Առձեռն ուղեցույց՝ դիմակացավից ազատվելու

Առձեռն ուղեցույց՝ դիմակացավից ազատվելու

Կորոնավիրուսը վերջապես մեր բակ էլ հասավ: Այսինքն, ոչ թե վարակն ինքը, այլ այդ համավարակի հետ կապված ախմախությունները, որոնք արդեն 4,5 ամիս է տակնուվրա են արել կյանքը ողջ երկրում: Թե չէ մենք կորոնավիրուսով վարակված մարդ չունենք: Ապրում ենք մեզ համար, մեր լսածի չափով դիմակ ենք դնում, ալկոմածուկ քսում ձեռքներիս, վայրկյանաչափին նայելով՝ լվացվում: Հենց մրսածության նշաններ ենք ունենում՝ դոշաբ ենք խմում, կոտրվածքների դեպքում՝ դիմում սնղչուն, թե որ մի ծոցվոր հարս էլ ուզում է ելույթ ունենալ, տատմեր ենք կանչում, որ ծննդատան դռները չընկնենք էս նեղ մաջալին:
Շուկա չենք գնում: Մեր մրգավաճառը գալիս է (անունը չեմ տալիս, որ պարետը չբռնի), ապրանքը շարում մեր առջև՝ դե ջոկեք, լավերը տարեք… թութը, ծիրանը, ելակը, կեռասը, բանանը լոլիկը, վարունգը, լոբին, գազարը, կաղամբը, բազուկը, խառը կանաչին,, կարտոֆիլը, սոխը, այժմ արդեն նաև ձմերուկը… գներն էլ՝ հարմար-հարմար: Հերթ… Բայց մերոնց հալալ է: Հերթ են կանգնում ծառերի տակ, իրարից հեռու…
-Ո՞ւմ հերթն է,- ձայն է տալիս մրգավաճառը:
-Լուսիկի... Լուսի՜կ, ախչի Լուսիկ, գնա, քո հերթն է…
Լուսիկը նախապես լցված տոպրակներով մոտենում է կշեռքին, հաշվում են, փողը տալիս է, ու նորից լսվում է մրգավաճառի կանչը՝
 -Եկեք, ո՞ւմ հերթն է:
Եվ ապա.
-Վարսենիկ տոտա, 3 հազր 500 դրամ:
-Գրի:
Մրգավաճառը բացում է տետրը.
-Ո՞ր էջում ես:
-42:
- Էն մի տարածիդ հետ եղավ 8 հազար:
-Լավ, մյուս գալուս կբերեմ:
-Եղավ, Վարսենիկ տոտա, ո՞ւմ հերթն է, եկեք…
Կներեք, որ մի քիչ երկարացրեցի, բայց ուզում եմ, որ պատկերացնեք, թե ինչ համով հոտով բակ է մեր բակը: Բա որ մեկ էլ կանայք կոնսենսուսի են գալիս ու մրգավաճառից «պահանջում».
