Ամոթ է, սուսուփուս նստեք ձեր տեղը, զբաղվեք ձեր աշխատավարձերով ու պարգեւավճարներով

Ամոթ է, սուսուփուս նստեք ձեր տեղը, զբաղվեք ձեր աշխատավարձերով ու պարգեւավճարներով

Կառավարությունն առաջարկում է հանել պատվավոր կոչումների ինստիտուտը։ Մասնավորապես, առաջարկվում է հանել հետեւյալ կոչումները՝ ՀՀ ժողովրդական արտիստի, ժողովրդական նկարչի, գիտության վաստակավոր գործչի, վաստակավոր ճարտարապետի, վաստակավոր շինարարի, վաստակավոր բժշկի, վաստակավոր իրավաբանի, վաստակավոր արտիստի, վաստակավոր մարզչի եւ այլն։ Փոխարենը գործադիրն առաջարկում է սահմանել միայն թիմերի խրախուսմանն ուղղված մեկ հավաքական պատվավոր կոչում՝ «Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվ» կոչումը:

«ՀՀ պետական պարգեւների ու պատվավոր կոչումների մասին» օրենքի նախագիծը երեկ քննարկվել է Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ։ Փաթեթը ներկայացրել է արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը, ում ելույթը սադրիչ ազդեցություն ունեցավ ու դահլիճում աղմուկ բարձրացրեց. «Մի քանի ազգանուններ ընթերցեմ՝ Ծատուրյան Նիկոլայ, Բալյան Վլադիլեն, Բաբայան Դավիթ, Միրզոյան Փարավոն, Սողոյան Ֆրիդրիխ, ամենայն հարգանքով այս արժանավորագույն մարդկանց նկատմամբ, կարող էի ցանկն ընդլայնել, որեւէ մեկս մի՞թե ճանաչում է այս անձանց՝ որպես ժողովրդական. ժողովրդի մեծամասնությունն իրոք չի ճանաչում»: 
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով էլ՝ պետությունն այն չէ, որ գալիս են եւ հարսանիքներին «կլկլացնում» ու կոչումներ ստանում։ Նրա խոսքով՝ այդ ամենը Սովետական Միությունից մնացած վատ ժառանգություն է։ «Այ, հիմա այդ սխալն ուղղում ենք։ Հարգանքը եւ ժողովրդականությունը կոչումով չի որոշվում։ Այդ էլիտաները չկան, հիմա կա մեկ էլիտա, եւ դա ժողովուրդն է։ Այդ էլիտաներին հավաքեցիք բերեցիք հրապարակ, հրաժարականները պահանջեցիք, պարզվեց՝ զրո վարկանիշ ունեն ժողովրդի մոտ։ Յեքա ինստիտուտները ժողովրդի մոտ զրո վարկանիշ ունեն»,- հայտարարել է ԱԺ  նախագահը։

ՀՀ ժողովրդական նկարիչ, Ազգային պատկերասրահի նախկին տնօրեն Փարավոն Միրզոյանը հակադարձում է ԱԺ պատգամավորներին ու անտեղյակ փոխնախարարին. «Եթե այսօր ժողովրդական նկարչին, դերասանին, պետական մրցանակներ, վաստակավոր կոչումներ ստացած մշակույթի գործիչներին ժողովուրդը չի ճանաչում, դա պետության մեղքն է, եւ նա պետք է այդ գործիչներին համապատասխան ձեւերով ներկայացնի ժողովրդին, եթե նա այդպիսի քաղաքականություն չի վարում, այո, ես էլ եմ ասում՝ ո՞վ պիտի ճանաչի նրանց։ Բայց, այդքանով հանդերձ, ես կարծում եմ, որ մեծամասնությունը լավ էլ ճանաչում է այդ մարդկանց, թող իրենցից թեմա չհնարեն, որ ժողովուրդը չի ճանաչում»։ 

ԱԺ նախագահի խոսքով, այդ կոչումները Սովետական Միությունից մնացած վատ ժառանգություն են, Ալեն Սիմոնյանը նաեւ նշել է․ «Այդ մեծանուն մարդկանց անունները որ տալիս եք, մի հատ տեսեք՝ ում են ժողովրդական կամ վաստակավորի կոչում տվել։ Էլիտան կամ գիտությունների թեկնածուն այն չէ, որ պետությանը ծառայություն էին մատուցում...»։ Ինքը, օրինակ, ի՞նչ ծառայություն է մատուցել պետությանը, որ արժանացել է ՀՀ ժողովրդական նկարչի կոչմանը։ «Այ ցավդ տանեմ, հենց իրենք չեն աշխատում, պետությունը, կառավարությունը պետք է ծրագիր ունենա, մեր այսօրվա պետությունը ծրագիր չունի՝ ո՛չ մշակութային, ո՛չ քաղաքական, ո՛չ ռազմավարական, ոչ մի ծրագիր, դրա համար զբաղված են սուտ թեմաներ, կեղծ օրակարգեր առաջ քաշելով՝ ժողովրդին զբաղեցնելու համար․․․․ Հենց պետությունը պետք է այդ մարդկանց պատվերներ տա, նրանց բարձրացնի, լինի դա ժողովրդական նկարիչ, դերասան, թե ճարտարապետ, եթե դու այդ մարդկանց հետ չես աշխատում, նրանց պատվերներ չես իջեցնում, չես արժեւորում, ումի՞ց եւ ինչի՞ց ես բողոքում, այս ի՞նչ թեմա են գտել, կարծես բանուգործ չունեն եւ զբաղվում են ոչ պետական հարցերով․․․»։

Ըստ ԱԺ նախագահի՝ Լուչիանո Պավարոտին եւ Մայքլ Ջեքսոնը ոչ մի երկրի ժողովրդական արտիստ չեն եղել, բայց «իրենք կան եւ կմնան որպես մարդկության համար արժեք»։ Փ. Միրզոյանը զայրանում է. «Դուք ի՞նչ գործ ունեք Մայքլի, Պավարոտիի կամ Ամերիկայի, Ֆրանսիայի հետ, այդ երկրներն իրենց պետական ծրագրերն ունեն, իրենց մշակութային քաղաքականությունն ու ռազմավարությունը։ Ես բազմաթիվ երկրներում եմ եղել, նրանք իրենց մշակույթի գործիչներին այլ ձեւով են ներկայացնում, դուք պիտի տեսնեք, թե Լեհաստանը կամ Գերմանիան ինչ ձեւով է ներկայացնում իր մշակույթի գործիչներին ․․․ իրենք անունը կարող է վաստակավոր չդնեն, բայց կարեւորը բովանդակությունն ու այդ գործչին արժեւորելու կերպն է: Իսկ ժողովրդական արտիստներն ընտրյալներն են, այո, գուցե ժամանակին մի քանի հոգի պատահական ստացել են այդ կոչումները՝ ծանոթի միջոցով, իրենց կապերով եւ այլն, ինչը ես էլ գտնում եմ, որ սխալ է, չի կարելի ամեն տարի ինչ-որ մարդկանց ժողովրդականի կոչում տալ, 5 տարին մեկ տվեք, բայց արժանի մարդկանց տվեք այդ կոչումները, բարձրացրեք, խոսեք այդ մարդկանց մասին, ներկայացրեք նրանց արվեստը, որ ժողովուրդն էլ ճանաչի: Մհեր Մկրտչյանին, Սոս Սարգսյանին ինչպե՞ս գիտեին․ որովհետեւ երկիրն էր նաեւ նրանց ներկայացնում, Գրիգոր Խանջյանին պետությունն էր ներկայացնում: Եթե չխոսվեր այդ մարդկանց մասին, ո՞վ էր նրանց մասին իմանալու: Պետություն ջան, դու առաջին հերթին պետություն եղիր, մշակութային ծրագիր ունեցիր, ոչինչ չես անում ու հետո ասում ես` չեն ճանաչում..., մշակութային ռազմավարություն ունեցիր, որ մեր ժողովուրդն էլ այդ ուղղությամբ մտածի, բայց հիմա մեր ժողովուրդը միայն առեւտրի մասին է մտածում, թե ինչպես այս իրավիճակում գոյատեւեն....»:

Թե ինչ նպատակ է հետապնդում իշխանությունն այս հարցն օրակարգ բերելով, Փ. Միրզոյանը չգիտի, բայց պարզ է մի բան, որ երկիր ենք կորցնում. «Երկիր ենք կորցնում, դրա մասին թող մտածեն, ավելին` հա՛մ երկիրն են քանդում, հա՛մ` մշակույթը, մշակույթին, եթե կարում եք, օգնեք, եթե չէ, ձեռ մի տվեք, բայց դուք ոչ միայն չեք օգնում, այլեւ ծրագիր էլ չունեք, ընդհանրապես մեր երկիրը որեւէ ծրագիր չունի եւ ինքնահոսի գլորվում է, այսպես ո՞ւր ենք գլորվելու, ես չեմ հասկանում, ինչքա՞ն կարելի է այս երկրի հետ խաղալ, ժողովրդի հույզերի, հոգեկան վիճակի հետ խաղալ, ես չգիտեմ գեթ մի օրենք ու դա 30 տարվա կտրվածքով եմ ասում, որ ընդունվել է հանուն ժողովրդի բարգավաճման, միշտ ի վնաս ժողովրդի ու մշակույթի, հերթով թատրոնները փակում են, բայց դրա կողքին մի հատ համերգասրահ չեն բացել, մետրոյի մի կայարան չեն սարքել, ինչո՞վ են այդ մարդիկ զբաղված: Ամոթ է, ամոթ, սուսուփուս նստեք տեղներդ, զբաղվեք ձեր աշխատավարձերով ու պարգեւավճարներով....»։ Գուցե քչությո՞ւն է անում, ուզում են ժողովրդական արտիստներին տրվող 40 հազար դրամ հավելավճարն էլ վերցնել։ «Չգիտեմ ինչ են անում, բայց եթե կարող են, թող օգնեն մշակույթին, չեն կարողանում, գոնե վնաս չտան, իսկ այդ օրինագիծն իրենց մակարդակի մասին է խոսում, ուզում են էնքան որ մի բան փորփրեն»։