Մեդիատեռո՞ր, թե՞ հետապնդման մանիա

Մեդիատեռո՞ր, թե՞ հետապնդման մանիա

Լրատվամիջոցներին մեդիատեռորի մեջ մեղադրելով՝  իշխանությունը նախեւառաջ փաստում է, որ իր շարքերում աննախադեպ մեծացել է հետապնդման մանիայով տառապողների թիվը։ Եվ դրանցից առաջինը ինքն է՝ իշխանության ղեկավարը։ 

Այլ կերպ չես բացատրի դեկտեմբերի 13-ի՝ նրա անվտանգությանը միտված միջոցառումները, որոնք աննախադեպ էին թե՛ ընդգրկումների, թե՛ նաեւ «որակի» առումով․ նույնիսկ ուղղաթիռի անհրաժեշտություն էր ծագել։ Բոլորն էին հասկանում, որ դրանք ոչ թե իրավիճակին համարժեք գործողություններ էին, այլ զուտ հոգեբանական պրոֆիլակտիկա՝ «պացիենտին» անվտանգության զգացողություն հաղորդելու համար։ Այդ օրը պարզ դարձավ նաեւ, որ եթե նույնիսկ մեդիատեռոր էր կազմակերպված, ապա դա հասել էր իր նպատակին՝ «թիրախն» ավելի քան ահաբեկված էր։ Միայն թե այս պարագայում չի գործում ահաբեկչության «պատասխանատու» նշանակելու իշխանական վարկածը․ մեղավորը ոչ թե լրատվամիջոցներն էին, այլ սեփական հոգեվիճակը՝ հետապնդման մանիան։

Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, անհետ կորած զինվորների հարազատների հետ հանդիպումից հրաժարվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, ըստ մամուլի հրապարակումների՝ վախենալով, թե իրեն կարող են դանակահարել։ 

Իշխանության ահաբեկված վիճակն ակնհայտորեն արձանագրում է նաեւ Ֆեյսբուքը, այստեղ խիստ պակասել են իշխանական մտքի գիգանտների գաղափարական «գինարբուքները»․ փորձում են ավելի հասարակ՝ «օյաղ» երեւալ, չգրգռել, մեծամտությամբ չսադրել։ 

Lուր առանք նաեւ, որ ԱԺ իմքայլական պատգամավորներին «մենության խավար զնդանից» դուրս գալու հրահանգ է տրվել․ վարչապետը հորդորել է դուրս գալ ժողովրդի մեջ, շփվել հպարտ քաղաքացիների հետ։ Սա, ի դեպ, տարօրինակ հրահանգ է մեկի կողմից, ով ինքը կարիք ունի ժողովրդի հետ ազատ-անկաշկանդ շփման։ Եվ ծագում է տրամաբանական հարցը․ եթե ինքդ չես կարող շփվել մարդկանց հետ, ո՞ր իրավունքով ես դա պարտադրում թիմակիցներիդ։  Բացի այդ՝ ժողովրդի հետ շփվելու կոչ անող վարչապետը յուրայինների համար ինչո՞ւ չի հստակեցրել, թե դա որ ժողովուրդն է՝ գիտական-մտավորական սերո՞ւցքը, հոգեւոր դա՞սը, կրթական հաստատությունների, դիցուք՝ ԵՊՀ-ի, ներկայացուցիչնե՞րը։ Իսկ գուցե դա արժանապատվության երթերի հազարավոր մարդի՞կ են, որոնց հետ պիտի շփվեն իմքայլականները։ Ասել է թե՝ ինստրուկցիան հստակ չէ, պետք էր նախապես հրահանգավորել՝ ո՞ր ժողովրդի հետ եւ որտե՞ղ շփվի երեսփոխանաց խեղճ/ացած դասը, գուցե «յարմարկաներո՞ւմ»։

Իհարկե, իշխանությունը հազարապատիկ չափազանցում է այն սպառնալիքները, որոնք իբր ուղղված են իր զանազան դեմքերի ֆիզիկական անվտանգությանը։ Ոչ մեկի մտքով չի անցնի ժողովրդի հետ շփվող պատգամավորի վրա, օրինակ, եռման ջուր լցնել կամ որեւէ վարորդի հրահրել՝ ավտոմեքենայով անցնել նրա վրայով։ 

Ժողովուրդը հստակ տեսնում է իշխանության բարոյապես ավարտված վիճակը եւ չի կամենա իր համար նսեմացուցիչ ծաղրուծանակ կազմակերպել բարոյա-քաղաքական «դիակների» հետ։