-Էս մի տղամարդն ա, հերթից դուրս ճամփի թող գնոա…
Մի խոսքով, աչքով չտամ, լավն ենք:
Հա, ուրեմն այսօր կրպակից «Հրապարակ»-ն առած մտնում եմ բակ, տեսնեմ մարդիկ են հավաքվել: Մրգավաճառի գալու օրը չէր, իսկ մրգավաճառից ազատ օրերին մեր բակում այսպիսի հավաքներ չեն լինում: Առաջացա, որ իմանամ ինչն ինչոց է ու տեսա տաղավարում նստած երեք ոստիկանի. թուղթերը դրել սեղանին, բան են գրում, իմ հարևան Շմավոնն էլ խեղճ-խեղճ առաջներին նստած: Դիմակով, ինչպես հարկն էր, ծածկվեցի ու մոտեցա տաղավարից դուրս խմբված հարևաններիս:
-Ըտեղ սոցիալական հեռավորություն պահեք,- լսվեց ոստիկանի կարգադրությունը…
Ոստիկանի կարգադրության վրա Շմավոնը մեր կողմ նայեց: Ես նրան այդքան հուսահատ չէի տեսել: Ձեռքով հարցրի՝ ի՞նչ է եղել: Ոսերը թոթվեց ու ձեռքը թափ տվեց: Մյուս հարևանս՝ Վաղոն, թեքվեց ականջիս ու ինչ-որ բան բռբռացրեց դիմակի տակից:
-Չհասկացա:
-Տուգանում են,- ասաց Վաղոն՝ դիմակը մի ակնթարթ քթից իջեցնելով:
-Ինչո՞ւ:
Վաղոն մատով ցույց տվեց իր դիմակը՝ դիմակի համար:
Այո, դիմակ չկրելն այս օրերին լուրջ հանցանք է, բայց ես չէի կարող իմ հարևան Շմավոնին թողնել այդ վիճակում: Ես միշտ պահեստային դիմակ եմ պահում ինձ մոտ, որովհետև այդ բժշկական կոչված դիմակների թելերը շուտ-շուտ կտրվում են: Դիմակը հանեցի գրպանիցս, դրեցի «Հրապարակի» մեջ, թերթը մի քանի տակ ծալեցի և, օդում թափահարելով, սկսեցի.
-Ժողովուրդ, դո՞ւք ինչու եք հավաքվել այստեղ, ոստիկան չե՞ք տեսել, ինչ է, գնացեք ձեր գործին, կորոնավիրուսը ձեզ չի՞ վերաբերում…տներով, տներով… ուստա Գերաս, խանութդ փակել, եկել ես այստեղ, որ ի՞նչ անես, դե ցրվեք, ցրվեք, ժողովուրդ ջան,- դիմեցի հարևաններիս ու աչքով-ունքով էլ նշան եմ անում՝ գնացեք, գնացեք…
Իմ հանկարծակի ակտիվացումը հետաքրքրեց ոստիկաններին: Նրանք, գործը թողած, ինձ էին ուսումնասիրում: Երևի մտածում էին՝ էս շորտիկով-մայկով, թերթը ձեռքին ինտելիգե՞նտն ով է: Դա ինձ թև տվեց: Համարձակ մտա տաղավար, բարևեցի և կտրուկ հարցերեցի.
-Ի՞նչ է պատահել, ի՞նչ է տեղի ունենում այստեղ:
-Կներեք, բայց դո՞ւք ով եք:
-Ե՞ս, ես էս շենքի լիազորն եմ, իսկ նա,- թերթով ցույց տվեցի Շմավոնին,- մեր բնակիչը: Ես պետք է իմանամ, թե ինչ է տեղի ունենում մեր շենքի բակում, մեր շենքի բնակչի հետ:
-Լսեք, քաղաքացի, մի խանգարեք մեզ, մենք մեր աշխատանքն ենք կատարում, ձեր բնակիչը դիմակ չուներ, մենք հիմա ակտ ենք գրում: Նա պետք է տուգանվի:
-Ինչպե՞ս թե դիմակ չուներ, Շմավո՞նը, դա հնարավոր չէ: Ես երեկ մեր բնակիչներին հավաքել եմ տաղավարում և հորդորել միշտ դիմակ կրել, ավելին, ասել եմ, որ պետք է գրպանում էլ մեկ հատ լրացուցիչ դիմակ ունենալ, որովհետև, մարդ ես, թել ա, բան ա, կտրվել կա:
