Ինչու է Հայաստանի իշխող քաղաքական էլիտան դեգրադացվում

Ինչու է Հայաստանի իշխող քաղաքական էլիտան դեգրադացվում

«Հրապարակն» արդեն գրել է այն մասին, որ Հայաստանի իշխող կուսակցության ներսում բավականին անհաշտ մթնոլորտ է տիրում, առկա են, այսպես ասած, «թայֆաներ», ընթանում է պայքար եւ այլն։ Երեւույթը, որքան էլ տգեղ լինի կամ տհաճ, իրականում խիստ բնականոն է եւ, ընդհանուր առմամբ, կարելի է բնորոշել որպես «պալատական խոհանոց», որտեղ ե՛ւ խարդավանքներ են հյուսվում, ե՛ւ դավադրություններ լարվում, ե՛ւ շահեր են բախվում։ Բոլոր երկրներում էլ, բոլոր քաղաքական էլիտաներում էլ սա կա, անկախ այն հանգամանքից, թե այդ էլիտաներն ինչ կրթական ցենզ կամ զուտ մարդկային որակներ ու մակարդակ ունեն։ Այդպես էր նույնիսկ Խորհրդային Միության արշալույսին՝ 17 թվի հեղափոխությունից հետո։ Թեեւ 2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցածը «հեղափոխություն» անվանելը խիստ պայմանական է, սակայն եթե փորձենք համեմատություն անցկացնել ռուսական 1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխության եւ դրան անմիջականորեն հաջորդած ժամանակների հետ, բավականին հետաքրքիր էվոլյուցիոն բաղադրատարրեր կնկատենք։

Նիկոլ Փաշինյանին, իհարկե, Վլադիմիր Իլյիչ Լենին չենք համարի (ամեն դեպքում, Լենինը լուրջ տեսաբան էր եւ գաղափարակիր, ի տարբերություն ոչ մի «իզմ»-ով չառաջնորդվող Փաշինյանի), սակայն 1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, գոնե մինչեւ իր մահը եւ Ստալինի՝ իշխանության գալը, այսպես ասած, «նորաթուխ հեղափոխական էլիտայում» պակաս «կրքեր» չէին բորբոքվում։ Պարզապես ռուսական իրականության դեպքում կար ուժեղ գաղափարական լիդեր, ի դեմս Լենինի, ով առաջին հերթին երկիրը պատերազմից էր դուրս բերել՝ արտաքին տարածքային կորուստների գնով, որոնք ոչ մի կերպ չէին շոշափում բուն ռուսական տարածքները, ով փոխել էր անծայրածիր երկրի ողջ հասարակական-տնտեսական համակարգը, հող էր տվել գյուղացուն, հանդես էր գալիս որպես ստորին խավերի ու նախկինում կեղեքվածների պաշտպան եւ այլն։

Փաշինյանն ուժեղ լիդեր չէ, թեեւ որոշակի համառություն, կամք ունի։ Բացի այդ, նրա իշխանության այս տարիները, հատկապես 20 թվականի 44-օրյա պատերազմն ու դրա ոչ հայանպաստ արդյունքները, էականորեն սասանել են նրա հեղինակությունը, ինչն իր հերթին հանգեցրել է նրան, որ եթե, օրինակ, Լենինն իր անձնական հեղինակությամբ կարող էր որոշակի բալանս ապահովել կուսակցության ներսում եւ թեկուզ գաղափարականությամբ եւ այլ ատրիբուտներով թույլ չտալ, որ ներթիմային խնդիրները դառնան չափազանց ցցուն, ապա Փաշինյանին դա չի հաջողվում։ Բացի այդ, ռուսական հեղափոխությամբ ձեւավորված նոր տնտեսական-հասարակական-գաղափարական համակարգն իրեն հակադրեց մնացյալ աշխարհին։

Հայաստանում «թավշյա հեղափոխությունը» տեղի ունեցավ առանց գաղափարական հենքի՝ զուտ «նախկիններին հեռացնելու», այն է՝ «Սերժին մերժելու» համար։ Ու այդ անգաղափարայնությունը, գումարվելով Փաշինյանի սասանված հեղինակությանը, երկրում առկա ընդհանուր ոչ նորմալ վիճակին, հասարակության մեջ տիրապետող հետպատերազմական «ինքնության ճգնաժամին» եւ այլ ճգնաժամային երեւույթներին, Հայաստանի իշխող մեծամասնության էլիտաներում որոշակի կենտրոնախույս տրամադրությունների համար պարարտ հող է դառնում, երբ մարդիկ պարզապես հասկանում են, որ պետք է միավորվել որոշակի «թայֆաների» մեջ՝ իրենց ավելի ապահով զգալու, «տանիք ունենալու» համար, հարկ եղած դեպքում նաեւ ավելի զորավոր՝ գուցեեւ «արտաքին տանիքների» տակ ապաստանելու հույսով, որպեսզի ապագայում՝ հետփաշինյանական Հայաստանում, արեւի տակ որոշակի տեղ ունենան։ Այս ամենը մեկ բանի մասին է վկայում՝ փաշինյանական էլիտայում խոր բարոյալքում կա, քաղաքական-բարոյական ճգնաժամ եւ դեգրադացիա։ Կհաղթահարվի դա, թե ոչ՝ դժվար է ասել։ Լենինյան էլիտայում բոլոր հնարավոր «թայֆայականությունները» վերջ տրվեցին Ստալինի «ուժեղ բռունցքով» հաստատված բռնապետությամբ։ Հայաստանի իշխող քաղաքական էլիտաների համար ամեն ինչ շատ ավելի մշուշոտ է։