Թուրքիայում գանձագողությունը հասնում է վտանգավոր չափերի, իսկ պետությունը հանցավորաբար լռում է 

Թուրքիայում գանձագողությունը հասնում է վտանգավոր չափերի, իսկ պետությունը հանցավորաբար լռում է 

Պոլսահայ «ԱԿՕՍ»-ը գրում է, որ գանձագողությունը Թուրքիայում արդեն հասել է բավական վտանգավոր չափերի, գանձագողներն էլ սկսել են գործել բավական ակնառու համարձակությամբ՝ քանդելով ու ավերելով բազմաթիվ պատմամշակութային եւ բնական կարեւոր հուշարձաններ։ Պարբերականի ուշադրությունը գրավել է թուրքական մամուլում վերջերս ակտիվորեն քննարկվող մի թեմա, կապված Գյումուշխանեի նշանավոր Թիփսիզ-գյոլ լճի ճակատագրի հետ։ 12 հազար տարվա լիճը ցամաքեցվել է ըստ էության, գանձագողների կողմից, ինչ որ անհասկանալի ու անարդյունավետ պեղումների համար։

 Պարբերականը նկատում է, որ ընդհանուր տրամադրություն կա Թուրքիայում, որ պետությունը միտումնավոր կերպով չի միջամտում գանձագողների անօրինական գործողություններին։ «Ակօս»-ի ուշադրությունը գրավել է նաեւ Դիարբեքիրի Սուր թաղամասում գտնվող հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին, որը նույնպես մատնված է ավերի։ Եկեղեցին պատկանում է Սուրբ Կիրակոսի հիմնարկին, սակայն դեռեւս նորոգություններ այստեղ չեն սկսվել՝ նյութական միջոցների սղության պատճառով։ Թաղական խորհրդի անդամ Քաֆուր Թյուրքայը «Ակօս»-ին փոխանցել է, որ գանձագողները փորել են եկեղեցու հիմքերը, իսկ տեղացիներն ել սրբատաշ քարերն են գողացել՝ իրենց շինարարական նպատակներին ծառայեցնելու համար։

Թյուրքայը նշել է, որ իրենք պատրաստվում են գրավոր դիմում կատարել կուսակալությանն ու պատմամշակութային հուշարձանների պահպանության խորհրդին։ Գիտնական Ռուբեյդա Թունջն էլ «Տիգրիս» լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ  եկեղեցու փլուզման վտանգը ինքնին վտանգում է քաղաքի հիշողությունը։ Տեղի ճարտարապետների միության նախագահ Շերիֆխան Այդընն էլ հայտարարել է, որ Սուր թաղամասում պետականացումից հետո հապշտապ սկսվել է քանդման պրոցես, որի արդյունքում քանդվել է 357 շինություն, որից 100-ը հանդիսացել են պատմամշակութային արժեք ունեցող։