Այս խոսքերի հետ ես աննկատ կանգնեցի սեղանի և Շմավոնի միջև՝ փակելով ոստիկանների տեսադաշտը: Հետևիս մասում պահած թերթը մի քիչ բացեցի, որ Շմավոնը դիմակը տեսնի: Կես ակնթարթում դիմակն անհետացավ Շմավոնի ձեռքում:
-Եվ ի՞նչ, դուք հիմա պնդում եք, որ մեր բնակիչը դիմակ չունի՞: Ես չեմ հավատում, ցույց տվեք, թե ինչ եք գրել ձեր ակտի մեջ: Խեղճ մարդ եք գտել՝ վրան ակտ եք գրո՞ւմ:
-Մենք մեր աչքով ենք տեսել, որ նա դիմակով չէ…
-Ձեր աչքո՞վ, յա՜ա՜ա՜, Շմավո՞ն, բա անհարմար չի՞, պատմիր տեսնեմ՝ ինչպե՞ս պատահեց, որ դիմակով չէիր:
-Նա մեզ արդեն ամեն ինչ պատմել է, դուրս եկեք, քաղաքացի, մի խանգարեք:
-Ոչ, դուրս չեմ գա, իսկ ի՞նչ է պատմել Շմավոնը ձեզ, տվեք՝ կարդամ:
-Այ մարդ, շենքի լազոր ես, ինչ ես, դուրս արի տաղավարից, դու արդեն մեզ խոչընդոտում ես:
-Ոչ, ես համագործակցում եմ ձեզ հետ, ես պետք է իմանամ, թե ձեզ ինչ է պատմել մեր շենքի բնակիչը, որ հանկարծ հանիրավի չտուգանեք:
-Մի անհանգստացիր, ամեն ինչ օրենքով է, դիմակ չի ունեցել՝ տուգանում ենք:
-Ես էլ ասում եմ՝ չի կարող պատահել, որ Շմավոնի նման օրինապահ քաղաքացին դիմակ չունենա:
-Մենք փաստն արձանագրել ենք:
-Բա սա ի՞նչ է, փաստ չէ՞,- ասացի ես ու մի կողմ քաշվեցի:
Ոստիկանների աչքերը չռված մնացին: Շմավոնը նստած էր՝ դիմակը երեսին:
-Իսկ հիմա տեսնո՞ւմ եք, որ քաղաքացի Շմավոնը դիմակով է, սա դիմա՞կ է, թե՞ դիմակ չէ:
-Դիմակ է, բայց երբ մենք նրան բերեցինք տաղավար, դիմակով չէր,- փորձեց հակաճառել ոստիկաններից ավագը:
-Ի՞նչ ասացի՞ք, դուք նրան տաղավար բերե՞լ եք: Շմավոն, քեզ բռնությա՞մբ են քարշ տվել այստեղ: Ես սա այսպես չեմ թողնի: Հենց այսօր կհրավիրեմ հարևանների խորհուրդ ու այս հարցը կդնեմ,- բարձր, որ պատուհաններից կախված հարևանները լսեն, ասացի ես՝ թերթը գլխավերևումս թափահարելով:
Հետո դարձա ոստիկաններին.
-Եթե ցանկանում եք, դուք էլ կարող եք մասնակցել: Մեր բակում հայտնի մարդիկ շատ են եղել՝ Տարոն Մարգարյանը, Հայկ Մարությանը և նույնիսկ Տիգրան Ավինյանը՝ Արարատ Միրզոյանի հետ: Այս հեղափոխությունը, կարելի է ասել, նաև մեր բակից է սկսվել, իսկ դուք եկել, մեր բնակիչ Շմավոնին եք ուզում տուգանել: Դուք գիտե՞ք ով է Շմավոնը…
Ոստիկաններից մեկը մյուսի ականջին մի բան փսփսաց: Իմ ականջին միայն այսքանը հասավ՝ գժանոցա ա, ախպեր… Մյուս ոստիկանը հավանության նշան արեց և բոթեց երրորդին:
-Էս ի՞նչ է, գնո՞ւմ եք… Հրավերս ուժի մեջ է, այսօր երեկոյան հարևանների խորհուրդ ենք հրավիրում, համեցեք:
-Շնորհակալություն, մենք ծառայության մեջ ենք:
Այդ պահին մեկ էլ Վարսիկը, պուլպուլակից ջուր լցրած, մոտեցավ մեզ.
-Տղեք ջան, ծարաված կլինեք, մի սառը ջուր տա՞մ խմեք…
Ոստիկաններն աշխուժացան.
-Հա, վախ, էս ի՞նչ շոգ ա…
Այդ միջոցին նայեցի տաղավարի ներսը: Շմավոնը թռել էր…