Ջայլամային քաղաքականությունն այսօրվա իշխանական լծակների կարևորագույն մետամորֆոզներից է

Ջայլամային քաղաքականությունն այսօրվա իշխանական լծակների կարևորագույն մետամորֆոզներից է

«Հրապարակի» զրուցակիցը բանաստեղծ, հրապարակախոս, Հայաստանի գրողների միության «Ցոլքեր» գրական կենտրոնի ղեկավար Հռիփսիմե Հովհաննիսյանն է:

-Հայաստանում անհասկանալի մի իրավիճակ է ստեղծվել: Քաղաքական գործիչներն իրար են ծեծում ու հայհոյում: Ի՞նչ անուն կարելի է տալ այս երևույթներին:

-Բնականաբար` վատ, աններելի։ Ինքնաբավ այս իշխանության վարքագիծը դուրս է ինտելեկտի շրջանակներից։ Աներևակայելի վարքի նման դրսևորումը հակադաստիարակչական է բոլոր սերունդների համար։ Ցավալին այն է, որ երիտասարդների շրջանում վատ օրինակի ցուցանիշ է։ Եթե իշխանական վերնախավը այդպիսին է, ապա ցածր և միջին օղակը պիտի դառնա անկառավարելի։ Բարոյալքման այս ճամփան անհարիր է երկրի նկարագրի համար։ Այն ոչ մի չափանիշի մեջ չի մտնում։

-Երբևէ այսքան պառակտված հայ ազգը եղե՞լ է:

-Մեր ժողովուրդը խոսքի մագիայի մեջ է, անտարբերության վիրուսով վարակակիր։ Անցյալը համարում է ստվերային, ներկան` պարտված ու անհեռանկար, ապագան`ոչ խոստումնալից, որոնք արտագաղթի ճամփան են լայնացնում, դարձնում լքման կենսադաշտ։ Այսօր չկա խմորման մերանը, որ հույսի օրապահիկը դրվի սեղանին։

-Ատելության խոսքի արմատները Հայաստանում օր օրի ամրանում են: Ատելության խոսքն ինչո՞ւ այս աստիճան տարածվեց մեզանում:

-Մենք եսապաշտ ժողովուրդ ենք։ Չենք տեղավորվում «մենքի» գաղափարախոսության մեջ։  Չարությունը շուտ է ծավալվում։ Եղինջները և փշերը վկա։ Բարության ծաղիկը խեղդվում է դրանց շատությունից։ Այստեղ էլ քաղաքականություն կա։ Ուժեղը խեղդում է թույլին, չի թողնում ծավալում լինի։ Ցավը նրանում է, որ ոտնատեղ չի մնում գեղեցիկի համար, լինի մեղեդի, բառ թե կերպարվեստ։ Դաժան ժամանակների իրական պատկերն է սա։

-Թշնամին հասել է Տեղ գյուղ: Իշխանավորները զբաղված են աղբ հավաքելով ու ծառ կտրելով….

-Ես կասեի ոչ միայն Տեղ գյուղ։ Նրանք քայլ առ քայլ առաջ են գալիա, անշուն գյուդի ազատությամբ։ 
Ոտնձգությունը չի հակադարձվում, պետական լծակները թատերականացնում են իրենց երևակայելի «մաքրազարդումը»: Ծիծաղելի է անգամ այս ողբերգական խաղը։ Երբեք չեմ սիրել տրագիկ կոմեդիաները, որտեղ լացի ու ծիծաղի սահմաններն իրարամերժ են։  Ծառատունկն ու աղբահավաքությունը երրորդական սանդղակի խնդիրներ են։ Կարևորը երկրի կայունության ողնաշարն է, որը հիմա հազար ու մի ճեղքվածքներ ունի, մոտ է պարալիզացմանը։

-Արդեն չորս ամիս է՝ Արցախը բլոկադայի մեջ է:  Ինչո՞ւ համապատասխան քայլեր չեն ձեռնարկվում….

-Աչքակապությունը մտնում է աճպարարության որակների մեջ։ Իսկ ո՞վ ասաց, որ պիտի քայլերը տեսանելի լինեն։ Ջայլամային քաղաքականությունն այսօրվա իշխանական լծակների կարևորագույն մետամորֆոզներից է։ Չեն ուզում ու վերջ։ Սիրում են ուրիշի ջրաղացը անխափան աշխատի, ջուրը  լցնում են կամովին։ Ափսոս հերոսական Արցախին, որ պայքարի հորձանուտում է։ Ես վստահ եմ, որ չի հանձնվելու։

-Վարչապետի կինն ասում է, որ Հայաստանում կա 11 հազար դասալիք: Համաձա՞յն եք:

-Բարեբախտաբար ճանաչել եմ երեք առաջին տիկնանց։ Տիկին Ռիտան իմ մտերմուհին էր, բայց երբեք չեմ զգացել, որ նրանք կարող են միջամտել երկրի ղեկավարմանը։ Աննան ոչ մի շրջանակի մեջ չի մտնում։ Ի՞նչ է՝ կարծում է չզոհվածին պիտի տալ «դասալիք» որակավորու՞մը։ Քի՞չ արյուն հեղվեց, կամ արդյո՞ ք հաշմանդամներն ապրում են լիարժեք , բավարար կյանքով։ Խեղված են նրանց ճակատագրերը։ Աստված մի արասցե, եթե նորից պատերազմ լինի, պատվախնդիր երիտասարդությունը կգնա դեպի այդ կրակը, որի մոխրակույտերի մեջ կայծերը չեն մարում։ Տիկինը պիտի բարեկրթություն ցուցաբերի և մատը չդնի ամենացավոտ վերքին, որը չի սպիանում։