Հուշարձան՝ Փաշինյանի իշխանությանը զոհ գնացած հազարավոր անմեղ հոգիների հիշատակին

Հուշարձան՝ Փաշինյանի իշխանությանը զոհ գնացած հազարավոր անմեղ հոգիների հիշատակին

Նիկոլ Փաշինյանը նախօրեին հուշարձան էր կանգնեցնում նախորդ իշխանության օրոք տեղի ունեցած հանցագործության՝ Մարտի 1-ի զոհերի հիշատակին: Իսկ ո՞վ պետք է հուշարձան կանգնեցնի իր իշխանության կողմից իրականացված հանցագործությունների զոհերի հիշատակին: Օրինակ, ո՞վ պետք է հուշարձան կանգնեցնի վարչապետի ավտոշարասյան կողմից ճզմված հղի կնոջ հիշատակին՝ որպես մարդկային կյանքի նկատմամբ դրսեւորած քամահրանքի եւ իշխանության անմարդկային դեմքի խորհրդանիշ: Ի՞նչ տեսք պետք է ունենա Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի տառապանքները եւ երկարամյա բանտարկությունը հավերժացնող կոթողը, ով արդեն երկրորդ տարին շարունակում է ենթարկվել իշխանության կտտանքներին միայն այն պատճառով, որ համարձակվել է հաղթել Փաշինյանի թեկնածուին: Ի՞նչ  հուշարձան կխորհրդանշի ընտրության գնացած, իշխանությանը հաղթած, բայց պարտադրված հրաժարականի դիմում գրած մյուս համայնքապետերին, ովքեր, ի տարբերություն Մամիկոն Ասլանյանի, գերադասեցին գործարքի գնալ Փաշինյանի հետ եւ ազատության մեջ մնալ:

Անպայման հուշարձան պետք է կանգնեցվի Փաշինյանի հրամանով ոստիկանական բռնաճնշումների ենթարկված զոհված զինծառայողների ծնողներին եւ մի հուշարձան էլ՝ իշխանության կողմից փողոց նետված ու անտուն դարձած մարդկանց եւ նրանց երեխաներին եւ իրենց երեխաների տառապանքները տեսնող ու ոչնչով օգնել չկարողացող մայրերին։  
«Մարտի 1-ի զոհողությունները հասել են իրենց նպատակակետին, որովհետեւ այսօր ՀՀ-ում ընտրություններ կեղծելը շրջված էջ է, որին վերադարձ չի լինելու»,- առանց ամոթի հայտարարում է մի մարդ, ում իշխանության օրոք բազմաթիվ ընտրություններ են կեղծվել, անգամ՝ իր կուսակցության վարչության ընտրությունները: Միայն այն, որ իշխանությունը դեռ ցուցարարների վրա կրակելու հրաման չի տվել, չի նշանակում, որ ընտրություններ չեն կեղծվել: Փաշինյանը շատ լավ գիտի իր ընտրակեղծարարության մասին, ուղղակի նրա մոտ համոզմունք կա ձեւավորված, որ ինքն անհրաժեշտություն չի ունենա իր կողմից իրագործված կեղծիքների դեմ բողոքող ցուցարարների վրա կրակելու հրաման տալ: Իսկ որտեղի՞ց նրան նման համոզմունք: Հնարավոր է, որ դրա համար նա ունի երկու պատճառ:

Նա արդեն մեկ անգամ կարողացել է բարեհաջող ընտրություն կեղծել ու ստիպված չի եղել իր դեմ բողոքողների ալիքը հանդարտեցնել: 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ակնհայտորեն կեղծվել են. Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիրն» ընտրություններից առաջ անցկացված տարբեր սոցհարցումներով ուներ ընտրողների առավելագույնը 25-30 տոկոսի աջակցությունը, բայց ընտրությունների արդյունքում կարողացավ որակյալ մեծամասնություն ձեւավորել:

