Դպրոցում դիմակներ չկրելու համար ինչ տուգանքներ են նախատեսված

Դպրոցում դիմակներ չկրելու համար ինչ տուգանքներ են նախատեսված

Սեպտեմբերի 15-ից մեկնարկող ուսումնական գործընթացը հանրակրթական հաստատություններում իրականացվելու է ըստ ԿԳՄՍՆ ուղեցույցի, որի համաձայն՝ դպրոցում աշակերտները պարտադիր կրելու են դիմակներ՝ դրանք փոխելով 4 ժամը մեկ։ Դասամիջոցներ չեն լինելու, բուֆետները չեն աշխատելու եւ այլն։ Նախօրեին փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով դիմակների թեմային, նշեց, որ այդ հարցում որեւէ փոփոխություն կամ հավելյալ կարգավորում չի նախատեսվում։ Վերահսկողության գործընթացը տրված է ՀՀ կրթության տեսչական մարմնին, որը կիրականացնի այցելություններ դպրոցներ եւ կհետեւի, թե ինչքանով է գործընթացը պահպանվում։ Այս առիթով մի քանի հարց ուղղեցինք կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանին։ 

- Պարոն Շագաֆյան, ինչպե՞ս եք կազմակերպելու գործընթացը հանրակրթական հաստատություններում, մարզային կամ մասնավոր դպրոցներն ընդգրկվելո՞ւ են այդ ստուգայցերի մեջ։

- Մենք իրականացնելու ենք վերահսկողություն, նաեւ՝ հակահամաճարակային կանոնների կատարման նկատմամբ այնպես, ինչպես մայիս ամսվա վերջից սկսած իրականացնում ենք վերահսկողություն Երեւան քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների նկատմամբ։ Տեսչական մարմինն այս օրերին նախապատրաստվում է դպրոցների վերաբացմանը, մենք կազմում ենք մեր մշտադիտարկման գործիքակազմը, որը ներառելու է համապատասխան ուղեցույցի կամ որոշման բոլոր կետերը։ Մեր կարողությունները բաշխելու ենք այնպես, որ համաչափ վերահսկողություն իրականացվի թե՛ Երեւան քաղաքի հանրակրթական հաստատությունների նկատմամբ, թե՛ մարզային հաստատությունների։ Այդ թվում՝ ոչ պետական, քանի որ տեսչական մարմնի վերահսկողությունը տարածվում է բոլոր տիպի ուսումնական հաստատությունների վրա, անկախ դրանց կազմաիրավական ձեւից։ 

- Բայց տեսչական մարմինն այդքան ռեսուրս ունի՞, որովհետեւ հանրապետությունում հանրակրթական պետական հաստատությունների թիվը մոտ 1400 է։

- Այո, ողջ հանրապետությունում՝ 1400, իսկ Երեւանում՝ շուրջ 200։ Բնականաբար, այդքան ներուժ չկա, եւ բոլորը միանգամից ծածկել չենք կարող, այդ պատճառով եմ ասում, որ մենք մեր մարդկային կարողություններին համապատասխան՝ կբաժանենք Երեւանի հաստատությունների թվի վրա եւ կփորձենք համամասնությունը պահել։ Բայց ես կարող եմ ասել, որ Երեւանում վերջին 3 ամիսների մեր աշխատանքը մանկապարտեզների պարագայում ցույց է տալիս, որ պարտադիր չէ ամեն հաստատություն շաբաթը մեկ կամ ամիսը մեկ մտնել, իհարկե՝ ցանկալի է, բայց մենք դրան զուգահեռ բավականին մեծ ծավալի խորհրդատվական եւ հանրայնացման աշխատանք ենք անում՝ ԶԼՄ-ների միջոցով, մեր ռեսուրսներով, նաեւ տեղում խորհրդատվություն տրամադրելով, որը, մեր կարծիքով, ձնագնդի էֆեկտ է ունենում։ Բնականաբար, հաստատություններն իրար հետ կապի մեջ են եւ մեկը մյուսին փոխանցում են այն խնդիրները, որոնք որեւէ հաստատությունում կարող էին արձանագրված լինել, եւ, ենթադրաբար, մյուս հաստատությունում, որտեղ դեռ վերահսկողություն չի իրականացվել, արդեն դրան ավելի ուշադիր են լինում։ Մեզ համար վերահսկողական աշխատանքի հետ մեկտեղ նույնչափ կարեւոր է հաստատություններին համապատասխան ցուցումներ, խորհրդատվություն տալը, ինչը մենք անում ենք տեղում, հեռավար, նաեւ՝ բոլոր հնարավոր կապի միջոցներով։

- Իսկ ստուգայցերի որեւէ պարբերականություն մշակվե՞լ է, թե ինչ հաճախականությամբ եք այցելելու ուսումնական հաստատություններ։

- Այս պահին մշակվում է, նաեւ լրամշակվում է նոր գործիքակազմը՝ եղած ուղեցույցի կանոններին համապատասխան։ Իհարկե, մշակում ենք նաեւ սեպտեմբերի 15-ից սկսած մեր աշխատագրաֆիկը։

