Էժան պոպուլիզմ, կործանարար կադրային քաղաքականություն եւ բանակի վարկաբեկում

Էժան պոպուլիզմ, կործանարար կադրային քաղաքականություն եւ բանակի վարկաբեկում

Անցնող շաբաթը լի էր խաղաղ անհնազանդության միջոցառումներով ու տարատեսակ բողոքի ակցիաներով։ Հազարավոր քաղաքացիներ` ընդդիմության լիդերների առաջնորդությամբ, շարունակում են պահանջել Փաշինյանի հրաժարականը՝ փակելով բազմաթիվ փողոցներ ու մայրուղիներ։ Մարզերում եւս սկսել են ճանապարհներ փակել, ապա շարժվում են դեպի մայրաքաղաք, մասնակցում Ֆրանսիայի հրապարակում կայացող մարդաշատ հանրահավաքներին։ Ոստիկանությունը շարունակում է ուժ կիրառել, մարդկանց տեսախցիկների առաջ ծեծում են ու բերման ենթարկում։ Ոստիկանական տարբեր բաժիններ են տանում անգամ պատգամավորներին, նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին էին երեկ փորձել բերման ենթարկել։ Փաստաբաններից ոմանց էլ տանում են բաժին, ապա հեգնելով պարզաբանում, թե, միեւնույն է՝ պետք է գայիք բերման ենթարկված քաղաքացիների շահերը պաշտպանելու, մենք արդեն ձեզ բերել ենք։

Շաբաթվա թերեւս ամենամարդաշատ երթերից մեկը կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին զուգահեռ տեղի ունեցածն էր։ Քաղաքացիները Փաշինյանի ելույթի ժամանակ Ֆրանսիայի հրապարակից շարժվեցին դեպի Բաղրամյան 19։ Ընդդիմադիրները պնդում էին, թե ցանկություն չունեին մտնել Ազգային ժողովի շենք, պարզապես եկել էին Փաշինյանին ու իր խմբակին ցույց տալու, որ այլեւս իշխանություն չունեն երկրում, իսկ դրա դե յուրե արձանագրումն ընդամենը օրերի հարց է։

«Աշոտ, տատդ էլ ա ստեղ, արա»,- նույն վայրում, ինչպես 2018-ին, վանկարկում էին ցուցարարները՝ դիմելով ոստիկաններին, սակայն ապարդյուն, ավելին՝ 2018-ի համեմատ Բաղրամյանում ավելացել են դիպուկահարներն ու զինված անձինք, ընդդիմության երթերի ժամանակ նրանց կարելի է հանդիպել նաեւ շենքերի տանիքներին, այդ թվում եւ կառավարության գլխավոր մասնաշենքի տանիքին։ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ Փաշինյանի հեռացման ճանապարհային քարտեզը բաղկացած է երկու փուլից․ առաջին փուլն արդեն ավարտել ենք, անցնում ենք հաջորդին։ «Առաջին փուլը հանրային պահանջի ձեւակերպումն էր, որ սրանք չունեն մանդատ՝ երկիրը զիջումների տանելու։ Երկրորդը՝ սկսում ենք իշխանազրկման գործընթացը»,- Ֆրանսիայի հրապարակում, հանրահավաքի ժամանակ հայտարարեց նա։