Ընտրություններից ընդամենը երկու օր առաջ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը Հանրապետության հրապարակում 50 հազարից ավելի մարդ էր հավաքել, ովքեր մերժում էին Փաշինյանի իշխանությունը: 2008 թվականին իրեն հաղթող հռչակած Լեւոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում դրա կեսն էլ չէր հավաքում: Տարբերությունն այն էր, որ 2008 թվականի ընտրություններից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ընտրությունները կեղծված են, եւ իրեն ընտրությունների արդյունքում հաղթող հայտարարեց, իր կողմնակիցներին կոչ անելով՝ դուրս գալ փողոց, որ իշխանությունը բռնի ուժով վերցնեն, իսկ 2021 թվականին Ռոբերտ Քոչարյանը փաստացի ընդունեց ընտրությունների արդյունքները եւ փողոց դուրս գալու կոչ չարեց: Թե ինչու Քոչարյանը ճանաչեց ընտրության արդյունքները` պատրաստ չէ՞ր փողոցային պայքարի, թե՞ այլ հանգամանքներ կային, դժվար է ասել, բայց եթե կոչ աներ, հնարավոր է, որ նոր մարտի 1 կամ հուլիսի 1 լիներ:

Փաշինյանը հրաշալի գիտի, որ իր իշխանությունը հիմա հասարակության նույնիսկ 10 տոկոսի աջակցությունը չունի: Ինքը հեղինակություն ու հարգանք չունի նույնիսկ սեփական թիմում, եւ թիմակիցներն իրեն հանդուրժում են բացառապես իշխանությունից օգտվելու եւ մի քիչ ավելի շատ փող աշխատելու հանգամանքից ելնելով: Մի՞թե նա պատրաստվում է հաջորդ ընտրությունների ժամանակ հանձնել իշխանությունը, թե՞ համոզված է, որ հաջորդ ընտրությունների ժամանակ էլ կկարողանա այնպիսի ընդդիմություն ստեղծել, որը շատ հանգիստ կուլ կտա իր կողմից իրականացված ընտրակեղծարարությունը եւ հասարակությանը փողոց դուրս գալու կոչ չի անի, որ ինքն էլ ստիպված լինի ցուցարարների վրա կրակելու հրաման տալ:

Հերթական փորձությունը լինելու է այս տարվա աշնանը` Երեւանի ավագանու ընտրություններում: Ընդդիմությունն իրական հնարավորություն ունի Երեւանի ավագանու ընտրությունները վերածել իշխանության եւ անձամբ Փաշինյանի վստահության հանրաքվեի: Երեւանը Հայաստանի կեսն է` թե՛ բնակչության, թե՛ տնտեսության առումով, եթե Երեւանը մերժում է Փաշինյանին եւ նրա իշխանությունը, նշանակում է, որ նման տրամադրություններ են ամբողջ Հայաստանում: Ընդդիմությունը կարող է ընտրությունների գնալ ոչ թե տրանսպորտի վիճակը բարելավելու, Երեւանի փողոցներն ավելի մաքուր եւ բարեկարգ դարձնելու նախընտրական կոչերով, այլ Փաշինյանի իշխանությանը մերժելու, Փաշինյանին իշխանությունից հեռացնելու կարգախոսներով: Իսկ ընտրություններից հետո կարող է կազմակերպել ոչ բռնի, թավշյա հեղափոխություն՝ ստիպելով, որ հանրային աջակցություն չունեցող ու բացառապես ոստիկանական տեռորի վրա հենված իշխանությունը հեռանա:

Արդյոք այդ դեպքում Փաշինյանը կրակելու հրաման կտա՞, համաժողովրդական հեղափոխությունն արյան մեջ խեղդելու փորձ կանի՞: Առավել քան համոզված եմ, որ նա կգնա արյունահեղության, քանի որ նրա հնգամյա գործունեությունը ցույց է տալիս, որ նա կառչած է իր իշխանությունից առավել, քան որեւէ մեկը, ու սարսափում է այդ իշխանության կորստի հնարավորությունից: Նրա միակ հույսն այն է, որ կարողանա այնպես անել կամ այնպես պայմանավորվել, որ որեւէ մեկը հեղափոխության կոչ չանի, կամ ընդդիմությունն այնքան պառակտված ու հեղինակազրկված լինի, որ այդ կոչը որեւէ արձագանք չունենա: Մի բան, որ նրան առայժմ փայլուն հաջողվում է:
Աշխարհում շատ հուշարձաններ ու խորհրդանիշներ են քանդվում կամ ժամանակի ընթացքում վերաիմաստավորվում, հնարավոր է, որ մարտի 1-ին կանգնեցված հուշարձանն էլ ի վերջո վերաիմաստավորվի եւ նվիրվի Փաշինյանի իշխանությանը զոհ գնացած հազարավոր անմեղ մարդկանց հիշատակին:

Ավետիս Բաբաջանյան