«Հրապարակ». «Կեցցե ժողովրդավարությունը» գոռացողները թքեցին ժողովրդավարության ճակատին

«Հրապարակ». «Կեցցե ժողովրդավարությունը» գոռացողները թքեցին ժողովրդավարության ճակատին

Մայիսի 4-ին ԱԺ նիստերի դահլիճում «կեցցե հայկական ժողովրդավարությունը» գոռացող եւ ջիգյարով ծափահարող իշխանությունները մի քանի օր անց, նույն խորհրդարանում հերթական անգամ թքեցին ժողովրդավարության ճակատին։ Փոխեցին ՏԻՄ օրենքը՝ Մամիկոն Ասլանյանի դեմ երկրորդ նախագիծն ընդունեցին, որպեսզի Վանաձորում ընտրված համայնքապետին զրկեն իշխանությունից եւ նշանակեն իրենց սրտի համայնքապետին։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ՔՊ-ն ՏԻՄ օրենքում առաջին փոփոխությամբ հնարավորություն ընձեռեց վարչապետին, որ երբ խոշորացված համայնքներում ինչ-ինչ պատճառներով համայնքապետ չի ընտրվում, նա կարողանա ժամանակավոր պաշտոնակատար նշանակել` մինչեւ համայնքն ընտրի: Դա արվում էր, որ Վանաձորում համայնքապետ նշանակեն, չնայած համայնքն արդեն ընտրությունների միջոցով հայտնել է իր կարծիքը։ Իսկ Ասլանյանին մի անհեթեթ մեղադրանքով պատանդ են պահում կալանավայրում։

Երեկ էլ օրենքի հերթական խմբագրումն արեցին՝ արտահերթ նիստում, եւ հրատապ ռեժիմով ընդունեցին մի փոփոխություն, համաձայն որի՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար կարող է նշանակվել նաեւ համայնքի ավագանու անդամը: Բանն այն է, որ ՏԻՄ օրենքը թույլ չի տալիս, որ ավագանին նշանակվի համայնքապետի պաշտոնակատար։ Երեւի նախորդ օրենքն ընդունելիս գլխի չէին ընկել, որ նման խոչընդոտ կա Վանաձորում հայտնի քրեական հեղինակություն Ակային՝ Արկադի Փելեշյանին համայնքապետի ԺՊ նշանակելու հարցում։ Վերջինս, հիշեցնենք, դեկտեմբերյան ընտրություններին մասնակցել էր ՀԱՍԿ կուսակցության ցուցակով եւ ստացել 5 մանդատ՝ գրավելով երրորդ տեղը։ Հիմա Փաշինյանը որոշել է նրան համայնքապետ կարգել, ինչպես 2 տարի ԲԴԽ նախագահի ԺՊ է կարգել Գագիկ Ջհանգիրյանին եւ իրական նախագահին՝ Ռուբեն Վարդազարյանին, մի շինծու քրեական գործով պատանդ վերցրել։ 

ԱԺ արտահերթ նիստի մեկնարկից պարզ դարձավ, որ իշխանականները ոչ միայն Ակայի համար են հավաքվել, այլ ուրիշ փորացավ էլ ունեն՝ եկել են ընդդիմությանը քլնգելու։ Քանի որ վաղվանից ընդդիմությունը մարզեր է այցելում, որոշել են Հ1-ի եթերով քարոզչական հին երգը թարմացնել՝ «նախկիններ», «թալան», «արատավոր բարքեր»։ Եվ գործի էին դրել ՔՊ-ական ուսապարկերի բազմությանը, որոնք ընդդիմությանն էին քննադատում, սպառնալիքներ տալիս։

Ընդդիմության հասցեին առաջին ելույթի պատիվը տրվել էր Լուլուին՝ Լուսինե Բադալյանին. «Պահանջում եմ, որ ընդդիմությունը պատասխանի մի քանի հարցերի, որոնք շատ կարեւոր են, եւ ժողովուրդը մեզ անընդհատ այդ հարցերը տալիս է․ երբ դուք 1 տարի 8 ամիս անընդհատ բոլոր հնարավոր հարթակներից եւ ամբիոններից, բոլոր մեդիա հարթակներում անընդհատ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրում եք պատերազմի համար, դրանով ի՞նչ եք ուզում ասել։ Աշխարհին ուզում եք ասել, որ Ադրբեջանը բացարձակապես մեղք չունի՞ պատերազմ սանձազերծելու համար, եւ միակ մեղավորը Նիկոլ Փաշինյա՞նն է։ Արդյո՞ք ձեր նպատակն այն է, որ վաղը հնարավորության պայմաններում ասելու եք՝ մենք ձեզ արդարացրեցինք, խնդրում ենք Շուշին ու Հադրութը հետ տվեք։ Չգիտեմ, պատասխան չունեմ»։ Նա այլ հարցեր էլ տվեց՝ ինչպե՞ս են լինելու հարեւանների հետ ձեր հարաբերությունները, բանակցելո՞ւ եք արդյոք, թե՞ ոչ, եթե այո, ապա ինչպե՞ս եւ ի՞նչ ֆորմատով, եթե ոչ, ապա ի՞նչ է լինելու դրանից հետո․ «Ո՞վ է ձեր վարչապետի թեկնածուն։ Այսօր խոսում եք, թե Նիկոլ Փաշինյանն ասել է՝ կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ ՀՀ-ն առհասարակ չի ունենա վարչապետ, եւ փորձում եք տարբեր ձեւերով մանիպուլացնել այս արտահայտությունը։ Ինչո՞ւ չունեք վարչապետի թեկնածու։ Հնարավո՞ր է իսկապես ձեր ենթադրյալ հաղթանակի արդյունքում ՀՀ-ն չունենա վարչապետ»։ Ելույթի վերջում էլ Փաշինյանի փոխարեն հայտարարեց, թե հրաժարական չի ներկայացնելու, իսկ «ընդդիմության հետ կարող ենք քննարկել միայն թալանն անցնցում վերադարձնելու տարբերակը»։

