Ամբողջ աշխարհում փախստականի և տեղացու միջև հավասարության նշան չեն դնում

Ամբողջ աշխարհում փախստականի և տեղացու միջև հավասարության նշան չեն դնում

ՀՀ կառավարությունը նոր ծրագիր է մշակում՝ արցախցիներին բնակարաններով ապահովելու համար, մի քանի տարբերակ է քննարկվում։ Տարբերակներից մեկը ընտանիքի ամեն անդամին 3 միլիոն դրամ գումար տրամադրելն է, որ կարողանան բնակարան ձեռք բերել ՀՀ մարզերից մեկում։ Գումարն առձեռն չի տրամադրվելու, այլ լինելու է սերտիֆիկատի տեսքով եւ 10 տարի անց` չափահաս անձանց համար տրամադրված գումարի մի մասը նրանք պարտավոր են հետ վերադարձնել։ Երկրորդ տարբերակով առաջարկվում է կառուցել կամ գնել սոցիալական տներ, որոնք կտրամադրվեն արցախցիներին, բայց դրանք չեն լինի նրանց սեփականությունը` առնվազն 10 տարի։ Երրորդ տարբերակով առաջարկվել է ինչ-որ տարածքում հիմնել ավաններ, որտեղ կբնակվեն արցախցիները։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի աշխատակազմ է զբաղվում այս ծրագրերով եւ հանդիպումներ ունենում արցախցի պաշտոնյաների հետ` առաջարկելով քննարկել, նկատառումներ հայտնել: Հանդիպումներից մեկին ներկա է գտնվել նաև Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, ում հետ զրուցեցինք ծրագրի մասին։

-Պարոն Բեգլարյան, եթե կյանքի կոչվի հանդիպմանը ձեզ ներկայացված  տարբերակներից մեկը՝ այն կլուծի՞ արցախցիների բնակարանային խնդիրները։ 

-Առաջարկվող տարբերակները չեն կարող լուծել արցախցիների բնակարանային խնդիրները, և այս մասին և՛ ես, և՛ հանդիպման մասնակիցները մեր տարաձայնությունները հայտնել ենք, որը միայն առաջարկվող գումարներին չի վերաբերվում, այլ ընդհանուր ռազմավարությանը։ Ես կարծում եմ, որ հնարավորինս պետք է խթանել համայնքային բնակեցումը, և այն չպետք է անել մի քանի տարիների հաշվին՝ փուլ առ փուլ, այլ հնարավորինս խթանել շինարարությունը՝ առաջնային շուկայում։ Բնակարանային խնդիրներից բացի, պետք է լուծել  մարդկանց զբաղվածության հարցը՝ միայն բնակարանի հարցը չէ։ Վերցնեն սերտիֆիկատը և գնան հեռու բնակավայրերում տուն առնեն՝ արդյունքում չունենալով աշխատանք, իրենք ոչ մի հարց չեն կարողանալու լուծել։ Եթե չլուծվի զբաղվածության հարցը, բայց ունենան բնակարան, մի մասը այդ բնակարանները վաճառելու են և արտագաղթեն։ Այս տեսանկյունից ես չեմ կարծում, որ այսպիսի ծրագրով կլուծվի ռազմավարական, ժողովրդագրական խնդիրը։ 

-Արցախցիների հետ մեր շփումներում զգում ենք, որ ճնշված են, անգամ  վախենում են իրենց բարբառով խոսել։ Ըստ Ձեզ, ի՞նչն է պատճառը։

