմա էլ նույնն ասում է 4 գյուղերի մասին, հետո էլ Քյարքիի մասին է նույն բանն ասելու: Կամաց-կամաց ամեն ինչ տանում են հանձնման, իսկ ժողովուրդը չի հասկանում, թե ինչ է կատարվում, մտածում է` 4 գյուղ է էլի, դե ոչինչ, էդ էլ տանք, բայց դա 4 գյուղ չի, դա մեր հոգին ու արժանապատվությունն է: Վաղը մեզ բզիկ-բզիկ են անելու:

- Հանձնողը երկրի ղեկավարն է, բայց կան բարձրաստիճան զինվորականներ, որոնք նույնպես հաշտ են հողեր հանձնելու փաստի հետ: Ինչու նրանց մեջ չկա մեկը, ով պատրաստ է հանուն հողի ընդվզել, հակադրվել:

- Չկան, որովհետև ինքնուրույն մտածող չեն, միշտ էլ այդպես է եղել` իշխանությունը որոշել է, մյուսները կամակատար են եղել, եթե չլինեն` պաշտոն չեն ունենա: Միշտ էլ պաշտոն են վերցրել ու դարձել կամակատար, ինչ ասել են` հնազանդ արել են: Հասել ենք այն վիճակին, որ հայրենիքի հարցն է քննարկվում, դրան էլ չեն կարողանում գնահատական տալ, որովհետև մտածելու ունակ չեն: Եթե զինվորականը չի կարողանում իր հողը պաշտպանել, ապա պետք է անմիջապես համակարգից հեռանա: Դիմում գրեք` գնացեք: Եթե գյուղեր հանձնեցին, զինվորականները դառնում են շարքային դավաճաններ, ինչպես իրենց հրահանգ տվողը: Կատարողը ավելի մեծ դավաճան հիմար է, քան հրաման տվողը: Պետք է ազգային ուժերը համախմբվեն, մանր-մունր հարցերը կողքի դնեն, երկիրը կարգի բերեն: Մոբիլիզացիա պետք է հայտարարվի: Թասիբի գցել է պետք մեր կռվող ժողովրդին: Ասեմ Ձեզ, ես չեմ էլ հավատում, որ մեր սուվերեն տարածքի վրա հարձակվելու են, չէ, ուղղակի նրանք ինչ ասում են, սրանք հնազանդ կատարում են, դրա համար էլ այս օրին ենք հասել: Հո մեզ չե՞ն ստիպում: Մեր իշխանությունն է հնազանդ կատարում նրանց հրամանները: Տեսա՞ք Ոսկեպարում մի ոստիկան ինչպես էր կուրծք ծեծելով սրանց պաշտպանում: Մարդիկ պետք է հայտարարեն, որ վաղը` երբ իշխանափոխության եղա, քո և քո նման ոստիկանների ուսադիրները պոկելու ենք աղբամանը նետենք: Նմաններն անգամ պահակային ծառայությունում աշխատելու իրավունք չունեն: