Սա ազդակ է ազգին, որ եկեղեցին ուզում է վերածել համերգասրահի

Սա ազդակ է ազգին, որ եկեղեցին ուզում է վերածել համերգասրահի

Հարցազրույց Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանի հետ

- Տեր Ահարոն, ինչո՞ւ եթեր չհեռարձակվեց Վեհափառի ամանորյա ուղերձը, եւ ի՞նչ ստացավ իշխանությունն այդ քայլով։

- Ասվում է, չէ՞, որ ամենալավ գովազդը հակագովազդն է, արդյունքում մի քանի միլիոն մարդ դիտեց ու լսեց Վեհափառի ուղերձը, որովհետեւ մարդիկ հասկացան՝ եթե սրանք չեն թողնում, ուրեմն հայրենանպաստ խոսքով պետք է հանդես գա Վեհափառը, իսկ սրանք հայրենիքի հանդեպ զգացողություն չունեն։ Այսինքն՝ թուրքը միայն կարող էր նման բան անել, ավելին՝ թուրքը գուցե այդքան մտածված չգործեր, որքան՝ սրանք։ Սուրբ Գիրքն ասում է՝ սա այն վեմն է, որին ով դիպչի, պետք է փշրվի, հիմա եկեղեցին այն վեմն է, որին իրենք կպել են, եւ անհնար է՝ չփշրվեն։ Դարեր ի վեր ինչերի միջով ասես, որ չի անցել եկեղեցին, բայց կանգուն է մնացել, որովհետեւ Քրիստոսը սյուն է, ամրություն, վեմ։ Այնպես որ, իրենց բոլոր քայլերը հակահայ են, սա էլ դրա վառ արտահայտությունն էր, բայց մարդիկ արթնացել են, ինձ էլ շատերը մոտենում են ու հարցնում՝ հրեշը ե՞րբ է սատկելու, ինչո՞ւ այսպես եղավ․․․, բայց իրենք էլ լավ գիտեն, որ իրենց վերջը, անշուշտ, գալու է․․․

- Վեհափառը թե՛ իր ամանորյա ուղերձում, թե՛ սուրբծննդյան քարոզում խոսեց Արցախի մասին, մի դեպքում նշելով․ «Մեզ համար երբեք անցյալ չի դառնալու Արցախը․․․», մյուս դեպքում հույս հայտնելով․ «Երբեք չմարի հայրենի Արցախ վերադարձի տեսիլքը»։ Արցախի մասին հիշատակումն ու շեշտադրո՞ւմն էր եթեր չթողնելու պատճառը, թե՞, անկախ դրանից էլ, վերջին տարիներին խիստ լարված են եկեղեցու եւ իշխանության հարաբերությունները, ուստի այս քայլը զարմանալի չէր հենց այս համատեքստում։