-Ես չեմ վախենում, բայց գիտեմ, որ դեպքեր կան, բայց կա նաև հակառակը, և միանշանակ չէ։ Համեմատելով սեպտեմբեր- հոկտեմբերի հետ, այո, հասարակության մի մասի մոտ կա վատ տրամադրվածություն դեպի արցախցիները, սակայն դա մեծամասնության կողմից չէ, այլ ինչ որ փոքրամասնություն, որը ստերիոտիպներով է առաջնորդվում: Դա որոշ չափով քարոզչության ազդեցության արդյունք է, որը երբեմն գալիս է հենց իշխանությունների քարոզչական նարատիվներից։ Դեպքեր կան, որ ինչ-որ արցախցի վատ վարք է դրսևորում, և այդ պատճառով մատնացույց են անում բոլոր արցախցիներին, ինչը քարոզչական մեքենան տարածում է, բայց սխալ է։ Վատ պահվածք կարող է ցուցաբերել լոռեցին էլ, օրինակ, բայց քարոզչամեքենան չի ասի՝ լոռեցի է, դրա համար է այդ վատ քայլը արել, և լոռեցիները բոլորն այդ սխալ քայլն անում են։ Նման քարոզ անում են  տարբեր կրոնական պատկանելության ունեցող, այլ ինքնություն կրող խմբերի, աշխարհագրական ինչ-որ հատվածի ինքնությունը կրող խմբերի նկատմամբ՝  բացասական ստերոտիպներ հարուցելով, որը դասական քարոզչական մեթոդ է։ Հիմնական խնդիրը սա է, որ մարդիկ կարող են կաշկանդվեն, մտածելով, որ կարող է վատ վերաբերմունքի արժանանան։ Արցախցիների հետ կապված կա նաև մի այլ  թյուրըմբռնում ևս, թե արցախցիները շատ բան են պահանջում Հայաստանի Հանրապետությունից, բայց նման խնդիր էլ չկա։ Մենք Հայաստանից, հայ ժողովրդից միշտ շնորհակալ ենք եղել, բայց մյուս կողմից պետք է գիտակցենք, որ մենք սովորական փախստական չենք, որ եկել է ինչ-որ օտար երկրից։ Մենք փախստական ենք դարձել մեր հայրենիքի մի մասից գալով մյուս մասը՝ կորցնելով մեր բոլորիս` հայերի հայրենիքի մի մասը, և ՀՀ-ն որպես պետություն պարտավորություն էր ստանձնել մեր հանդեպ, որը չի կարողացել կատարել` օբյեկտիվորեն կամ սուբյեկտիվորեն: Ուզեցե՞լ է կատարել` չի կատարել, թե՞ չի ուզեցել՝ սա այլ հարց է։ Բայց այսօր միանշանակորեն այդ պարտականությունները չեն կատարվում, սա մեկ, երկրորդը` մենք այնպիսի վատ վիճակում ենք եկել, որ ամեն դեպքում սխալ է ասել, որ ՀՀ-ում, օրինակ բնակարան, աշխատանք չունեցող մարդուն հավասարապես պետք է դիտարկել Արցախից փախստական դարձած մարդու հետ՝ որը պետք է օգտվի այն սոցիալական ծրագրերից, որը գործում է այստեղ տարիներով աշխատանք, տուն չունեցողների համար։ Ամբողջ աշխարհում՝ փախստականի և տեղացու միջև հավասարության նշան չեն դնում, անգամ այն դեպքում, երբ փախստականը եկել է աղքատ երկիր։ Այս պահին սա է խնդիրը՝  սուբյեկտիվ քարոզչական առումով այսպիսի ընկալումներ են ձևավորվում, որոնք պետք է հաղթահարվի առաջնահերթ իշխանությունների կողմից: Այնինչ մենք հակառակն ենք տեսնում։ 

-Վարդան Օսկանյանի գլխավորությամբ ստեղծվել է Արցախի ժողովրդի իրավունքներով զբաղվող հանձնախումբ, ինչ կարող ենք ակնկալել այս հանձնախմբի աշխատանքից։

-Այդ հանձնախմբին ես շատ դրական եմ վերաբերվում՝ կարծում եմ որ իրենք կարող են իրենց դրած խնդիրները լուծել՝ հաջողել՝ հատկապես, երբ ԱՀ ԱԺ-ի կողմից են ձևավորվել։ Կազմը բավականին արդյունավետ է։ Կենսագրություն, ճանապարհ, կարողություններ ունեցող գործիչներ են, և կարծում եմ իրենք էլ կոնկրետ ուղղություններում կարող են հաջողվել։ Իհարկե, միայն իրենք չեն դերակատար, և պետք է հաշվի առնենք, որ իրենք չեն փոխարինելու Արցախի պետական մարմիններին՝ նախագահի ինստիտուտին, ԱԺ-ին, ԱԳՆ-ին, ՄԻՊ-ի ինստիտուտներին, և այս ինստիտուտների կողմից ևս պետք է լինեն աջակցություն իրեն ջանքերին։ Հանձնախմբին պետք է նաև աջակցեն հասարակական նշանակություն ունեցող կառույցները, մարդիկ, և կարող է հանձնախումբն առանցքային՝ նշանակալից դեր ստանձնի և դառնա ուղիղ՝ բոլոր դերակատարների միջև օրակարգ, ռազմավարություն, համակարգված աշխատանք ստեղծող, որի հույսը ես ունեմ։