Բրիտանական շտամը կբարդացնի՞ վիճակը

Բրիտանական շտամը կբարդացնի՞ վիճակը

Առողջապահության նախարարի տեղակալ Գեւորգ Սիմոնյանին հարցրինք՝ կորոնավիրուսի համավարակի ակտիվ փուլերում ավելանում էին քովիդ-կենտրոնները, երբ վարակը մի քիչ մարեց, դրանք վերադարձան նախկին ռեժիմին, տեսնո՞ւմ են նորից քովիդ-կենտրոնների վերապրոֆիլավորման անհրաժեշտություն։ Սիմոնյանն ասաց, որ դրանց մի մասն արդեն իսկ վերապրոֆիլավորվել է․ «Այս պահին մոտ 20 քովիդ-կենտրոն ունենք։ Բայց հունվար-փետրվարին, երբ երկրորդ ալիքը մարել էր, ամենացածր թվերի ժամանակ մնացել էր 1-2 կենտրոն»։

Իսկ առողջապահության նախարարությունը երեկ հայտարարեց, որ Հայաստանում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածության 10 դեպք։ Հայաստանում շրջանառվող քովիդի շտամի համեմատությամբ այն ավելի արագ է տարածվում։ Նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանին հարցրինք՝ նախարարությունը քննարկո՞ւմ է երկրում նորից կարանտին մտցելու հարցը եւ կամ սահմանը փակելու։ «Կարանտինի հարց դեռ չի քննարկվում, եթե լինի փոփոխություն, ապա նախարարությունը հանդես կգա հայտարարությամբ։ Թե հետո ինչ կլինի, չեմ կարող ասել, որովհետեւ այդ որոշումներն իրավիճակային են»։ Ի դեպ, նախարարությունն առանձին շտամների ուսումնասիրություն եւ վիճակագրություն չի անում։