Ոչ թե «խիզախելու», այլ «շրջահայաց» լինելու ժամանակներ են

Ոչ թե «խիզախելու», այլ «շրջահայաց» լինելու ժամանակներ են

Գրագիտությունից անընդհատ խոսող Փաշինյան Նիկոլն ամեն օր անգրագիտության մաստեր կլաս է ցույց տալիս: Այս մարդը, որը, ցավոք, նաեւ մեր պետության ղեկավարն է, այդպես էլ չի կարողանում պետության ղեկավարին ու քոլեջի դասախոսին իրարից տարբերել: Նրան թվում է, թե լինել-չլինելու ճամփաբաժանում հայտնված երկրի ղեկավարի գործը ոչ թե պետության առջեւ ծառացած մարտահրավերների համար լուծումներ գտնելը, այլ «սիրուն» բառեր սովորելն ու «սիրուն» ձեւակերպումներ անելն է:

Տեսեք, այս մարդն ու իր շրջապատը խոսում են այն մասին, որ եթե Ռուսաստանն ուզում է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում մնա, ուրեմն պետք է ադրբեջանական զորքերը դուրս բերի Հայաստանի ինքնիշխան տարածքից կամ, առնվազն քաղաքական հայտարարության մակարդակով, ձեւակերպի Հայաստանի Հանրապետության 29,8 հազար քառակուսի կիլոմետրով սահմանը:

Ըստ երեւույթին, պետության կառավարման անցած վեց տարիներն այդ պարոնին եւ իր խմբակին չեն բավարարել, որպեսզի նրանք կարողանան պետության գործառույթները ռազմաքաղաքական դաշինքի գործառույթներից տարբերել: Այդ «խելոքներն» անգամ չեն հասկանում, որ եթե ոչ թե Հայաստանը, այլ ՀԱՊԿ-ն է, որ պետք է ադրբեջանական զորքերը դուրս բերի Հայաստանի ինքնիշխան տարածքից, որ եթե ոչ թե Հայաստանը, այլ ՀԱՊԿ-ն է, որ պետք է Հայաստանի սահմանների ձեւակերպումն ու ճանաչումը պարտադրի թշնամուն, ապա այդ դեպքում ո՞վ են իրենք, եւ ո՞րն է այն պետությունը, որն իրենք են ներկայացնում: 

Հա, գուցե նրանք՝ այդ պարոնները, չեն հասկանում, որ իրական ինքնիշխանությունն «ասելով» կամ «հայտարարություններով» չի լինում, որ տնտեսության իրական դիվերսիֆիկացիայի համար նախ խելքը գլխին տնտեսություն պետք է կառուցել, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու համար նախ սեփական սահմանները սեփական բանակով ձեւակերպել ու պաշտպանել պետք է կարողանալ, որ սեփական բանակը սպառազինելու համար նաեւ կայացած ռազմարդյունաբերություն պետք է ունենալ:

Իսկ գուցե Նիկոլին ու իր վարչախմբին թվում է, թե միայն ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, որովհետեւ ՀԱՊԿ-ն ադրբեջանական զորքերը դուրս չի բերում Հայաստանի Հանրապետության «ինքնիշխան տարածքից» ասելով, եւ հակառակը՝ ՀԱՊԿ-ում միայն այն դեպքում կմնանք, եթե այդ ռազմաքաղաքական դաշինքն ու Ռուսաստանը մեզ օգնեն երկրում հրթիռաշինությունն ու ՀՕՊ միջոցների «արտադրություն կազմակերպենք»-ը չասելով, կկարողանան ազդել Ռուսաստանի կովկասյան քաղաքականության վրա, ապա իրենց սխալ է թվում:

Իսկ եթե այդ պարոնները վեց տարի երկիրը կառավարելուց հետո անգամ չեն հասկացել, որ իր ռազմաքաղաքական դասերն եվրասիական տափաստաններում, երկու համաշխարհային պատերազմներում, իսկ այսօր արդեն ուկրաինական ռազմաճակատներում սերտող Ռուսաստանն ամենեւին էլ այն երկիրը չէ, որն աշխարհի վերաբաժանման այս նոր ժամանակների իր հավակնություններն ու ծրագրերը կարող է ինչ-որ «էժանագին խեղկատակության» հետ փոխարինել, ուրեմն իրենք իսկապես իրենց տեղում չեն:

Կամ՝ եթե նրանց թվում է, որ «Կրեմլում նստածները», որոնք այսօր կանոնակարգում ու կառավարում են աշխարհի նոր վերաբաժանման գործընթացում Ռուսաստանի ներդրումներն ու հավակնությունները, չեն կարողանա հասկանալ, որ այն, ինչը որ այսօրվա Հայաստանն է ցանկանում, ընդամենն «ուզում ենք»-ներից եկող եւ «ուզում ենք»-ներով հիմնավորվող ցանկություններ են, իսկ այն, ինչը որ Ռուսաստանն է անում կամ կարող է անել, դրանք արդեն «կարող ենք»-ներով ու «իրական կարողություններ»-ով հիմնավորվող անելիքներ են, ապա նրանք, իրենց այդ սահմանափակ պատկերացումներով, ոչ միայն պետության ղեկավարման բուրգում, այլեւ որեւէ տեղ լինելու իրավունք չունեն:
Այնպես որ, հիմա արդեն ոչ թե «խիզախելու», այլ «շրջահայաց» լինելու ժամանակներ են: Իսկ այդ ժամանակները, եթե նրանց հետ շրջահայացությամբ ու խնամքով չես վարվում, ազգերի ու պետությունների համար, երբեմն նաեւ անասելի արհավիրքներ ու մղձավանջային դժվարություններ բերող ժամանակներ են դառնում: Վկան՝ մեր 44-օրյա պատերազմն ու դրանից հետո եկած ժամանակները, վկան՝ Ուկրաինան ու ռուս-ուկրաինական պատերազմի պատմությունը:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