Նոր Սահմանադրության անհրաժեշտությունը
Նիկոլի կողմից նոր Սահմանադրություն ընդունելու մասին խոսույթն իզուր չէր. մարդը պետք է ավարտին հասցնի այն, հանուն ինչի կարգվել է վարչապետ: Պետք է կարգավորվեն թուրք-ադրբեջանական տանդեմի հետ Հայաստանի հարաբերությունները: Առանց դրա ինչպես կարող է Հայաստանը հեռանալ ռուսական կախվածությունից և միանալ Արևմուտքին: Ի տարբերություն «աբորիգեն» այլ արևմտամետների՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հասկանում է, որ Արևմուտքի ներկայացուցիչը մեր տարածաշրջանում Թուրքիան է: Որն էլ ամուր սարի պես կանգնած է Ադրբեջանի թիկունքին: Եվ որպեսզի Հայաստանը գոյատևի նման պայմաններում, անհրաժեշտ է, որպեսզի լեզու գտնի թյուրքախոս հարևանների հետ: Եթե, իհարկե, ցանկանում է շարունակել պարտվողական «խաղաղասիրության» կամ որ նույնն է՝ Տեր-Պետրոսյանի կողմից ժամանակին երկնած «հակաոչմիթիզականության» քաղաքականությունը:
Իսկ նոր Սահմանադրություն պետք է ընդունվի, որպեսզի, նախ, Մասիսները հանվեն ՀՀ գերբից, ինչը Թուրքիայի վաղուցվա պահանջն է: 100 տարի առաջ էլ թուրքերը դիմել էին բոլշևիկներին նույն խնդրանքով, բայց մերժում էին ստացել: Որքան հիշում եմ Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմ Գեորգի Չիչերինն էր ձևակերպել մերժողական պատասխանը: Թուրքերի առաջարկի հիմքում այն հանգամանքն էր, որ Արարատ սարը չի պատկանում Սովետական Հայաստանին, իսկ պատասխանն էլ եղել էր, որ լուսինն էլ չի պատկանում Թուրքիային, սակայն առկա է նրա գերբի վրա: Հայաստանի այսօրվա արևմտական և ապազգային իշխանությունը որոշել է կատարել 100-ամյա պահանջը և Արարատի փոխարեն հայոց գերբի վրա պատկերել Արագած լեռը: Ինչն էլ պետք է տեղի ունենա նոր Սահմանադրություն ընդունելու միջոցով:
Երկրորդ, ինչպես «Հրապարակ»-ն է նշել, նոր Սահմանադրությունը Փաշինյանին պետք է Հայաստանի Անկախության հռչակագիրը «խմբագրելու», նոր «կադաստրի վկայականով» սահմաններ գծելու համար։ Եվ հիշեցրել, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է Արցախն այլ պետության կազմում ճանաչելու արգելքը: Գործող Սահմանադրության նախաբանը հղում է անում ՀՀ Անկախության հռչակագրին, որն էլ իր հերթին՝ 1989 թ.-ի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂ Ազգային խորհրդի համատեղ որոշմանը։ Եվ քանի որ այսօր այլևս գոյություն չունի Լեռնային Ղարաբաղը՝ իրադրության փոփոխության հիմքով Նիկոլը կորոշի, որ այլևս չեղարկվում է 1989 թ.-ի դեկտեմբերի 1-ի համատեղ որոշումը: Իսկ դրա չեղարկմամբ էլ չեղարկվում է գործող Սահմանադրության նախաբանը:
Այնպես որ Արարատի պատկերը գերբի վրայից հանելով՝ «կկարգավորվեն» Թուրքիայի, իսկ 1989 թ.-ի դեկտեմբերի 1-ի համատեղ որոշման չեղարկմամբ՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները: Ենթադրաբար, համընդհանուր հավանությամբ նոր Սահմանադրության ընդունման շնորհիվ թուրքերը կբացեն Մարգարայի անցակետը, իսկ զինված ադրբեջանցիներն էլ այլևս սահմանը չեն հատի: Եվ չեն գրավի ՀՀ ինքնիշխան տարածքի այս կամ այն մասը և կամ, ինչպես նախորդ օրը, ոչխարներ չեն գողանա: Իսկ հետո էլ ԱԱԾ-ի բանակցությունների արդյունքում չեն վերադարձնի՝ արանքում մի քանի ոչխար սեփականացնելով:
Մնում է ներքաղաքական խնդիրը: Մի ժամանակ նախագահական կառավարմանն անցնելուն պատրաստ Նիկոլն այլևս այն կարծիքին չէ, որ նախագահական կառավարումը առավելագույնս է համապատասխանում ժողովրդավարության էությանը: Եվ ենթադրաբար ընդունում է այն ժամանակվա իր սխալը՝ երբ կեղծ օրակարգ էր համարում խորհրդարանական համակարգի հաստատումը: Կարծում եմ, որ իրականությունը բոլորովին այլ ասպեկտ ունի՝ նախագահական կառավարման դեպքում պետք է ընտրվեր ամերիկյան մոդելը՝ չորս տարով կամ առավելագույնը 5 տարով երկու ժամկետով սահմանափակումը: Իսկ խորհրդարանական կառավարման դեպքում նույն կուսակցությունը, իսկ մեր դեպքում՝ Նիկոլը (որովհետև կուսակցություն ասելով հասկանում ենք Նիկոլ) կարող է մինչև իր կյանքի վերջը կառավարելու հույս ունենալ: Իսկ վերջից առաջ էլ կառավարումը հանձնել իր զավակներից մեկնումեկին:
Այս թեմայով խոսելով ՝ ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած անձն անընդհատ բարձրաձայնում է ընդունվելիք Սահմանադրության լեգիտիմության հարցը: Կարծում եմ, որ այս հարցում ևս լեգիտիմությունը կապահովվի ճիշտ այնպես, ինչպես մնացած բոլոր հարցերում: Այսինքն՝ մեկ անձի, որ ինքն է, ցանկությամբ: Բայց ինչպես միշտ՝ Արևմուտքը դա չնկատելու կտա, քանի որ Նիկոլը ծառայում է վերջինիս նպատակի իրականացմանը: Այն է՝ ժամանակին Հայաստան-Արցախ զույգի անվտանգությունն ապահովող ՌԴ-ին տարածաշրջանից հեռացնելուն: Իսկ հայաստանյան ընդդիմությունը վերջապես գործ ունի անելու. իր ողջ ներուժը պետք է ծառայեցնի այդ հանրաքվեին ոչ ասելու վրա: Եվ նրան պետք է որ օգնեն քաղաքացիական հասարակության նախկին կազմակերպությունները, որ ունեն նման աշխատանքի փորձ:
Նիկոլին իշխանությունից հեռացնելուց հետո, իսկապես, մեզ անհրաժեշտ է նոր Սահմանադրություն: Որպեսզի վերջակետ դրվի իրեն սպառած երրորդ հանրապետության վրա ու նախաձեռնվի չորրորդ ու վերջնական հանրապետությունը:
Կարծիքներ