Այնպես է հանձնում, ասես իր բերած օժիտն է հանձնում․․․

Այնպես է հանձնում, ասես իր բերած օժիտն է հանձնում․․․

Հայոց ցեղասպանությունից հետո Ֆրանսիացի գրող Անատոլի Ֆրանսը գրել էր․ «Հայաստանը վերջին շունչն է փչում, բայց նա կվերածնվի: Այն մի փոքր արյունը, որ դեռ նրան մնում է՝ թանկագին արյուն է, որից ծնվելու է մի հերոսական սերունդ: Մի ժողովուրդ, որը չի ցանկանում մեռնել՝ չի մեռնում»:

Մերօրյա արհավիրքներից հետո եկեք խորհենք՝  այսօր ավելի վատ վիճակում չենք, քան 1915 թվականին։ Հայի թանկագին արյունից բան չի՞ մնացել, որը հերոսական  սերունդ է ծնելու։ Այո՛, շատ արյուն ենք տվել ու արյան գետերի հետ՝ Արցախ, այո՛, Հայոց պետությունը  կանգնած է վտանգի առաջ ու տարածքներ են հանձնվում՝ հանձնողին հարմար բառապաշարով, բայց կա նաև թանկագին արյուն, որի մի կաթիլը բավական է, որ հայը նորից վերածնվի։ Գոնե հավատու՞մ եք, որ կա այդ մի կաթիլ թանկագին արյունը։ Այսօր առավել քան օրակարգային է՝  ինչպես կարելի է այս մահվան արհավիրք, օրհաս բերողից ազատվել։ Ազատվել այնպես, որ երկիրը ցնցում չապրի։ Սա այն վիճակն է, երբ  պետք է ենթարկվել բժշկի ցուցմանը՝ հիվանդին չի կարելի տեղաշարժել, առավել ևս ցնցումների ենթարկել։ Քանի որ հիվանդությունը կպչուն փշի պես չի պոկվում մեր երկրի մարմնից, պետք է առավել քան զգոն լինել։ Պետք է թերթել հիվանդության պատմությունը և հասկանալ, թե երբվանից է սկսել այն։ Դժվար չէ հասկանալ, որ հիվանդության նշանները երևացել են 2018 թվականից, երբ «տուշոնկա նկարելով» խաղում էին մարդկանց հոգեբանության վրա, երբ անհայտ անձանց միջոցով Եռաբլուրն էր պղծվում․․․Իշխանափոխությունից հետո «ոչխարների» (բառը օգտագործում եմ այլաբանորեն) հոտի գլուխը շրջելուց, «կաղ ոչխարներն առաջ ընկան»։ Այդ «կաղ ոչխարներին» ոչ ոք չէր ճանաչում, նրանք երկնային պատիժ էին ժողովրդի գլխին։ Բայց պետք է հասկանալ, որ երբ հոտի գլուխը շրջում են, կաղ ոչխարներն են առաջ են ընկնում։  

Ընդամենը շրջվել է հոտի գլուխը և կաղերն առաջ են ընկել։ Մովսես Խորենացին իր «Ողբ»- ում ասում է․ «Երբ մտածում եմ այս բաների մասին, իմ մեջ հառաչանք և արտասուք են ծագում, ի՛նչպես հորինեմ իմ ողբը և կամ ո՞ւմ արտասվեմ. արդյո՞ք իմ թշվառ մանուկ թագավորի՞ն»։ Այո, մանուկ ու թշվառ է Հայաստանի կառավարիչը և իր հետ բերած երկնային պատիժ խմբակը։ Հայաստանի մաս- մաս հանձնման գործընթաց են իրականացնում։ Ու այնպես են հանձնում , ասես իրեն բերած օժիտն են բացում՝ դե կեսուր ջան, միասին ապրում ենք, միասին  կօգտագործենք։ Հայաստան հանձնելը դարձել է օժիտ հանձնելու պես մի բան։ Բացում, հանձնում են։ 

Ժամանակին, երբ Սիամանթոն ցեղասպանության գարշահոտի մեջ  գոռում էր․ «Թքում եմ բոլոր մեծ- մեծ աչքերին, որոնք չեն տեսնում իրենց տեսածը»․․․ այսօր կարելի է հասկանալ։ Քաղաքակիրթ աշխարհի չտեսնող աչքերի առաջ մորթվում է մի ողջ ժողովուրդ՝ իր իսկ դանակով, իր իսկ թշվառ ու մանուկ, իրեն կույր ձևացնող  իշխանության սրով․․․ Դրսից ու ներսից մեծ աչքերով կույր ձևացողներ են , իբր ոչինչ  չեն տեսնում։ Դրսից արհավիրք, ներսից արհավիրք։ Իսկ Հայաստանը օժիտի տեղ ներսի արհավիրքը հանձնում է․․․