Գիտեմ, որ խմում ես` լավ կյանքից չէ, իհարկե

Գիտեմ, որ խմում ես` լավ կյանքից չէ, իհարկե

Նիկոլ, գիտեմ, որ «Հրապարակը» ծայրից ծայր կարդում ես, այդ պատճառով դիմում եմ անձամբ քեզ:
Գիտեմ, որ անմարդկային սթրեսի մեջ ես:
Գիտեմ, որ վստահ ես, որ քո ամեն քայլը ճիշտ էր եւ այլընտրանք չուներ:
Գիտեմ, որ ընկճված ես, անգամ նեղացած, որ քեզ չենք հասկանում:
Գիտեմ, որ քեզ մենակ ես զգում ու թշնամիներով շրջապատված:
Գիտեմ, որ անգամ ամենամտերիմ մարդկանց չես վստահում, ամեն պահի սպասում ես, որ կդավաճանեն քեզ:
Գիտեմ, որ հաճախ չես հասկանում, թե ինչ է կատարվում, ով որտեղ «քցեց» քեզ:
Գիտեմ, որ Հայաստանից բացի այլ երկրում չես ապրի, կյանքիդ միակ նպատակը մեր քաղաքական դաշտում կարկառուն դեր ունենալն է:
Գիտեմ, որ անգամ մեծ փողը քեզ պետք չէ, դու թոշակառու լինել չես կարող, պիտի ակտիվ մասնակից լինես:
Գիտեմ, որ վախենում ես ֆիզիկապես ու քեզ բազում անգամներ Արարատի փոխարեն ծեծվելուց ես պատկերացրել եւ եկել տխուր եզրակացության, որ քեզ կսպանեին:
Գիտեմ, որ խմում ես, լավ կյանքից չէ, իհարկե, այլ ներքին ու արտաքին ձայները լռեցնելու համար, գոնե մի քանի ժամով:
Գիտեմ, որ հրաժարականի պահանջն անարդար ես համարում, 70 տոկոս ձայն ունեցող ուժին ո՞վ է թելադրում, մտածում ես (Սերժի պես զայրացած ու վրդովված ես):
Գիտեմ, որ անմարդկային հոգնել ես, երազում ես, որ հետ գա, ասենք, 2017 կամ թեկուզ 2011 թվականը, գոնե մի ամիս արձակուրդ ես ուզում, այլ իրականություն:
Այս բոլորը գիտեմ։

Բայց արի մի պահ ազնիվ լինենք, այս տեմպերով երկար չես դիմանա, նման սթրեսին մարդիկ երկար չեն դիմանում:

Մնալուդ իմաստն էլ՝ քո արածները բացատրել, բոլորին ցույց տալ, որ այլ ճանապարհ չկար, հիմա անհնար է:

Իսկ իշխանության համար մնալը պատվից ցածր է: Այս պահին երկու տարբերակ ունես, սպասել՝ հույս ունենալով, որ մարդիկ կհոգնեն, կմոռանան, կներեն, կամ տանել քաղաքացիական պատերազմի: Անգամ եթե ուժով հաջողվի պահել իշխանությունը, դա քեզ չի ներվի, գուցե հողեր հանձնելը ներվի, բայց Երեւանում իշխանության համար մարդ սպանելը չի ներվի: Իսկ մարդիկ, կարծես, չեն հոգնում, մարդիկ կարծես նոր են արթնանում թմբիրից ու սգից, հետո-ն ուրախ չէ, հետո-ն այս դեպքում միայն մենակություն է:

Մի կարեւոր բան էլ․ եթե գիտես, որ էլի հողեր պիտի տաս, հիմա ամենահարմար պահն է՝ իշխանությունը տուր, թող քեզնից հետո եկողները ստիպված տան: Եթե քեզնից բացի էլի հող տվող լինի, դա քո նկատմամբ զայրույթը կմեղմի, մարդիկ կտեսնեն, որ դու այլընտրանք չունեիր:
Հիշում եմ՝ տարիներ շարունակ ամեն արտագաղթած ընտանիքի համոզում էիր հետ գալ հայրենիք, գիտե՞ս, թե ինչքան մարդ է պատրաստվում այսօր արտագաղթել: Կարծում եմ՝ դու չես ուզում Եղեռնից հետո ամենամեծ գաղթի պատճառը դառնալ:

Դու անկեղծ փորձեցիր՝ քեզ մոտ չստացվեց, հիմա թող ուրիշը փորձի:

Նորայր ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