Այս քաոսը, պարզվում է, Նիկոլ Փաշինյանի մեծ սիրո պատճառով է առաջացել

Այս քաոսը, պարզվում է, Նիկոլ Փաշինյանի մեծ սիրո պատճառով է առաջացել

Բոլորն իրենց ուշադրությունը սեւեռեցին Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձի առաջին մասի վրա, հատկապես՝ Չարենցին ու Թումանյանին նվիրված, որտեղ նա մի կողմից Երկիր Նաիրիի ողբն էր անում, որն այլեւս կորսված է։ Դրա մասին, ի դեպ, օրեր առաջ ինքն ասել էր արտերկրում հավատարմագրված դիվանագետների հետ հանդիպման ժամանակ՝ որ այլեւս Երկիր Նաիրին չկա, ակնարկելով, որ պետք է մտածել միայն 29 հազար ք/կմ տարածքի մասին, մնացածը միֆ է՝ ուղեղային մորմոք։ Եւ Թումանյանին էլ հիշել էր բացառապես հայ-թուրքական հակամարտության ժամանակ սպիտակ դրոշը պարզած խաղաղության քարոզ տանելու համար։ Եւ ակնհայտ է, որ ինքն իրեն Չարենցի ու Թումանյանի հետնորդն է համարում՝ գուցե հավասարի իրավունքով։

Բայց առավել հետաքրքիր է նրա ելույթի վերջին հատվածը, որտեղ նա իր մեծագործությունների մասին թվարկելուց եւ կեղծ ու ճիշտ նկարագրությունից հետո՝ ահա թե ինչ երջանիկ կյանք եմ բերել ձեզ, ինքն իրեն հարց է տալիս՝ «ինչու՞ ենք անում այս ամենը»: Եւ ինքն էլ պատասխանում է․
«Մի պատճառով, միայն ու միայն մի պատճառով, որովհետև սիրում ենք ձեզ, սիրում ենք մեր երկիրը: Սիրում եմ բոլորիդ, սիրում եմ մեր երկիրը, մեր պետությունը, և որտեղ սխալվում ու սայթաքում եմ, որտեղ ձախողվում եմ՝ գուցե չափազանցված, գուցե խելամտությունը ստվերող սիրո պատճառով: Բայց սերը, ի վերջո, ավելին է ու ամենազորը, և փոթորկված օվկիանոսում հայտնված մեր նավը՝ Հայաստանի Հանրապետությունը, հասցնելու ենք խաղաղ նավահանգիստ»:

Պարզ ասած՝ մարդը համարում է, որ իր սխալները, այս բոլոր ավերածությունները, որ իականացվել են 4 տարվա ընթացքում, սիրո արդյունքում են եղել։ Եզրակացություն՝ եթե ինքն այդքան շատ չսիրեր մեր երկիրը, չէր լինի պատերազմ, չէին լինի զոհեր, երկրի ինքնիշխանությունը զրոյին չէր հավասարվի, այսքան խառնաշփոթ, թշնամանք ու ատելություն չէր լինի, այսքան ինստիտուցիոնալ ավեր չէր իրականացվի։ Թե ինչով եւ ինչպես կարող էր սերն այս քաոսի պատճառը դառնալ, պարզ չէ։ Պատկերացնո՞ւմ եք՝ եթե սա համարում է սիրո արդյունք, ատելությունն ինչե՜ր կարող էր առաջացնել։

Ելույթի այս մասը մի հին գրառման շարունակությունն է։ Կարծեմ՝ 2019-ի ամռանն էր, երբ մի կիսախելագար գրառում արեց իր էջում, որ ինքն իր սխալները սիրում է եւ թանկ է գնահատում, որովհետեւ ինքն այդ սխալներով ավելի շատ բանի է հասել, քան մենք բոլորս՝ մեր ճշտի շնորհիվ։ Ուզում էր ասել՝ դուք ինձ անընդհատ սխալների մեջ եք մեղադրել, բայց ես իմ սխալներով հանդերձ եկա, հաղթեցի եւ իշխանությունը վերցրեցի՝ իսկ դուք ինչի՞ եք հասել։  

Մարդն իրավունք ունի․ իր սխալներով, իր անհասկանալի սիրով, իր երկատված անձով կարողացել է մի ողջ երկիր պատանդ վերցնել, հասցնել կործանման եզրին ու մնալ իշխանության գլխին։