- Նախ ասեմ, որ Վեհափառը ճիշտ է ասել, եթե նկատեցիք՝ Արցախի թեմը գոյություն ունի, իսկ եթե Արցախի թեմը գոյություն ունի, ուրեմն Արցախն էլ գոյություն ունի։ Ի դեպ, թշնամու կողմից նշանակված եւ նախկին կապիտուլյանտը, որ սրան բերեց իշխանության, նա էլ է սրա հետ հավասար հայրենիքի դավաճան եւ կապիտուլյանտ, որովհետեւ ինքն իր պիղծ բերանով ասաց, որ ես սրան չեմ պարտվել, այլ ավելի հզոր ուժերի, այսինքն՝ առաջին կապիտուլյանտն ինքն է, եւ նրա դատաստանն էլ է լինելու։ Ինչ վերաբերում է սրան, ապա իրենք ոչ միայն Արցախը հանձնեցին, այլ նաեւ Սյունիքը հարվածի տակ դրեցին․․․, ես սրա մասին շատ եմ ասել, նայեք հանձնումների սիմվոլիկան. թուրքի դրոշի օրը հանձնեց Շուշին, Մոնթեի ծննդյան օրը՝ Քարվաճառը, Արցախի հանրաքվեի օրը կապիտուլյացիան ստորագրեց, Բերձորը, Սուսը, Աղավնոն Ալիեւի կնոջ ծննդյան օրը նվիրեց, իսկ եկավ Սյունիք՝ Նժդեհի մահվան օրը, սատանայական մի ծիսակարգ, որը չստացվեց, բայց ծես անողը հո չի՞ հրաժարվել իր ծիսակարգից ․․․ Հիմա մեր հայրենիքի մարդիկ պետք է արթնանան, ուրիշ ելք չկա, ու ես անընդհատ արթնության կոչ եմ անում, որովհետեւ սա վտանգավոր տեղ է տանում։ Ճիշտ է, մենք կրակի միջով պետք է անցնենք ու անցնելու ենք, քանի որ հայը դեռ լուռ է, իսկ ընդդիմությունն էլ նույն դեւին է ծառայում, որովհետեւ մարդիկ դուրս են գալիս փողոց, իրենք սիրուն ձեւով ժողովրդին տուն են ճանապարհում։ Հիմա գանք այս հրեշին․ նա ասում է, որ 5 տեղից ճանապարհ ենք տալու, ուշադիր լսեք, ասում է՝ անցակետ եւ ո՛չ մաքսակետ, մաքսակետի դեպքում բեռներ են միայն ստուգելու, իսկ անցակետի դեպքում ազատ ելումուտ է լինելու, տարբերությունը նկատելի է, չէ՞։ Այսինքն՝ միջանցքը փոխել է անցակետով, բայց նույն բանն է դա նշանակում։ Բացի այդ, դեռ 2 տարի առաջ, երբ մարզպետարաններից մեկում փակ խորհրդակցություն է հրավիրել, որին նախկին ԱՄՆ դեսպանն էլ է ներկա եղել, դեռ այդ ժամանակ է հայտարարել, որ պետք է միջանցքը տանք, երբ հակադարձել են, որ ժողովրդի մոտ խռովություն կլինի, բառացի ասում եմ, ասել է՝ չեք ուզում խաղաղ տաք, զոհերով կտաք։ Սա ինքը մենակ չի կարող անել, եւ ակնհայտ է, որ հանցախումբ է գործում․․․․

- Ի դեպ, սուրբծննդյան իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը դարձյալ սաղմոսից մեջբերումներ արեց, մի բան, որ վերջին տարիներին շատ է անում՝ իր խոսքը համեմելով աստվածաշնչյան առակներով ու սաղմոսներով։ Ինչպե՞ս եք մեկնաբանում այս վարքագիծը, եւ դրանով ի՞նչ մեսիջ է ուղարկում հանրությանը։

- Սատանայից լավ Աստվածաշունչ իմացող չկա, դա լավ իմացեք։ Սատանան Աստծո խոսքով, բայց կիսատ, փորձեց Քրիստոսին եւ երբ սատանան հայտնվում է մեծ ճգնավոր Մակար Մեծին, ասում է՝ Մակար, ես չեմ քնում, բայց դու նիրհում ես, ես ոչինչ չեմ ուտում, բայց դու մի պատառ անում ես, բայց գիտե՞ս, թե ինչն է պատճառը, որ ես չեմ կարողանում քեզ մոտենալ՝ քո խոնարհությունը։ Սա սատանայի խոսքն է եղել մեր սուրբին, այնպես որ, ինքն էլ կարող է Աստծուց խոսել, ու ինչպես որ սատանան էր Հիսուսին փորձում, սա էլ ազգին է փորձում, որ տեսնի, թե ինչպես կարձագանքեն, որովհետեւ դիվապաշտ է։

- Տեր Հայր, ինչպես վերջին տարիներին, այնպես էլ այս տարի Սուրբ Ծնունդի պատարագին իշխանական վերնախավը չմասնակցեց, բայց փոխարենը՝ հաջորդ օրը Արուճի կիսավեր Սուրբ Գրիգոր եկեղեցում հոգեւոր երաժշտության փառատոն անցկացրին՝ տեղի ունեցավ Սուրբ Ծննդյանը նվիրված համերգ։ Ի՞նչ խորհուրդ եք տեսնում սրա մեջ․ չգնալ Էջմիածին՝ սուրբծննդյան պատարագի, բայց գնալ կիսավեր եկեղեցի՝ հոգեւոր համերգի։