- Ո՞ր խախտումների դեպքում ինչ տուգանքներ են նախատեսված, եւ սկզբնական փուլում որքանո՞վ եք խիստ լինելու դրանց պահպանման հարցում։

- Սկզբնական փուլում մենք ավելի հակված կլինենք տեղում խնդիրների լուծմանը եւ խորհրդատվություն տալուն։ Առհասարակ, բոլոր պարագաներում, այն խախտումները, խնդիրները, որոնք արձանագրվում են եւ ողջամիտ ժամանակում լուծվում են, տեսչական մարմինը կամ որեւէ մեկը հակված չէ գնալ ինչ-որ պատժամիջոցների։ Մեր բոլորի նպատակն այն է, որ համակարգն աշխատի արդյունավետ եւ անվտանգ։ Հետեւաբար, երբ խնդիրը լուծվում է, բոլորս հասկանում ենք, որ արդյունքի հասել ենք։ Երբ խնդիրները չեն լուծվում, եւ խախտումներ են արձանագրվում՝ առերեւույթ կազմակերպչական բացթողումների պատճառով, էլի ցուցումներից, խորհրդատվությունից հետո մենք մեր լիազորությունների շրջանակում համապատասխան միջոցներ կձեռնարկենք։ Դրա մասին ամենօրյա ռեժիմով տեղյակ կլինեն ե՛ւ հաստատությունները, ե՛ւ դրանց ղեկավարությունը, նաեւ՝ լիազոր մարմնի ղեկավարները, որպեսզի նրանք էլ իրենց լիազորությունների շրջանակում միջոցներ ձեռնարկեն։ 

- Այնուամենայնիվ, դիմակ չկրելու դեպքում, լինի դա աշակերտ, թե ուսուցիչ, տուգանքն ինչքա՞ն է կազմելու։

- Տուգանքի չափ նշանակված չէ, եթե համապատասխան որոշումով այս կամ այն սանկցիա կսահմանվի, դրանք կարող են կիրառվել, այս պահին նման սանկցիաներ չկան, բայց էլի ուզում եմ նշել, որ մեր խնդիրը որեւէ մեկին տուգանելը կամ պատժելը չէ, մեր խնդիրն է, որ բոլորը նույն նպատակի ուղղությամբ աշխատեն, եւ ունենանք այն արդյունքը, ինչը բոլորս ուզում ենք։ Երեւանում մանկապարտեզների վերաբացումը եւ այս 3 ամսվա մեր փորձը, որպես այդպիսին, ես կարող եմ «պիլոտ» անվանել, իհարկե՝ դպրոցների պարագայում խնդիրներն ավելի շատ են լինելու, եւ աշխատանքն էլ՝ ավելի բարդ, այն պարզ պատճառով, որ հաստատությունների, շահառուների թիվն է շատ, բայց մանկապարտեզների վերաբացմանն ընդառաջ՝ շատերի մոտ տարբեր թերահավատություն, մտավախություններ կային, բայց, ըստ էության, փորձը ցույց տվեց, որ համագործակցային եւ կառուցողական աշխատանքն իր արդյունքը տալիս է։ Տեսչական մարմինը մանկապարտեզների վերաբացման այս 3 ամսվա ընթացքում արդեն 950 շրջայց է իրականացրել, եւ դրա արդյունքում ընդամենը 15 մանկապարտեզի գործունեություն է ժամանակավորապես կասեցվել, իսկ վերջին՝ մեկ ամսից էլ ավելի ժամանակահատվածում՝ ոչ մի մանկապարտեզ, ինչը նշանակում է, որ այդ ընթացքում մենք որեւէ իրավիճակ չենք արձանագրել, որը հիմք հանդիսանա տվյալ հաստատության գործունեության ժամանակավոր կասեցման։ 

- Բայց մարդկային գործոնից զատ, կան տեխնիկական խնդիրներ, դիցուք՝ ուղեցույցում նշված է, որ 54 քմ մակերեսի վրա պետք է տեղավորվի 20 աշակերտ, մինչդեռ տնօրեններն ասում են, որ չունեն նման մակերեսով դասասենյակներ, առավելագույնը՝ 50-51 քմ, այն էլ՝ մի քանիսը։ Նման դեպքերում ինչպե՞ս եք վարվելու։

- Այն խնդիրները, որոնք պայմանականորեն կլինեն ենթակառուցվածքային բնույթի, նույն Ձեր կողմից նշված քմ-ների կամ, օրինակ, մանկապարտեզների դեպքերում մենք շարունակում ենք արձանագրել հոսող տաք ջրի բացակայությունը։ Սրանք այնպիսի խնդիրներ են, որոնք մենք, այնուհանդերձ, արձանագրում ենք, ուղղում ենք լիազոր մարմնին, որպեսզի նրանք էլ օգնեն հաստատություններին՝ այդ խնդիրները լուծել։