«Շենքեր չենք գրավելու, բայց ցույց ենք տալու, որ պայքարի դուրս եկածների առաջ փակ դռներ չկան։ Ժողովուրդն է իրադրության լիարժեք տերը։ Մենք ենք որոշում՝ որ փողոցը պետք է բացվի, որը պետք է փակվի, որ շենքն ով կարող է մուտք գործել կամ չի կարող։ Մենք պետք է առաջնորդվենք այս տրամաբանությամբ։ Առաջիկա օրերին պայքարողների թիվը պետք է ավելանա այնքան, որ ոստիկանությունն ու ուժային կառույցներն այլեւս չկարողանան ժողովրդի ցասումը կասեցնել։ Ե՞րբ կհեռանա Նիկոլ Փաշինյանը իշխանությունից․ Նիկոլը կհեռանա այն պահին, երբ ուժային կառույցները զեկուցեն, որ այլեւս նրա իշխանությունը պահել չեն կարող, ուժերը չի բավարարում, ժողովուրդն այնքան շատ է ու այնքան շատ ակցիաներ է անում, որ կասեցնել այլեւս հնարավոր չէ։ Այդ օրը մոտ է։ Դուք ամեն օր գալիս եք հանրահավաքի՝ մտածելով, որ այսօր պետք է ավարտենք, սրանց քշենք։ Անելու ենք, միասին ենք անելու՝ ճիշտ պահին, ճիշտ ժամանակին, երբ ամբողջ իրադրությունը վերցնենք մեր տիրապետության տակ։ Շաբաթ օրը մարզային այցեր են լինելու, իսկ Երեւանում բողոքի գործողությունները դրան զուգահեռ չեն դադարելու։ Բոլոր նախադրյալները կան, բոլոր հնարավորությունները կան։ Հասել ենք մեր ծրագրի ավարտական փուլին։ Մեր մնացած հայրենակիցներին եւս ավելացնում ենք, ամբողջ իրադրությունը վերցնում մեր լիարժեք տրամադրության տակ եւ հեռացնում այս չարիքի կառավարությանը»,- ծրագիրը ներկայացնում է Սաղաթելյանը։

ԱԺ փոխնախագահն անդրադարձավ նաեւ ՀՀ առաջին նախագահի հրապարակմանը, որով Տեր-Պետրոսյանին կրկին հաջողվեց խառնել բոլորի խաղաքարտերը։ Լեւոն Տեր-Պետրոսյանը, հիշեցնենք, իր հոդվածում գրել էր, թե Փաշինյանի փոխարեն ով էլ լինի իշխանության, ընդունելու է այն զիջումները, որոնք փաթաթվել են Հայաստանի վզին։

«Հարգելի՛ պարոն Լեւոն Տեր-Պետրոսյան, դու այդ նույն խոսքերն ասում էիր նաեւ 1997 եւ 98 թվականներին։ Ասում էիր, որ հնարավոր չէ, պետք է զիջել, ամբողջ աշխարհը մեր դեմ է, «Սերգո՛ ջան, լավ չես ապրի, քանի դեռ Ղարաբաղը չենք հանձնել»։ Բայց կյանքը ցույց տվեց, որ երբ քո փոխարեն եղավ այլ իշխանություն, մենք 20 տարի չզիջեցինք, եւ Հայաստանն ու Արցախը զարգացան՝ չզիջելով։ Բայց երբ 2018 թվականին իշխանության եկան քո գաղափարախոսության կրողներն ու հոգեզավակները, ովքեր այդ «գծի» մեջ էին, թե՝ պետք է տանք, ուրիշ ճար չկա, Արցախի 70 տոկոսը տվեցինք»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։ Փաշինյանի հետ մի սեղանի շուրջ նստելու եւ իրավիճակից ելքեր գտնելու վերաբերյալ առաջին նախագահի առաջարկին անդրադառնալով՝ Սաղաթելյանն ասաց․ «Ազգակործան պատուհասի հետ, ինչպես դու էիր բնութագրել, մենք սեղան նստելու հարց չունենք։ Մենք նրա հետ ունենք մեկ օրակարգ՝ խաղաղ, անցնցում, րոպե առաջ հեռացում»։

«Կտրականապես համաձայն չեմ հեղինակի այն պնդման հետ, թե «կապիտուլյացիայի է ենթարկվել ոչ թե Փաշինյանը, այլ՝ Հայաստանը. Փաշինյանն ընդամենը ստորագրել է Հայաստանի կապիտուլյացիայի ակտը»,- կարծում է ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը։ «Փաստերը խոսում են ճիշտ հակառակի մասին։ 2018-ից հետո արտաքին քաղաքականության եւ արցախյան բանակցային գործընթացի տոտալ ձախողումն ամբողջությամբ Փաշինյանի խղճին է։ Էժան պոպուլիզմով, կործանարար կադրային քաղաքականությամբ եւ համակարգային վարկաբեկմամբ բանակի կազմաքանդումն ամբողջությամբ Փաշինյանի խղճին է։ 44-օրյա պատերազմի ընթացքում ձախողված պետական կառավարումը, տապալված մոբիլիզացիան, ողորմելի արտաքին քաղաքականությունը եւ այս ամենի հետեւանք՝ ցավոտ պարտությունն ամբողջությամբ Փաշինյանի խղճին է»,- ասում է Աշոտյանը։