Ապա թիվ մեկ ուսապարկ Վահագն Ալեքսանյանը հանդես եկավ ոստիկանությանն ուղղված կոչով՝ ստուգել ընդդիմության «ապաստանները», որոնցում, ըստ պատգամավորի,  կարող է թմրանյութ պահվել։ Եվ անդրադառնալով որոշ ԶԼՄ-ների հրապարակումներին առ այն, որ իշխող խմբակցության ներսում քննարկվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը, եւ որ որոշ պատգամավորներ արդեն բանակցում են ընդդիմության հետ, հայտարարեց, որ նման հոդվածներ տպագրում են միայն որոշ լրատվամիջոցներ։ «Այսինքն՝ նրանք, ովքեր ֆինանսապես կախված են ընդդիմադիր շրջանակներից։ Այս բարձր ամբիոնից Հայաստանի ոստիկանության՝ ապօրինի թրաֆիքինգի դեմ պայքարի վարչությանը կոչ եմ անում՝ հնարավորինս արագ ստուգել նման հրապարակումների հետեւում կանգնածների «ապաստանները»։ Դա պետք է արվի, որպեսզի հնարավորինս շուտ կանխվեն «գերդոզավորման» ավելի շատ դեպքեր, որոնք կարող են հանգեցնել մահացու դեպքերի»,- հեգնեց նա։

Նախկին լրագրող, ԱԺ կրթության եւ գիտության հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն էլ, իբր չուզենալով, խոսեց ընդդիմության մասին. «Շատերն ասում են՝ ինչո՞ւ չեք անդրադառնում ընդդիմությանը։ Սիրելի քաղաքացիներ, ախր այս ընդդիմությունն ինքն իր խոսքով իրեն, ինչպես իրենց առաջնորդն է ասում, մաշեցրել է, եւ ես նույնիսկ խորը կասկած ունեմ, թե ուր են հասել»։ Հետո անդրադառնալով ընդդիմության՝ «դուրս եկեք փողոց, որպեսզի թուրքը չգա մեր երկիր» ուղերձին, մեջբերեց իր լրագրողական նյութից մի հատված․ «Դպրոցի բացման ժամանակ մի բարձրաստիճան պաշտոնյա արել է հետեւյալ արտահայտությունը՝ ես անկեղծորեն ցանկանում եմ, որ այս դպրոցում սովորեն նաեւ ադրբեջանցի երեխաներ, ես վստահ եմ, որ այդ օրը գալու է, եւ ցանկանում եմ, որ այդ օրը գա հնարավորինս շուտ. 2014 թվական, Սերժ Սարգսյան։ Հիմա, հարգելի պարոն Վանեցյան, երբ Դուք դռնեդուռ ընկած ասում եք՝ ժողովուրդ, դուրս եկեք փողոց, որպեսզի թուրքը չգա այս երկիր, դուք խափանո՞ւմ եք Սերժ Սարգսյանի երազանքը։ Կամ որ Իշխան Սաղաթելյանը հայտարարում է, որ թալանը հետ են բերելու, դուք հասկանո՞ւմ եք, որ խոստովանում են, որ թալանը եղել է, եւ որ թալանը հետ են բերելու։

«Հետ բերել» նկատի ունեք՝ ձե՞զ եք հետ բերելու, որովհետեւ մենք խոստացել ենք, որ հետ ենք բերելու պետական բյուջե։ 2018-ին ՀՀ քաղաքացիները փակել են ձեր թալանի ծորակի փականը, եւ հիմա շատ խորը գործընթաց է գնում այդ թալանը պետական բյուջե վերադարձնելու համար»։ Ապա Գաբրիելյանն առաջարկեց խորհրդարանում քննարկում կազմակերպել գլխավոր դատախազի եւ հակակոռուպցիոն գծով տեղակալի հետ, որպեսզի հանրությանը տեղեկացնեն, թե որ անձանց գործերն են գնացել դատարան. «Մոտ 80 մլրդ դրամի մասին է խոսքը, եւ երեկ փողոց էին փակում այդպիսի մարդկանց երեխաները, որոնց ծնողները կալանավորված են այդ ապօրինի գործերով»։

Վլադիմիր Վարդանյանն էլ իր հեղինակավոր կարծիքը հայտնեց. «Սա ընդհանրապես քաղաքական պայքար չէ, սա մեկ նպատակ ունի՝ պաշտպանել սեփական գույքը, սեփական անձը եւ իրենց անձեռնմխելիությունը դարձնել հավիտենական»։

Այլ ելույթներ էլ հնչեցին թագուհիղազարյանների ու սոնաղազարյանների շուրթերից, բոլորը՝ նույն ոճի մեջ․ նախկին թալանը վերադարձնելու, թալանչիներին պատժելու եւ նման թեմաներով։ Խորհրդարանական բեմադրությունից կարելի էր կարծել, թե ո՛չ պատերազմ է եղել, ո՛չ զոհեր ենք ունեցել, ո՛չ կորուստներ, եւ իրենց իշխանությունն էլ փայլուն կառավարում է երկիրը ու մի գրամ մեղքի զգացում չունի այս իրավիճակի համար, իսկ փողոցում պայքարող հազարավոր մարդիկ բոլորը նախկին թալանչիներ են, նարկոմաններ, որոնց ոչ թե Արցախի ու Հայաստանի ճակատագիրն է մտահոգում, այլ իշխանության վերադառնալ են ուզում։