«Հրապարակ». Այն, ինչ հաղորդում է դատախազությունը, քննչականը գաղտնիք է համարում

«Հրապարակ». Այն, ինչ հաղորդում է դատախազությունը, քննչականը գաղտնիք է համարում

Հակակոռուպցիոն կոմիտեում Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 24-ին հայտարարել էր, թե ահասարսուռ անուններով հրթիռների միջից պլատաներ են գողացել, որպեսզի այդ պլատաներում առկա ոսկին ծախեն, եւ դրա պատճառով այդ հրթիռներն օգտագործել չեն կարողացել։ «Պատերազմի ժամանակ դեպքերի առնչվեցինք, երբ պարզվեց, որ, ասենք, ահասարսուռ անուններով հրթիռների միջից, կարող է, պլատաներ են հանել, որոնց մեջ ոսկի կա: Եվ սա արտահայտում է ամբողջը: Շատ դեպքերում այսօր սա մենք ենք զգում, ներկաներն են զգում, երբ գնում են պետության համար ճակատագրական նշանակություն ունեցող խնդիր լուծելու, այդ գործիքը վերցրած գնում են, որ օգտագործեն, պարզվում է՝ այդ գործիքի կաղապարը կա, ներսի ողջ պարունակությունը հանված է, եւ հայտնի չէ՝ ով է հանել: Բայց դա չէ էականը: Փաստն այն է, որ այդ գործիքով հնարավոր չի լինում այդ խնդիրը լուծել»,- հայտարարել էր Փաշինյանը։

«Հրապարակն» իրավապահ համակարգի 2 մարմիններին՝ ՀՀ դատախազությանն ու Քննչական կոմիտեին, գրավոր հարցումներ էր ուղարկել՝ երկուսին էլ նույն հարցադրումներն անելով։ Այս 2 կառույցներին էլ հետեւյալ հարցերն էինք ուղարկել․
1․ Արդյոք վարչապետի հայտարարության հիման վրա որեւէ քրեական գործ հարուցվե՞լ է։ Եթե այո, ապա այն ի՞նչ փուլում է, կա՞ն գործով մեղադրյալներ։
2. Եթե չի հարուցվել, ապա խնդրում եմ պարզաբանել, թե ինչու։

Գլխավոր դատախազությունից այս հարցմանը հետեւյալ պատասխանն են տվել․ «Ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված Ձեր հարցմանը՝ հրթիռներից ոսկյա դետալներ պարունակող սարքերի հափշտակության փաստի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ վարչապետի կողմից 2022 թվականի հոկտեմբերի 24-ին կատարված հայտարարության, հայտնում ենք, որ դեռեւս 2019 թվականի օգոստոսի 16-ին առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու եւ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ 2003 թվականի օգոստոսի 1-ին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի (այսուհետեւ՝ ՀՀ նախկին Քրեական օրենսգիրք) 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 375-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով՝ մեկ անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, եւ առկա է մեղադրական դատավճիո, իսկ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով կասեցվել է՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով»։

Քննչական կոմիտեից մեր հարցմանը կոնկրետ պատասխան չեն տվել՝ նախաքննության գաղտնիությանը հղում անելով, այն դեպքում, երբ մեր հարցումը նախաքննական գաղտնիքին որեւէ կերպ չի առնչվում, այսինքն՝ չի կարող նախաքննական գաղտնիք համարվել այն տեղեկությունը, թե կոնկրետ հաղորդման հիման վրա կա՞ հարուցված քրգործ, եւ արդյոք այդ քրգործով կա՞ն մեղադրյալներ։ Նշենք, որ մենք ենթադրյալ մեղադրյալների ինքնությունը չենք փորձել ճշտել կամ քննչականին չենք խնդրել, որ մեզ նախաքննության նյութեր փոխանցի։

Այս պարզ հարցերին Քննչական կոմիտեից մի պատասխան են տվել՝ «պարզ հարց, բարդ պատասխան» ոճի մեջ․ «ՀՀ քննչական կոմիտեի նախագահին հասցեագրված Ձեր 01.12.2022թ. հարցման կապակցությամբ հայտնում ենք, որ 2020 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի վերաբերյալ քրեական վարույթների շրջանակներում քննության առարկա են պատերազմի պատճառների եւ հետեւանքների, հայկական զինված ուժերի գործողությունների, այդ թվում՝ ռազմական տեխնիկայի, տարաբնույթ զինատեսակների տեխնիկական վիճակի եւ շահագործման հետ կապված հանգամանքները։

Հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝ հարցման հետ կապված այլ տեղեկատվություն տրամադրել չենք կարող, քանի որ այն պարունակում է քրեական վարույթի՝ հրապարակման ոչ ենթակա տվյալներ»։
Արդյունքում 2 հետեւություն կարելի է անել․ կա՛մ դատախազությունը նախաքննական գաղտնիք է տարածել՝ այն փոխանցելով լրատվամիջոցին, կա՛մ էլ քննչական մարմինը պարզապես հրաժարվում է նախաքննական տվյալ չհանդիսացող եւ հանրային հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունը լրատվամիջոցին փոխանցել։