Կոթողը

Կոթողը

Այսօր հատուկ գնացել եւ նայել եմ «Մարտի 1» գլուխգործոցը: Եթե ասեմ՝ մեծ «չիկանկա» է, հեղինակը կարող է նեղանալ, բայց դա այդպես է: Եթե փորձեմ միտքը մեկնաբանել, ապա աբստրակցիա կստացվի, եւ շատերը, որ տեսել են այդ «չիկանկան», ինձ հետ գուցե չհամաձայնեն: Ամեն դեպքում ասեմ, որ առաջին տպավորությունն այն է, որ ձախ կողմում նռնակ է պայթել, բեկորները թռչում են կայծակների պես, եւ պայթյունի օդային ալիքը ծռմռում, աղավաղում է տարածությունն ու այդ տարածությամբ ամփոփված իրականությունը:

Չէ, ինձնից հուշարձանի մեկնաբան դուրս չի գա…

Ասի՝ մի հատ էլ հետեւից նայեմ: Ի վերջո, այգին մանկական է, եւ այդ «չիկանկան» երեխաներին չպիտի վախեցնի: Մի հատ զըռ պատ է, որ ձողերով ու չգիտեմ էլի ինչերով պահում է «չիկանկան»: Ուղղանկյուն զըռ պատ ու ծուռումուռ ինչ-որ բան՝ իրար կպած: Եվ վարչապետին բերել են, որ այդ «համալիրը» բացի: Ուժըս… Գոնե Վահագն Խաչատուրյանին չբերեին՝ այդ նրբաճաշակ երաժիշտին, որ արվեստից հասկանում է, ինչպես ոչ ոք, յուրովի: Բա հուշարձանի դիրքը: Նայում է ուղիղ անկյունային մշտաբաց մուտքին եւ Գրիգոր Լուսավորչի փողոցով անցուդարձ անողներին հրավիրում իրենով հիանալու: Արեւոտ օրերին փայլուն «չիկանկան» կանդրադարձնի արեւի ճառագայթները, որոնք խուտուտ կտան վարորդների եւ ուղեւորների աչքերը՝ համակ ուշադրություն գրավելով: Զգացվում է, որ Նիկոլ Փաշինյանն է ընտրել տեղը, որպեսզի ՀՀ քաղաքացիների աչքը կոխի: Այլապես քանի՞ ՀՀ քաղաքացի է գնալու մանկական զբոսայգի, որ տեսնի այդ գլուխգործոցն ու վերապրի 2008թ. մարտի 1-ը:

Գրությունների գրագիտությամբ նույնպես չի փայլում հուշարձան-կոթողը: Սրբատաշ քարի վրա կարդում ես՝ «2008թ․ մարտի զոհերի հիշատակին»: Մինչեւ 1-ը գտնում ես, հազար բան ես մտածում՝ 2008թ. մարտին էլի՞ զոհեր են եղել… Գուցե «մարտադաշտից» փախածների՞ն նկատի ունեն: Վերջապես գտնում եմ 1-ը… Չէ, ամեն ինչ, կարծես, ճիշտ է:

Ինչպիսի՞ն կուզենայի, որ լիներ այդ հուշակոթողը: Կարող էին, իհարկե, մի հատ էլ ինձ հարցնել՝ մարտի 1-ի մասնակցիս: Ես ահագին սրբագրումներ կմտցնեի արվեստի այդ անկրկնելի նմուշի մեջ: Ո՞ւր են, օրինակ, Նիկոլը, Լեւոն Զուրաբյանը կամ, ասենք՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որ, բազմոցին պառկած, Ալիկ Արզումանյանի հետ խոսում էր հեռախոսով: Իսկ Ալիկ Արզումանյա՞նն ուր է, մի՞թե չէր կարելի նրան էլ պատկերել «չիկանկայի» վրա՝ կոնյակի շիշը ձեռքին: Ահավասիկ, Նիկոլը, համեստությունը մի կողմ դրած, հայտարարում է, որ մարտի 1-ի գործը մեծապես առնչվում է նաեւ իր հետ: Բա նա արժանի չէ՞ր, որ բռունցքը պարզած երեւար «չիկանկայի» վրա: Մի խոսքով՝ գործն ավարտուն չէ, կիսատ է, համոզիչ չէ…

Ինչպե՞ս ընդունեց ժողովուրդն այս աշխատանքը: Եթե շատ մեղմ ասեմ, ապա՝ շատ վատ: Նման հուշարձանի հանրային պահանջ հաստատ չկար: Դուք հիշեք նաեւ «Քայլող մարդու» հուշարձանի բացումը Հյուսիսային պողոտայի սկզբնամասում: Քայլող մարդու արձան ունենալու հանրային պահանջ եւս չկար, եւ չգտնվեց մի արվեստագետ, որ մասնագիտական գնահատական տար այդ այլանդակությանը: Սփյուռքահայ բարեկամս լավ բնութագրեց «քայլող սատանային»՝ բանը բանի մեջ, որ հնչեց այսպես՝ «փանը փանին մեջ»: Մարդ էլ չէր հավաքվել «չիկանկայի» բացման արարողությանը, նույնիսկ ՀԱԿ-ի եւ ՔՊ-ի շարքերը չկային: Մի քանի ծաղիկ էր դրված գետնին եւ երկու ծաղկեպսակ․ մեկը՝ այգու տնօրինության անունից, մյուսը… Գուշակեք… Իսկ մյուսի ժապավենին գրված էր՝ «ՀՀ ԵԿՄ կողմից»: Չգիտեմ էլ՝ կա՞ այդպիսի հասկացություն՝ ՀՀ ԵԿՄ: Եսիմ, Սասուն Միքայելյանն է, էլի, որ ուզեցել է հավերժացնել ԵԿՄ-ի՝ հայ-հայ է մասնակցությունը մարտի 1-ի արկածախնդրությանը: Ակամա հիշեցի Ման-վել, Ման-վել, Գա-գիկ, Գա-գիկ վանկարկումները…

ՀԳ. Հուշակոթողի հեղինակին՝ բարեկամս, շատ չհուզվես: Այն, որ ոչինչ չի ստացվել, քո մեղքով չէ: Այլանդակությանը հուշարձան նվիրելիս միշտ այսպես է լինում, այլանդակություն է ստացվում: Կներես, բարեկամ: