Արցախի աբխազացումից հետո Ռուսաստանն անցնում է Հայաստանի բելառուսացմանը` փորձում ենք կանխել

Արցախի աբխազացումից հետո Ռուսաստանն անցնում է Հայաստանի բելառուսացմանը` փորձում ենք կանխել

Շաբաթ օրը տեղի ունեցավ արտախորհրդարանական ուժերի  համագործակցության խորհրդակցական ժողովի երկրորդ նիստը` Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Կառավարության կայքում նիստի մասին տեղեկատվությունն անգամ ժլատ չես կոչի, ուղղակի ոչինչ չկա, բացի մասնակիցների թվարկումից. «Հանրապետություն» կուսակցություն՝ Արամ Սարգսյան, Ազատական կուսակցություն՝ Սամվել Բաբայան, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն՝ Տիգրան Ուրիխանյան, «Արդար Հայաստան» կուսակցություն՝ Նորայր Նորիկյան, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն՝ Դավիթ Սանասարյան, Հայաստանի եվրոպական կուսակցություն՝ Տիգրան Խզմալյան, Հայաստանի Քրիստոնեադեմոկրատական կուսակցություն՝ Լեւոն Շիրինյան, «Միասնական հայրենիք» կուսակցություն՝ Մհեր Տերտերյան, Պահպանողական կուսակցություն՝ Միքայել Հայրապետյան, Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչություն՝ Սեդրակ Աճեմյան, Հայաստանի դեմոկրատական կուսակցություն՝ Տիգրան Արզաքանցյան։ Այսինքն՝ «ուղղափառ» ռուսամետներից մինչեւ ուլտրաարեւմամետներ եւ «արաքս-քռագետներ»։
Ի՞նչ հարցեր են քննարկում այսքան լայն կազմով։

Առաջին նիստից հետո ոմանք մերժում էին անգամ ներկայացնել օրակարգը՝ ասելով, որ կա քննարկումները չհրապարակայնացնելու պայմանավորվածություն։ Նույնը երեկ կրկնեց Սեդրակ Աճեմյանը․ «Ունենք պայմանավորվածություն, որ հարցերը չպիտի փոխանցվեն մամուլին, քանի որ դրանք զգայուն ներքին եւ արտաքին հարցեր են՝ Արցախի խնդիր եւ այլն»։ Սակայն Սամվել Բաբայանը հերքեց դա․ «Ես չգիտեմ՝ ով ա էդ սուտը հորինում, որ չպետք ա հայտնեն կամ պետք ա հայտնեն․․․ ես տեղեկություն չունեմ, թե էդ ինչից եք Դուք խոսում։ Շատ պարզ, տարբեր հարցերի շուրջ քննարկումներ են լինում։ Ասենք՝ 3-4 կետի շուրջ քննարկում, տարբեր կուսակցություններ ինչ տեսակետ ունեն, տենց ուրիշ հատուկ բան չկա»։

Թեեւ Բաբայանն էլ շատ չմանրամասնեց՝ ձայնալարերի հետ կապված խնդիր ուներ, խոստացավ առաջիկայում խոսել։ Միայն 1-2 մեկնաբանություն տվեց։ Սա ի՞նչ կազմ է․ ռուսամետներ, արեւմտամետներ` վարչապետի հետ։ Ասաց․ «Հենց դա է խնդիրը, որ այնտեղ սայուզնիկներ չեն հավաքված... ոչ թե քննադատելու, այլ տվյալ հարցի շուրջ քո տեսակետն արտահայտելու․․․ թե ոնց եք մտածում, ինչ եք առաջարկում, ոնց եք պատկերացնում։ Սա է: Ոչ թե որ այդտեղ հավաքված են ինչ-որ մարդիկ՝ ինչ-որ մեկին պաշտպանելու․․․ Այլ քո տեսակետն արտահայտելու․․․ ասենք` Արցախի հարցի վերաբերյալ կամ Սյունիքի»։

Թերեւս հենց այս պատճառով կլոր սեղաններին չի մասնակցում Արման Բաբաջանյանը, որը դեմ է, օրինակ «Ալյանսի» Տիգրան Ուրիխանյանի ներկայությանը։ Իսկ վարչապետին հարցեր տալի՞ս են՝ Արցախի վերաբերյալ, Սյունիքի։ «Էնտեղ ոչ մեկը ոչ մեկին հարց չի տալիս։ Կան օրակարգային հարցեր, որի շուրջ տեսակետն արտահայտում ենք, մտքեր ենք փոխանակում, թե ոնց ենք էդ հարցը տեսնում»։

Տիգրան Խզմալյանին մի քանի հարց ուղղեցինք։

- Այդ ընդլայնված կազմը, այնուամենայնիվ, տարօրինակ չէ՞։

- Տարօրինակ չէ, այդ տարբեր տեսակետները բախվում են։ Դա բնական է։ Տարօրինակ կլիներ, եթե մենք համագործակցեինք։ Բայց դա համագործակցություն չէ։ Շատերն ընդհանրապես շփոթում են արտախորհրդարանական այս ձեւաչափը կառավարությանը կից ինչ-որ մի մարմնի հետ։ Մենք այնտեղ հավաքվել ենք որպես արտախորհրդարանական, եւ դա ընդգծված է հենց անվանման մեջ։ Այսինքն՝ գործընթացը, որ պետք է իրականացվեր խորհրդարանում, չի իրականացվում, որովհետեւ այնտեղ ոչ թե ռազմավարություն է քննարկվում, այլ այն մարտական ակումբ է։ 2 իրարամերժ ճամբարներ են, բայց, այնուամենայնիվ, քաղաքականության մեջ հարցերը պե՞տք է քննարկվեն, լուծումները պե՞տք է գտնվեն, եւ հենց այս իրարամերժ տեսակետների բախման մեջ մենք փնտրում ենք ընդհանուրը։

- Այսինքն՝ դուք այլընտրանքային խորհրդարա՞ն եք։

- Նման բան չասացի, դա կոչվում է արտախորհրդարանական ուժերի ժողով։ Ինչ դեր է կատարելու՝ ցույց կտա ժամանակը, այն սահմանադրական մարմին չէ։ Մենք ներկայացնում ենք տեսակետներ։ Իհարկե, Ձեր բերած օրինակը գուցե չի արտացոլում իրական գործընթացը, բայց պետք է ասեմ, որ հենց այս վերջին հանդիպման ընթացքում շատ կոշտ եւ քննադատական մոտեցում արտահայտեց հավաքվածների մեծ մասը։ Այդ 11 հոգուց առնվազն 6-7-ը խոսում էին հենց այնպես, ինչպես ժամանակին միայնակ խոսում էր Հայաստանի եվրոպական կուսակցությունը։ Եվ հենց Ռուսաստանի դերի մասին։

- Վարչապետի՞ն էիք քննադատում։

- Մենք վարչապետին դա ներկայացնում էինք, խոսքը քննադատության մասին չէ։ Իհարկե, քննադատում էինք, բայց ոչ թե սոսկ քննադատելու համար էինք հավաքվել, այլ՝ ներկայացնելու։  Մենք քննադատում էինք նրա կառավարության ծրագիրը, նրա վարած քաղաքականությունը, մենք փորձում ենք ազդել այդ գործընթացների վրա։ Եվ այնքան ժամանակ, քանի դեռ կա այդ ազդելու հույսը, մենք՝ որպես Եվրոպական կուսակցություն, մնալու ենք այդ գործընթացի մեջ, որովհետեւ դրա այլընտրանքը հերթական քաոսն է։ Եվ այս համատեքստում ասեմ Ձեզ. Արցախի աբխազացումից հետո Ռուսաստանը հիմա անցնում է Հայաստանի բելառուսացմանը։ Եվ մենք տեսնում ենք այս գործընթացը։ Ահա թե ինչու Պուտինը հրավիրեց Քոչարյանին ու նրա կուսակիցներին Մոսկվա։ Ահա թե ինչ է սպասվում մեր երկրին։

- Իսկ դուք իրեն հարց տալի՞ս եք՝ կարո՞ղ է մտնենք միութենական պետության կազմ, պատրաստվո՞ւմ է ճանաչել Ադրբեջանի ամբողջականությունը։ 

- Մենք լրագրող չենք, որ հարցեր տանք, մենք քաղաքական գործիչներ ենք եւ ներկայացնում ենք մեր տեսակետները հարցերի ու զարգացումների շուրջ, որը գտնում ենք անընդունելի։ Եվ առաջարկում ենք ելքեր։ 

- ԱԺ ուժերը հարցեր տալիս են։ Օրինակ՝ ինչ վտանգավոր ու նվաստացուցիչ զարգացումներ են մեզ սպասվում։ Նման կարեւոր հարցերի պատասխանո՞ւմ է։

- Գիտեք, երբ ես փողկապ եմ կապում, դա չի նշանակում, որ դույզն-ինչ փոխում եմ իմ տեսակետը։ 

- Բայց հարց չե՞ք տալիս, չե՞ք ուզում իմանալ այդ մարդու մտադրությունների մասին։

- Մենք անընդհատ իմանում ենք այդ մարդու մտադրությունների մասին։ Նա բացեիբաց ներկայացնում է դրանք նաեւ դրսում, մեզ մոտ ինչ-որ պետական գաղտնիքներ չեն բացվում։ Նա չի թաքցնում իր մոտեցումները, մենք էլ չենք թաքցնում մեր քննադատությունը։

- Այդ ձեւաչափի իմաստը ո՞րն է։

- Ես չգիտեմ, թե ինչ է տալու, դա ուրիշ հարց է, իսկ թե իմաստն ինչ է, ապա ասում եմ․ քանի որ խորհրդարանում չկա այդ աշխատանքը, հարցուպատասխանը վերջանում է ըմբշամարտով եւ շշերի նետումով, իսկ մենք պետք է գտնենք քաղաքական լուծումներ, այդ լուծումների համար հավաքվում ենք, մենք փնտրում ենք, առաջարկում ենք, մեր հնարավորության սահմաններում փորձում ենք ճնշում գործադրել։ Բացահայտ ասել ենք, որ, օրինակ, ռուսական այդ զորավարժությունների շարունակության դեպքում մենք՝ որպես Եվրոպական կուսակցություն, բարձրացնելու ենք Հայաստանին տրվող ֆինանսական օգնության հարցը եւ պահանջելու ենք, որ դա ուղիղ կապի մեջ գտնվի Հայաստանի կառավարության արտաքին քաղաքականության հետ։

- Իսկ չե՞ք կարծում, որ սա իմիտացիա է, որին  ներգրավվում եք։ Չէ՞ որ ինքը վարվում է այնպես, ինչպես նպատակահարմար է գտնում։

- Մենք քաղաքականության մեջ մտել ենք ոչ թե տանը կամ սրճարանում ամպագոռգոռ հայտարարություններ անելու համար։ Մտել ենք՝ փորձելու ուղիղ ազդեցություն ունենալ։ Եթե հաջողվի, փառք Աստծո, եթե ոչ՝ միշտ կարող ենք այդ գործընթացից դուրս գալ․ ինչպես մուտքը, այնպես էլ ելքն ազատ է։