- Սա ազդակ է ազգին, որ եկեղեցին ինքն ուզում է վերածել համերգասրահի։ Ուրեմն ազգը պետք է հասկանա, թե մենք ինչի հետ գործ ունենք, որովհետեւ ինքն այսօր եկեղեցու դեմ մեծ հալածանքի է դուրս եկել, ինքը կպել է այդ վեմին եւ փշրվելու է, ես սպասում եմ այդ օրվան։ Սա ազդակ է ազգին, եկեղեցին միշտ ազգապահպան գործունեություն է ծավալել, հիմա սրանք եկեղեցու դեմ պայքարի են դուրս եկել, որովհետեւ այսօր եկեղեցին պայքարում է այլասերվածության, աղանդավորության, ապազգային սորոսականության դեմ։ Հիմա, եթե մենք եկեղեցին հանենք ազգի կյանքից, մեր իրականությունից, այս ամբողջ աղբը ներս կգա, ու ազգը կավարտվի։ Այսինքն, եկեղեցու դեմ պայքարը՝ սա է նշանակում։ Հիսուսն ասում է՝ իրենց գործերից կճանաչեք նրանց։ Ես ինչու եմ սրան հրեշ ասում. երբ Հերովդեսը մարդ ուղարկեց Հիսուսի մոտ, ասաց՝ նրան ասեք, թող գնա այդտեղից, Հիսուսն ասում է՝ գնացեք այդ աղվեսին ասեք՝ 3 օր էլ կմնամ, գործս կավարտեմ ու նոր կգնամ։ Այսինքն, այդ աղվեսով բնորոշում է մարդու հոգեվիճակը, հիմա ես որ սրան հրեշ եմ ասում, այդ բնորոշումն իր մեջ կա, բայց նորից եմ կրկնում՝ ինքը մենակ չէր կարող դա անել, այստեղ հանցախումբ է գործում, բոլորն էլ պատասխան են տալու Աստծու առաջ։ Մարդու միտքը, խոսքը, գործը հետադարձ ուժ ունեն, որի մարմնացած տեսքին հետո ինքը բախվում է, այնպես որ, նրա արարքները, խոսքերը հետադարձ ուժ ունեն, իրեն օգտագործելու են եւ աղբաման նետեն։ 
Վերջում ուզում եմ նշել, որ Աստծո դատաստանը չի ուշանա, մենք պետք է սպասենք դրան, բայց ազգն էլ պետք է ապաշխարի, որովհետեւ ամեն մեղք հետեւանք է ծնում, դա կլինի սուտը, հայհոյությունը, անառակությունը, թե հպարտությունը, հապա «հպարտություն»-ից հանեք «հ» տառը, տեսեք տակն ինչ կմնա՝ «պարտություն»։ Մի քանի տարի առաջ ինչ էին մեզ ասում՝ հպարտ քաղաքացի, ձեռքերդ վեր, բայց ի՞նչ եղավ՝ պարտված քաղաքացուն, ձեռքերը վեր, տարավ գերության։ Մեր սուրբ հայրերն իրենց գրվածքներում հպարտությունը գրել են՝ հրեշտակի պարտություն, որովհետեւ առաջին հպարտը սատանան էր, ազգը մեղք է գործել եւ արդյունքում այդ հետեւանքը կրում է, հիմա ազգը պետք է ապաշխարի, որովհետեւ երբ ժողովուրդը մեղք է գործում, Աստված պատժում է այդ ժողովրդին՝ թշնամիներ է բերում, երբ ժողովուրդը ապաշխարի, ինքնին ամեն ինչ կփոխվի, բայց վերջում վերադառնալով Վեհափառի հայտարարությանը, ասեմ, որ ի հեճուկս սրանց, շուտով Արցախը մերը կլինի, իսկ սրանք այլեւս չեն լինի եւ դա չեն տեսնի։