Մեղվի բույն են փնտրում

Մեղվի բույն են փնտրում

Հեղափոխականների իշխանությունը շատ նման է մեղվի բույնը քչփորող երեխայի, որն այդպես էլ չի խրատվում մեղվի խայթոցներից, ամեն անգամ կրկին փայտը մտցնում է բնի մեջ: Մեղվի բույնը, պատկերավոր ասած, ամեն անգամ փոխվում է: Մի անգամ դա գերտերություններից որեւէ մեկն է, հիմնականում` Ռուսաստանը, որի «բույնը» քչփորելուց մեր «չարաճճին» ուղղակի «կայֆ» է ստանում` ինքնահաստատվում: Մյուս անգամ այդ մեղվի բույնը կարող է լինել Կոնդը կամ Գայի պողոտայի սկզբնամասում ապրողները՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու մոտակա տարածքը, որը որոշել են իրացնել` մարդկանց ուղղակի վտարելով կամ չնչին փոխհատուցումներ տալով:

Երրորդ պահին «մեղուները» կարող են լինել արտագնա աշխատանքի մեկնող մեր չարքաշ հայրենակիցները, որոնցից որոշել են մի քիչ փող «քերել»․ Ռուսաստանում եկամտահարկը նրանց ստացած եկամտի 13 տոկոսն է, Հայաստանում` 20 տոկոսը, ինչո՞ւ պետք է 7 տոկոսով ավելի եկամուտ ունենան մարդիկ, թող մուծվեն այս իշխանություններին, որը նրանց համար ոչինչ չի անում, բայց հարկեր ու տուգանքներ գանձելու մեծ վարպետ է:

Հետո մեղվի փեթակը դառնում են դպրոցն ու դպրոցական դասագրքերը, որտեղ «մեղուների» քանակը խիստ աճում է` ծնողներ, ուսուցիչներ, բուհական մասնագետներ եւ առհասարակ մարդիկ, որոնք մտահոգ են ազգային կրթության բովանդակությամբ: Մարդիկ, ովքեր տեսնում են, թե ինչ ավերածություններ են անում այս իշխանություններն ազգային արժեհամակարգի, հավատքի, գիր-գրականության, ավանդույթների ասպարեզում: Եթե նրանք զերծ չեն մնում Հայ առաքելական եկեղեցուն հարվածելուց` այն դեպքում, որ հայերի գերակշռող մասը քրիստոնյա է, ինչո՞ւ պետք է զերծ մնան, օրինակ, զինվորականներին կամ դատավորներին հալածելուց: Դու միայն մեղվի բույն ասա` փայտն առնեն, ընկնեն ջանին: