Ինչու Փաշինյանի թիմակիցները չեն ուզում, որ Բաքուն եվ Երեվանը համաձայնության գան

Ինչու Փաշինյանի թիմակիցները չեն ուզում, որ Բաքուն եվ Երեվանը համաձայնության գան

«Հրապարակը» գրել է, որ հունիսի 1-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում տեղի կունենա Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովը, որին մասնակցելու են նաեւ ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարները։ Եվ որոշ տեղեկություններ կան, որ հնարավոր է այդ օրը, Վաշինգտոնում քննարկված փաստաթղթի հիման վրա, ստորագրվի խաղաղության պայմանագիրը, որը Վաշինգտոնում վերանվանվել է եւ այժմ կոչվում է Հարաբերությունների կարգավորման համաձայնագիր։ Ըստ հրապարակման՝ Նիկոլ Փաշինյանը կարծես թե լավ է տրամադրված դրան, մինչդեռ ՔՊ-ում նրանք, ովքեր փոքրիշատե գիտակցում են, թե ինչ կարող է լինել, աղոթում են, որ Վաշինգտոնից հետո փաստաթուղթ չստորագրվի, քանի որ դա նոր աշխարհամարտի սկիզբ է դնելու՝ ԱՄՆ-Ռուսաստան հակամարտության նոր ճակատ բացելով, որից Հայաստանը չի կարող շահած դուրս գալ։ «Հրապարակի» այս տեսակետը, իհարկե, հիմնավոր է, սակայն խնդիրը միայն Ռուսաստան-ԱՄՆ աշխարհաքաղաքական առճակատման նոր ճակատի հարցը չէ։

Հարցն այլ շերտ եւս ունի։ Իրականում, մեր տարածաշրջանի հետ այս կամ այն չափով կապված որեւէ մեծ տերության համար Փաշինյանը նախեւառաջ այն անձն է, ով ի վիճակի է ավարտին հասցնել Արցախից Հայաստանի, ըստ էության, հրաժարման գործընթացը, որով էապես փոխվում է տարածաշրջանի ընդհանուր իրավիճակը։ Մեծ հաշվով, բոլորը հենց դրա համար են հանդուրժում Փաշինյանին։ Ու եթե Ադրբեջանի հետ Հարաբերությունների կարգավորման փաստաթուղթը ստորագրվի, կարեւոր չէ՝ ԱՄՆ հովանո՞ւ ներքո, Ռուսաստանի՞, թե՞ նույնիսկ Բուրկինա-Ֆասոյի, Փաշինյանը, որպես ֆիգուր, կորցնում է իր արժեքը, զրոյանում՝ մեր տարածաշրջանի հետ ավել կամ պակաս կապված բոլոր տերությունների համար։ Իսկ դա նշանակում է, որ առավելագույնը կարող են Փաշինյանին ու նրա ընտանիքին կյանքի անվտանգության երաշխիքներ տրվել՝ որեւէ երրորդ երկիր որպես վտարանդի տեղափոխվելու եւ ապահով ապրելու համար։

Մինչդեռ նրա թիմի հարցը մնում է օդից կախված, եւ, մեծ հաշվով, որպես «մանրոտանիների կաստա», նրանք ոչ մեկին հետաքրքիր չեն։ Հենց սա է, մեր կարծիքով, որ մտահոգում է Փաշինյանի այն թիմակիցներին, որոնք քիչ թե շատ հասկանում են իրերի ընդհանուր դրվածքը։ Թերեւս Փաշինյանն էլ այս ամենը հասկանում է։ Գուցե նրան ձեռնտու է, օրինակ, ապրել Կանադայում՝ որպես վտարանդի։ Գուցե պարզապես փորձում է հերթական անգամ «շուստրիություն» անել ու մի ճամբարից մյուսը նետվելով, ժամանակ ձգել։ Սակայն եթե նա ընտրել է «ժուլիկության» տարբերակը, ապա դժվար թե դա նրան հաջողվի, քանի որ քաղաքականության մեջ նման բաները չեն հարգվում, եւ «ժուլիկներին» պատժում են ե՛ւ մարդիկ, ե՛ւ պատմությունը, եւ պատժում են՝ ինչպես որ հարկն է։ Այնպես որ, մնում է արդեն ասված տարբերակը, որտեղից էլ կարելի է բխեցնել, որ Փաշինյանի որոշ թիմակիցների մոտ գոյաբանական վախ կա իրենց ապագայի, նույնիսկ գոյության հետ կապված։ Նրանք մտահոգված են, թե ինչ կլինի իրենց հետ, երբ համաձայնագիրը Երեւանի եւ Բաքվի միջեւ ստորագրվի, եւ պարզվի, թե դա ինչ նոր աղետ է բերում մեր երկրին։