Եկեղեցու մասին

Եկեղեցու մասին

Իմ լավ բարեկամ Արմինե Օհանյանը հարցադրում է՝  ի՞նչն է պատճառը, որ ոչ թե հայ առաքելական եկեղեցին է ուժեղ, այլ տարբեր կրոնական կազմակերպություններ: Հավակնոտ կլիներ ասել, թե որեւէ մեկն ունի հարցի սպառիչ պատասխանը: Տարածված տեսակետ է, որ մեր ինքնության դեմ ինչ-որ արտաքին ուժեր գործում են նաեւ եկեղեցին թուլացնելու, տարատեսակ աղանդներ ներդնելու, սնուցելու միջոցով: Ինձ թվում է, սահմանադրությամբ հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերի ճանաչումն է հոգեւորականության «ծուլության» պատճառը: Մինչ աղանդավորներն իրենք են  գնում մարդկանց դուռը, հաճախ աներես համառությամբ քարոզում իրենց ուսմունքը, հայ առաքելական եկեղեցին, ընդհակառակը, սպասում է, որ ժողովուրդը գնա իր  ոտքը: Դուք գիտե՞ք մի քահանայի, որ տնօրհնենքին այցելի իր «հոտին»:

Նա սպասում է, որ իրեն հատուկ հրավիրեն, վարձատրեն-պատվեն, որից հետո միայն կկատարի տնօրհնենքի կարգը: Նույնը՝ մյուս բոլոր դեպքերում: Իսկ այն, ինչ կարելի է ստանալ համապատասխան «սակագնով»՝ արդեն կորցնում է խորհրդավորությունը, խորհուրդը, կարեւորությունը: Կրոնական ծեսը վերածվում է, ներողություն արտահայտության համար՝ «պատվերով համերգի»: Քահանան մատուցում է ծառայություն, ստանում սահմանված վարձը, դրանով էլ ամեն ինչ ավարտվում է: Եկեղեցին չունի անարծաթ քարոզիչներ: Թե ինչ աղբյուրից, որքան են վաստակում աղանդավորական քարոզիչները՝ տվյալ պահին կարեւոր չէ: Բնութագրականը նրանց նվիրվածությունն է, որ երբեմն հասնում է մոլեռանդության: Ինչպես ասում են՝ դուռդ փակես՝ պատուհանից են մտնում, շրջում համայնք առ համայնք, տուն առ  տուն:  Ստեփանակերտում երկու եկեղեցի կա, որ երեկոյան ժամը 19-ին դռները փակում են: Ասես դա պետական հիմնարկ է, աշխատում է առավոտյան 9- ից մինչեւ երեկայան 19-ը: Իսկ եթե մարդ խոստովանության կարիք ունի՞: Եթե նա պարզապես եկեղեցու մոտից անցնելիս հոգու  ցանկություն է ունենում՝ մտնել, մի մոմ վառե՞լ: Չէ՞ որ եկեղեցին ժողովրդյան  տուն է:

Ավանդաբար եկեղեցուց են օգնություն ակնկալել հիվանդները, աղքատները: Եկեղեցիներն ունեցել են իջեւանատներ, սեղանատներ, ապաստանել են տնանկներին, հույս ներշնչել հուսահատվածներին, բարոյական նեցուկ եղել ընտանիքներին: Այսօր եկեղեցին որեւէ մեկին ապաստանու՞մ է, մի սովյալի կերակրու՞մ է, մի ճանապարհից շեղվածի  ընտանիքի գի՞րկն է վերադարձնում:

Տասը հայից միայն մեկը գաղափար ունի գրաբարի մասին, հարյուրից մեկը հազիվ թե հասկանա այդ լեզուն, բայց մեր եկեղեցին շարունակում է քարոզել գրաբարով, եւ Սուրբ Ծննդի կամ Զատկի ճրագալույցին հավաքվածներից շատ քչերն են հասկանում, թե ինչ էր ասում պատարագիչը: Հնարավոր չէ՞ այդ աղոթքները վերածել ժամանակակից գրական հայերենի՝ ժողովրդի բոլոր խավերին հասկանալի լեզվի: Ժամանակը չէ՞ եկեղեցուց դուրս գալ, մարդկանց հետ շփվել ոչ թե տաղավար տոնից՝ տոն, այլ ամենօրյա քարոզով, խորհուրդներով: Համաշխարհային պատմությունը եկեղեցական մի քանի արմատական բարեփոխումներ գիտի: Հայ առաքելական եկեղեցին Լուսավորչի ժամանակներից մինչ օրս բարեփոխվե՞լ է: Ի վերջո, ե՞րբ է միավորվելու, ազգային մեկ-միասնական կառույց դառնալու հայ առաքելական եկեղեցին: