Գո՞րծ են անում, թե՞ գործ անելու իմիտացիայով են զբաղված

Գո՞րծ են անում, թե՞ գործ անելու իմիտացիայով են զբաղված

Պաշտոնական լրահոսից երեկ հայտնի դարձավ, որ իշխող «ՔՊ»-ի խորհրդարանական խմբակցությունն ԱԺ-ում հանդիպել է Պնախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը, առկա մարտահրավերները եւ դրանց լուծման ուղիները: Երկուստեք արձանագրվել է` «միասնական ջանքերով շարունակելու կառավարության կողմից որդեգրված բարեփոխումների հետեւողական իրագործումը»: Ըստ էության, ոչինչ չասող այս հաղորդագրությունը, իրականում, ուշագրավ է ոչ այնքան բովանդակային առումով, որքան՝ ժամանակային։ Այլ խոսքով, այս դեպքում կարեւորը ոչ այնքան այն է, թե ինչ են քննարկել նախարար Պապիկյանն ու իշխանական պատգամավորները, որքան այն, թե ինչու հենց հիմա է նման հանդիպում ու քննարկում տեղի ունեցել․ ո՞րն է մոտիվացիան։

Լուրջ քաղաքագետ լինելու հարկ չկա՝ հասկանալու համար, որ թե՛ նախարար Պապիկյանի այցը, թե՛ հանդիպումը, թե՛ քննարկումն ու դրա մասին բարձրաձայնումն ունեն միայն մեկ նպատակ՝ հնարավորինս լիցքաթափել վերջին ողբերգական դեպքից հետո հասարակության մեջ առաջացած տրամադրությունները, ցույց տալ, որ, ամեն դեպքում, իշխանությունն ինչ-որ բան անում է, ու ամեն բան այնքան բարձիթողի վիճակում չէ, որքան թվում է մեզ բոլորիս։

Սա նշանակում է, որ այս հանդիպում-քննարկման մոտիվացիան ինքնին «պղտոր» է ու, հետեւաբար, նաեւ որոշակի ներհակ զգացողություններ առաջացնող։ Ստացվում է, որ գործող իշխանությունները լծվել են ոչ այնքան բուն գործով զբաղվելուն, տեղի ունեցած ողբերգությունից դասեր քաղելով՝ բանակի վիճակը նորմալացնելուն, որպեսզի կանխվեն հետագայում նման ողբերգական, մարդկային կյանքեր խլող դեպքերը, որքան «գործ անելու» իմիտացիա ստեղծելուն։ Ու սա արդեն շատ վատ է, որովհետեւ նույնիսկ եթե տեսականորեն ընդունենք այն կանխավարկածը, որ այդ հանդիպում-քննարկման ժամանակ ամենաազնիվ մղումներով քննարկվել են բանակի խնդիրները եւ այլն, ապա արդեն իսկ հանգամանքը, որ նման հանդիպում կազմակերպվում է հենց հիմա, երբ անհրաժեշտություն կա, որ իշխանությունները խոստովանեն, որ ունեն լրջագույն թերացումներ պետության, այդ թվում նաեւ՝ բանակի կառավարման հարցում, զուտ մարդկայնորեն կասկածի տակ է դնում ցանկացած ազնիվ մղում եւ բարի նպատակ։

Իսկ ինչ վերաբերում է բանակի բարեփոխումներին ու բանակի առաջ ծառացած մարտահրավերներին, ապա հարկ է դրանք ասպարեզ բերել ոչ թե ամեն ողբերգական միջադեպից հետո, այլ  դարձնել առնվազն ողջ իշխանական համակարգի ամենօրյա աշխատանքի առարկան, որովհետեւ փաստացի այսօր առերեսվել ենք այն իրականության հետ, որ Հայաստանի միակ դաշնակիցը հայոց բանակն է։