Դեմոկրատից մինչեւ բռնապետ․ Նիկոլ Փաշինյանի սրընթաց «վերելքը»

Դեմոկրատից մինչեւ բռնապետ․ Նիկոլ Փաշինյանի սրընթաց «վերելքը»

Աչքիս առաջ եկան նախորդ բոլոր ռեպրեսիաները, որոնց դեմ ժամանակին պայքարում էր Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցի 2008 թվականի ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը, որն ընթանում էր ամբողջությամբ շրջափակված օպերայի շենքում՝ բազմահազարանոց ոստիկանական բանակի աջակցությամբ։ Մարտի 1-ի դեպքերից հետո երկրում արտակարգ դրություն էր հայտարարվել, մարդիկ վրդովված էին եւ հնարավոր էին ընդվզումներ՝ Սերժ Սարգսյանը որոշել էր երդմնակալության արարողությունն իրականացնել մի խումբ յուրայինների մասնակցությամբ։ Իսկ հանրությանը թույլատրված չէր մի քանի հարյուր մետրից ավելի մոտենալ օպերայի շենքին։ Ընդդիմությունը դատապարտում էր, մարդիկ անիծում էին ու հայհոյում, իսկ ոստիկանությունը պաշտպանում էր իշխանություններին՝ ինչպես այսօր։

Հիշեցի 2003 թվականի ապրիլը՝ երբ նախագահական ընտրություններից հետո ժողովուրդը փողոց էր դուրս եկել եւ պայքարում էր կեղծված ընտրությունների դեմ, իսկ ոստիկանությունը կրկին պաշտպանում էր իշխանությունների շահերը։ Մայրաքաղաքը եռում էր, մարդիկ օրերով տուն չէին գնում ԿԸՀ-ի եւ նախագահականի մոտից։ Եւ միայն Սահմանադրական դատարանի որոշումը մի փոքր հանդարտեցրեց կրքերը, քանի որ ՍԴ-ն որոշեց պարտադրել ՀՀ նախագահին՝ հաջորդ տարի՝ 2004 թվականին վստահության հանրաքվե անցկացնել, ճշտելով ժողովրդի կամքը։ Մյուս տարի 2004 թվականի ապրիլին մարդիկ կրկին փողոց դուրս եկան, պաշարեցին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով անցկացնել այդ հանրաքվեն, սակայն Ռոբերտ Քոչարյանը հրաժարվեց կատարել ՍԴ որոշումը։ Իսկ ապրիլի 12-ին եղավ բողոքի ակցիաների կուլմինացիան, երբ Բաղրամյան պողոտայում հայտնվեցին փշալարեր եւ ջրցան մեքենաներ, իսկ ոստիկանական ուժերը բռնություն կիրառեցին մարդկանց նկատմամբ եւ ծեծուջարդով քշեցին հավաքվածներին։ 
Հիշեցի նաեւ 2008-ի փետրվարի վերջի եւ մարտի 1-ի դեպքերը՝ երբ Երեւանի փողոցներում ոստիկանություն եւ զինվորականներ էին, իսկ մարդիկ տուն չէին գնում՝ բողոքում էին իշխանությունների գործողությունների դեմ։ Եւ այդ ամենն ավարտվեց արյունահեղությամբ ու 10 մարդու արյուն հեղվեց։ 

Այս բոլոր բողոքի ակցիաներին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է, որպես ցուցարար, ընդդիմություն, խմբագիր՝ եղել է բարիկադների հակառակ կողմում։ Հիմա հայտնվել է մյուս կողմում եւ կիրառում է այն ամբողջ գործիքակազմը, որի դեմ պայքարել է իր ողջ կանքում, որից բողոքել է, որը քննադատել է՝ իշխանություններին անվանելով բռնապետներ, մերժելով ռեպրեսիաներն ու մարդկանց կարծիքի վրա բռնանալը։

Հիմա ինքն է բռնանում, ճնշում, ծեծում ու ոստիկանություն տանում մարդկանց։