Փակել «Նուբարաշենն» ու ԱԱԾ մեկուսարանը 

Փակել «Նուբարաշենն» ու ԱԱԾ մեկուսարանը 

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ ծավալուն առաջարկների փաթեթ է ներկայացրել, որոնց մի հատվածը վերաբերում է ՔԿՀ-ներին, դատապարտյալների պահման վայրերին։ Սամսոնյանի առաջարկած գործողություններով, մասնավորապես, առաջարկվում է փակել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ն, վերջնականապես՝ «Նուբարաշեն»-ը։ Առաջինի մասով նշվում է․ «ԱԱԾ մեկուսարանների անմխիթար վիճակի մասին խոսվել է բազմիցս։ ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը նախաձեռնում էր փակել դրանք։ Առաջարկում եմ ապահովել այդ գաղափարի կամ գործընթացի շարունակությունը», իսկ «Նուբարաշեն»-ի պարագայում նշվում է, որ այն ուղղակի պիտանի չէ։ Մեկ այլ առաջարկ՝ ծխող և չծխող կալանավորների համար նախատեսել առանձին խցեր։

«Հրապարակը» տեղեկացրել էր, որ նույն «Նուբարաշեն»-ում 10-12 հոգանոց խցերում չծխողները 24 ժամ կրկնակի չափաբաժնով թույն են շնչում։ Իրավապաշտպաններ Ավետիք Իշխանյանն ու Ժաննա Ալեքսանյանը պաշտպանում են ԼՀԿ-ական պատգամավորի առաջարկները։ 

Ժաննա Ալեքսանյանը նշեց, որ վերջերս մի կալանավորի հետ հանդիպելու համար եղել է «Նուբարաշենում», անցել բանտի լաբիրինթների ու գարշահոտության միջով։ «Եվ դրանից տառապում են ոչ միայն կալանավորները, այլև հսկիչները, որոնք համարյա մինչև ծունկը կանգնած էին ջրի մեջ»,-ասաց Ժաննա Ալեքսանյանը։ Նրա խոսքով՝ այս ՔԿՀ մտնելն իսկ խոշտանգում է։ Ժաննա Ալեքսանյանն արտգործնախարարությունում մի քննարկման ժամանակ լսել է, որ նորից գումար է հատկացվելու ՔԿՀ-ի վերանորոգման համար։ Իրավապաշտպանն ասում է, որ անիմաստ ջանքեր ու ծախսեր են՝  «Նուբարաշենը» չի վերանորոգվի։

Հիշեցնենք, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո, որի մասին իշխանություններն օգտագործում են «Թավշյա հեղափոխություն» բառակապակցությունը, կալանավորները  լավատեսական բաց նամակներ էին հղում  նոր իշխանություններին՝ ակնկալիքով, որ հեղափոխությունը կմտնի նաև ՔԿՀ-ներ։

««Նուբարաշենը» վաղուց ի վեր հնամաշ կառույց է, որում չի աշխատում ոչ օդափոխման համակարգը, ոչ կարգին ջրամատակարարում կա, գարշահոտություն է տիրում, դժոխային պայմաններ են, և վաղուց՝ դեռ 2000-ականներից ասվում է, որ այն պետք է փակվի»,-ասում է Իշխանյանը։

Նա հիշեցրեց, որ «Արմավիրի» բացվելուց առաջ  անընդհատ իշխանությունները խոստանում են փակել «Նուբարաշենը», բայց «Նուբարաշենը» մնում է։
Ինչ վերաբերում է ԱԱԾ մեկուսարանին, ապա Ավետիք Իշխանյանը քիչ թե շատ բարվոք համարելով այն` մյուսների հետ համեմատած, ավելացրեց, որ այն Հայաստանի բոլոր քրեակատարողական հիմնարկներից ամենաապահովն  է թե՛ քրեական ենթամշակույթի, թե՛ սննդի տեսանկյունից։  

Նաև Իշխանյանը նշեց, որ որքան էլ 2004-ին «Երևան-կենտրոնը» ձևական է գտնվում արդարադատության նախարարության ենթակայության տակ, այն, միևնույն է, շարունակում է մնալ ԱԱԾ ի մեկուսարան։ «Եվ այս տեսակետից կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ այն փակվի»,-ասում է Իշխանյանը։ Հարցին, թե ինչու, այնուամենայնիվ, փակվի, ասաց․ «Ինչ է նշանակում այդպիսի մեկուսարան, բոլոր մեկուսարանները պետք է համապատասխանեն բարձր չափանիշների։ Դրան է պետք ձգտել, մյուսների վիճակն է պետք բարելավել ու զուգահեռաբար դա փակել, էս իմաստով եմ ասում։ Ոչ թե այս մեկը փակել, բայց մնացածը մնան նույն վիճակում»։

Կալանավայրում չծխողների իրավունքների մասին։ Ժաննա Ալեքսանյանն ասում է, որ վիճակն այնքան անտանելի է, որ շատ կալանավորներ ուղղակի գիտակցաբար թողնում են ծխելը` մյուսների վիճակն էլ ավելի չծանրացնելու համար։

Իրավապաշտպանն  ասում է, որ սննդի առումով ՔԿՀ-ներում, մասնավորապես, «Նուբարաշենում» ու «Արմավիրում», որոշ դրական միտում կա՝ սնունդը լավացել է։