Որ դատավորն է կալանավորել Գարիկ Գալեյանին

Որ դատավորն է կալանավորել Գարիկ Գալեյանին

Ինչպես արդեն հայտնել ենք, զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը երկու ամսով կալանավորվեց: 

Զոհվածի հորը կալանավորելու որոշումը կայացրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը։

Նշենք, որ դատավորը հայտնի է ընդդիմադիրներին կալանավորելու գործերով։ Նա հանրությանը հայտնի դարձավ «Սասնա ծռերի» գործով։

Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել են, որ Գ. Գալեյանի անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել և վերցվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա է եղել 3 միանման պոլիէթիլենային փաթեթ՝ համապատասխանաբար 1.59 գրամ, 1.51 գրամ և 1.60 գրամ ընդհանուր քաշերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգվածներով: Ոստիկանության փորձագիտական կենտրոնից ստացված եզրակացության համաձայն` նրա մոտ հայտնաբերված նյութը հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը միացվել է ավելի վաղ Գ. Գալեյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթին։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից սեպտեմբերի 6-ին կայացվել է Գ. Գալեյանին ձերբակալելու մասին որոշում: