44-օրյայի ժամանակ ՌԴ-ն պետք է ավելի ակտիվ օգներ ՀՀ-ին, «նեղանալու» իրավունք ունեն, Պլատոշկին

44-օրյայի ժամանակ ՌԴ-ն պետք է ավելի ակտիվ օգներ ՀՀ-ին, «նեղանալու» իրավունք ունեն, Պլատոշկին

Հայաստանի խորհրդարանի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրության վավերացումը ոչ մի լավ բանի չի բերի;

Նման տեսակետ է հայտնել ռուս հայտնի դիվանագետ, պատմաբան, հասարակական և քաղաքական գործիչ Նիկոլայ Պլատոշկինը, ով 1990-ականների վերջերին և 2000-ականների սկզբներին գլխավորել է ՌԴ ԱԳՆ -ի Հայաստանի բաժինը։

«Ռադիո 1»-ին տված հարցազրույցում պատմական գիտությունների դոկտորն, այդուհանդերձ, ասել է, որ Երևանն իրավունք ունի «նեղանալու» Մոսկվայից ակտիվ աջակցության բացակայության համար։ 

«Մենք պետք է ավելի ակտիվ օգնեինք Հայաստանին 2020 թվականի ղարաբաղյան պատերազմի ժամանակ, երբ Հայաստանը պարտություն կրեց Թուրքիայի, Իսրայելի և Ադրբեջանի համատեղ ջանքերով։ Պետք էր հիմա էլ ավելի ակտիվ օգնել, որպեսզի պահեին Ղարաբաղը։ Նրանք, իհարկե, վիրավորված են մեզանից, բայց միջազգային դատարանի այս կանոնադրությունն ինչպե՞ս է օգնելու նրանց»։ – նշել է Պլատոշկինը։

Ըստ փորձագետի՝ Հայաստանը ցանկանում է մերձենալ ԱՄՆ-ի հետ, որն, ի դեպ, չի վավերացրել Հռոմի ստատուտը։ Բացի այդ, ինչպես ընդգծել է Պլատոշկինը, Երեւանը կրկնում է մեկ դար առաջվա սեփական սխալները։

«Եթե դուք այլևս հույս չեք կապում Ռուսաստանի հետ, ապա պետք է հույսը դնեք ուրիշի վրա, դուք միայնակ չեք գոյատևի այնտեղ: Բայց նրանք սխալմամբ որոշում են հույս դնել ամերիկացիների, ԵՄ-ի վրա։ Դա արդեն եղել է 1918 թվականին, երբ նրանք թքեցին բոլշևիկյան կառավարության երեսին, խզեցին բոլոր հարաբերությունները և ասացին, որ Ամերիկան այժմ իրենց բարեկամն է։ Բայց երբ սկսվեց Թուրքիայի հետ պատերազմը, Ամերիկան պարզապես դավաճանեց և լքեց նրանց։ Պատմության այս դասերը պետք է հասկանալ»,- հավելել է դիվանագետը։

Ավելի վաղ, վերհիշելով ՀՀ նախկին իշխանությունների օրոք ռուս-հայկական հարաբերությունների մակարդակը, դիվանագետն ընդգծել էր, որ Հայաստանը Ռուսաստանը բնական ու մերձավորագույն դաշնակիցն էր, նույնիսկ ավելի մերձ, քան Բելառուսը։