Իմ մանկության քաղցր ջուրը հանձնվեց․․․

Իմ մանկության քաղցր ջուրը հանձնվեց․․․

Սև լիճը մեզ համար երազ  դարձավ, մի գեղեցիկ երազ։ Երազ կորցնելը հեշտ բան չէ, մանավանդ մանկության երազը։ Լիճը իմ մանկության , պատանեկության ու երիտասարդության երազն էր։  Լճի շուրջ ասում էին 102 տեսակի ծաղիկ կա, փնջում էինք այդ ծաղիկները ու հաշվում, թե դեռ քանիսը  չենք գտել։ Քաղցրահամ ջուր ուներ, երեխաներով թաքուն  խմում էինք, ասում էին քաղցրահամ է։ Ոնց որ քաղցր թեյ կամ ինչպես գորիսեցիներն են ասում՝ «քաղցր չայ լիներ»։ Լիճը պարտք ու պահանջ չուներ ոչ մեկից։ Ինքը սնվում էր միայն ձնհալից ու անձրևահոսքերից։ Իմ մանկության հետ կապված հուշերը մի կողմ թողնեմ ու ասեմ, որ երբ արդեն աշխատում էի «Զանգեզուր» թերթի խմբագրությունում, Սև լճի տնօրեն նշանակեցին հորս մոտիկ ընկերոջը՝ Իսախանյան էր ազգանունը։ Հայրս այդ ժամանակ Գորիսի գարեջրի գործարանի տնօրենն էր, 15 տարի հանրապետության փոխանցիկ դրոշը իր ձեռքում էր պահում։ Ղարաբաղի ադրբեջանցիները գալիս ու մեր գարջուրն էին տանում, հայրս ասում էր՝ սրանք միայն մսխող են, բան ստեղծող չեն։ Հայը ստեղծի, իրենք ուտեն։

Սև լճում աճեցնում էին, իշխան, կարմրախայտ։ Պատկերացրեք քաղցր ջուր ու իշխան՝ մեղրահամ էր, յուղը ոսկեգույն, միսը կարմիր․․․ Մեր տանն ամեն օր այդ ձկից ուտում էինք, հորս ընկերը մեզ պատվում էր։  Մինչև հիմա էլ հիշում եմ որ եփում էինք, ուտելուց վարդի պես բացվում էր։ Երբևէ խոսակցություն չեմ լսել, որ Սև լիճը Ադրբեջանինն է։ Ադրբեջանցին մի այսպիսի բնավորություն ունի, որ հայկական ինչ  տարածք գալիս, բնավորվում է, այդ տարածքի անունը փոխում ադրբեջաներեն է ասում։ Քանի որ Սև լիճը իրենց սահմանին մոտ էր, «Ղարա գյոլ» էր ասում։ Սև լճի մասին ավանդապատում կար։ Ժամանակին քառասուն գլխանի մի վիշապ է եղել, խմել է այս լճի ջրի կեսը, հետո պառկել, որ հանգստանա, մյուս կեսն էլ խմի, ցամաքեցնի։ Աստծու հրամանով՝ սարերը մոտեցել են, վերցրել այդ լիճը, բարձրացել, հասցրել են մինչև երկինք, ազատելով վիշապից։ Վիշապն այլևս չի կարողացել վերև բարձրանալ ջուր խմելու, ծարավել է, ճաքճքել, տրաքել, ցրիվ եկել չորս կողմը։ 

Այդ վիշապը Ադրբեջանն է։ Որ ինչ հայկական տեսել, ուզել է լրիվ խմի,  ցամաքեցնի։ Աստված բարձրացրել է  մինչև երկինք այդ լիճը, որ վիշապից հեռու լինի, բայց վիշապը եկել ու լափել է։ Ավանդությանը եթե հավատանք, այդ վիշապը պիտի տրաքի, ցրիվ գա շուրջ բոլոր։

Հիմա մերը չէ Սև լիճը։ Ադրբեջանցիներից բացի  կա էլի մեկը, որ հայկական ինչ գյուղ, քաղաք․ լիճ, տարածք տեսնում է, կոչում է ադրբեջաներեն անունով։ Շուշա, Էյվազլի, Չայզամի, Ղարա գյոլ․․․ Ու հանձնում է Ադրբեջանին՝ առանց բառ  ասելու։ Ասում է, որը թարգմանել ես՝ քոնն է, խաղաղասիրաբար քեզ եմ հանձնում։ Եթե ողջ Ադրբեջանն էլ ոտքի կանգներ, չէր կարող անել այն, ինչ այդ մեկը ներսից  արեց Ադրբեջանի համար․․․ Մեր քաղցրահամ ջրի մեջ լեղի լցրեց։