«Հրապարակ». Բուլկի Արամն ու նրա չալաղաջ գույքերը

«Հրապարակ». Բուլկի Արամն ու նրա չալաղաջ գույքերը

2004-2007 թվականներին Հայաստանի քաղաքաշինության նախարարի, 2007-2014 թթ․ բնապահպանության նախարարի, 2014-15 թթ․ Կոտայքի մարզպետի, իսկ 2015-2017 թթ․ Ջրային կոմիտեի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած, երկու անգամ պատգամավոր ընտրված Արամ Հարությունյանի` Բուլկի Արամի նկատմամբ 2019 թվականին հետախուզում է հայտարարվել, սակայն նրա գտնվելու մասին ՀՀ իրավապահներին առայսօր ոչինչ հայտնի չէ: Միայն մամուլում են հրապարակումներ եղել, որ նա ԱՄՆ-ում է` վայելում է նախկինում աշխատած փողերը: Նրա ու նրա հետ փոխկապակցված անձանց մասով գործերը շարունակվում են քննվել կամ նախաքննական վարույթում գտնվել, սակայն առավել տարօրինակ է այն, որ նա երկրից մեկնել է, երբ արդեն քրեական գործ եւ սահմանը հատելու արգելք կար սահմանված։ Թե ինչ ճանապարհով է նա հեռացել Հայաստանից, հայտնի չէ: 

Արամ Հարությունյանի կողմից 14 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու, փողերի լվացման եւ կոռուպցիոն բնույթի այլ չարաշահումների փաստով գործի նախաքննությունն ավարտին էր հասել դեռեւս 2022 թվականի հունվարին։ Արամ Հարությունյանի եւ նրան փոխկապակցված եւս երկու անձանց՝ Գագիկ Կարապետյանի եւ Սուրեն Ավագյանի նկատմամբ որոշվել է որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը, եւ քանի որ նա բացակայում էր երկրից, կիրառել են հեռակա վարույթ եւ նրանց նկատմամբ հետախուզում հայտարարել։ Վերջիններիս պատկանող 30 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ դրամական միջոցների ու անշարժ գույքի վրա էլ կալանք է դրվել։

Հիշեցնենք նաեւ, որ նախաքննությամբ հաստատված էին համարել, որ Հարությունյանը գործարար Սիլվա Համբարձումյանից 14 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք է ստացել՝ փոխարենը պարտավորվելով վերջինիս տրամադրել տասը հանք շահագործելու լիցենզիա, սակայն խոստումը չի կատարել, եւ Սիլվա Համբարձումյանը բողոքել է դրա դեմ ու դիմել իրավապահներին։ Երեք տարի հետախուզվող Արամ Հարությունյանի գործը դատախազությունը հետ էր վերադարձրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ լրացուցիչ քննության։ Արամ Հարությունյանի գործի ամենաուշագրավ հանգամանքը նրան պատկանող շենքի պատմությունն է․ տարիներ առաջ Երեւանի ամենաթանկ շենքերից մեկը` Տիգրան Մեծի պողոտայի 4 հասցեում գտնվող «Հանարդնախագիծ» ինստիտուտին պատկանող շենքը, ինչ-ինչ եղանակով դարձել էր Բուլկի Արամի սեփականությունը: Նա շենքում տարբեր ծառայություններ ու եկամտաբեր հիմնարկներ էր տեղավորել` մի մասն ինքն էր աշխատեցնում, մյուս մասից վարձակալական գումարներ էր գանձում: Բայց ամենազավեշտալին այն էր, որ պետությունն այստեղ նրանից աստղաբաշխական գներով տարածք էր վարձակալել, որտեղ տեղակայված էին ֆինանսների նախարարության եւ ՊԵԿ-ի մի քանի ստորաբաժանումներ: Եվ ենթադրվում էր, որ եթե այս երկրում կա ապօրինի ձեռք բերված գույք, ապա դա առաջին հերթին հենց Տիգրան Մեծի 4 հասցեի շենքն է, որը 2018-ին իշխանության եկած մարդիկ պետք է հետ վերցնեն` հանձնելով սեփականատիրոջը` Հայաստանին: Բայց պարզվեց, որ Բուլկի Արամի հետ ինչ-որ կոնտակտներ են ստեղծվել, նրան խոստացել էին գործը փակել: Դա չստացվեց` հավանաբար վախեցան աղմուկից, բայց շենքին ձեռք չտվեցին: Ճիշտ է` Հարությունյանի` ապօրինի հարստացման գործը մեկ տարուց ավելի է՝ դատարան է ուղարկվել, սակայն ոչ մի ձայն, ոչ մի առաջընթաց չկա:

Մենք կապ հաստատեցինք Արամ Հարությունյանի պաշտպան Կարեն Հակոբյանի հետ՝ հասկանալու, թե պաշտպանական կողմն ինչպես է տեսնում ընթացող գործի քննությունը։ Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Արամ Հարությունյանի դեմ քրեական գործն անօրինական ձեւով վերաբացել են։ Խնդրեցինք մանրամասնել, թե որտեղ է տեսնում անօրինականության դրսեւորումներ, սակայն Հակոբյանն ասաց․ «Այդ ամեն ինչի կապակցությամբ նախկինում բազմաթիվ հրապարակումներ ենք արել, ես ցանկություն չունեմ, ճիշտն ասած, կրկնվելու, երբ ուզենամ խոսել, այն ժամանակ կխոսեմ»։ Միայն նշեց, որ գործի քննությունն անկողմնակալ չէ, խնդրեցինք պարզաբանել, թե ինչպես է դա արտահայտվում, սակայն Արամ Հարությունյանի պաշտպանը խուսափեց որեւէ բան ասել: Հասկանալի է՝ չեն ուզում, որ հարցն արծարծվի, եւ նոր հրապարակում լինի այս թեմայով։

Կապ հաստատեցինք նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանի հետ, ով նշեց, որ գործի նախաքննությունը դեռ շարունակվում է։ «Արամ Հարությունյանը դեռեւս հետախուզման մեջ է։ Գործի նախաքննությունն ավարտվել էր, մենք ուղարկել էինք դատախազություն, իրենք հետ են ուղարկել՝ դրանից հետո նախաքննությունը դեռեւս շարունակվում է»,- ասաց խոսնակը։ Մեր հարցին՝ հայտնի՞ է արդյոք, թե երբ կավարտվի նախաքննությունը, Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակն ասաց, որ այդ մասին որեւէ բան ասել չի կարող։