200-ից ավելի աղաղակող սխալներ աշխարհագրության նոր դասագրքերում

200-ից ավելի աղաղակող սխալներ աշխարհագրության նոր դասագրքերում

Աշխարհագրական գիտությունների թեկնածու, աշխարհագրության գործող դասագրքի հեղինակ Ռուդիկ Մարգարյանը, ում հեղինակած դասագրքերով արդեն 20 տարուց ավելի աշխարհագրություն են անցնում հանրակրթական դպրոցներում, բարձրաձայնում է՝ նոր դասագրքերը ոչ միայն չեն համապատասխանում հանրակրթական չափորոշիչներին, այլեւ լի են բազմաթիվ սխալներով։ 

«Աստղիկ գրատուն» հրատարակչության կողմից տպագրված 7-րդ դասարանի աշխարհագրության դասագիրքը (հեղինակներ՝ Վարդանյան Թրահել, Պոտոսյան Ակսել, Ասատրյան Վարդան, Հակոբյան Լուսինե) միակն է, որը երաշխավորվել է ԿԳՄՍՆ-ի կողմից եւ մտել դպրոցներ։ «Ինչպես ասում են՝ մի փտած ձմերուկից ընտրել են լավագույնը»,- հեգնում է Ռուդիկ Մարգարյանը, ով խմբագրություն էր եկել աշխարհագրության դասագրքով եւ 16 էջից կազմված դիտարկումներով, որոնք վերաբերում էին դասագրքի թե՛ հայերենի շարադրանքին, թե՛ մասնագիտական տերմիններին, տեղանուններին, թե՛ քարտեզներին, թե՛ QR կոդերին եւ թե՛ բազմաթիվ սրբագրական սխալների։
«Ներդրել են ինչ-որ գունավոր գծագրեր, քարտեզներ, QR կոդեր, որոնք սոսկ արտաքին տեսք տալու համար են, ի դեպ, այդ QR կոդերը չեն աշխատում, այլ կերպ ասած՝ այդ բոլորը զուտ ձեւական բաներ են»,- ասում է զրուցակիցս ու ընդգծում, որ սրանից զատ շատ կարեւոր է դասագրքի բովանդակությունը, որտեղ շատ են սխալ գիտական տերմինները․ «Օրինակ, այնպիսի եզրույթ, ինչպիսին է «վերընթաց գոտի» ձեւակերպումը․ «ընթաց»-ը նշանակում է շարժում, «վերընթաց»՝ վեր շարժվող գոտի, այսինքն՝ ինչպե՞ս է վեր շարժվում, դա երեխային կարող է այն տպավորությունը փոխանցել, որ նա մետրոյի աստիճանասանդուղքների վրա է եւ բարձրանում է, ինչպես լեռներում։ Այնինչ այդ բնական գոտիները, որոնք կոչվում են «վերընթաց գոտի», չեն շարժվում եւ այնտեղ են, որտեղ կան եւ հավերժ էլ կմնան այնտեղ։ Գոտիները չեն շարժվում, դրանք հերթագայվում են եւ ոչ էլ հերթափոխվում են, որովհետեւ հերթափոխվում են խանութում աշխատողները, Լենինի դամբարանի մոտի ժամապահները, բայց ո՛չ գոտիները։ Կամ՝ գրված է․ «ձյունամերձ գոտի», «մերձ»-ն ի՞նչ է նշանակում՝ քաղաքամերձ, գյուղամերձ, ծովամերձ, իսկ «ձյունամերձ»-ը՝ ձյան կողքի գոտի, բայց «ձյունամերձ գոտու» տակ բացատրում են՝ «ձյան գոտի»։ Մինչդեռ «ձյունն» այնպիսի հասկացություն է աշխարհագրության մեջ, որը սահման չունի, միջազգային տերմինոլոգիայով այն կոչվում է «գլացիալ նիվալ», «նիվալ»՝ նշանակում է ձնային, «գլացիալ»՝ սառույց, այսինքն՝ խոսքը գնում է գլացիալ նիվալ գոտու մասին, բայց եթե այդ գոտու մասին է խոսքը, «մերձ»-ը ո՞րն է, ձյան կողքը օդ է, ոչ մի բան չկա, ձնից բարձր՝ մերձ բան չկա, ձնից ներքեւ կա, բայց դա էլ կոչվում է ալպյան կամ մերձալպյան գոտի, այսինքն՝ սխալ է «ձյունամերձ» բնորոշումը, նույն ձյունն է, ինքն իրեն ո՞նց կարող է մերձ լինել։ Հետո՝ օդի շարժումների պատճառները բացատրված են սխալ, բայց գծագիրը պատկերված է ճիշտ։ Այսպես ասած՝ ձին կապել են սայլի հետեւից, այսինքն՝ պատճառահետեւանքային կապը լրիվ խախտել են, իսկ այդ բոլորը չիմացության արդյունք է»։

Քարտեզների հետ կապված խնդիրները ոչ միայն տեխնիկական բնույթի են, քանի որ շատ վատ են տպագրված՝ լղոզված, անընթեռնելի, այլեւ քիչ չեն բովանդակային սխալները․ «Օրինակ, աշխարհի քաղաքական քարտեզի վրա Վենեսուելան գրված է՝ Վենսուելա, Բրազիլիա երկրի անունը հիմա կոչվում է Բրազիլ, իսկ մայրաքաղաքը մնացել է Բրազիլիան, իսկ առաջ ե՛ւ մայրաքաղաքը, ե՛ւ երկիրը կոչվում էր Բրազիլիա, հիմա արդեն երկիրը կոչվում է Բրազիլ, իսկ մայրաքաղաքը թողել են Բրազիլիա։ «Մոնղոլիա» բառի մեջ «ն» տառն են բաց թողել, հետո՝ Թայլանդ չի, այլ՝ Թաիլանդ, կամ՝ ոչ թե Մալազիա, այլ՝ Մալայզիա, այդ տարածքը կոչվում է Մալայան արշիպելագ։ «Հարավաֆրիկյան Հանրապետություն» ձեւակերպման մեջ մի քանի սխալ են արել՝ «Հարավ»-ը գրել են «ֆ»-ով, «Հարավաֆրիկյան»-ը՝ գծիկով, «Հանրապետություն» բառն էլ միայն այստեղ գլխագրերով»։

Այսպիսի սխալները շատ են ոչ միայն 7-րդ դասարանի, այլեւ 10-րդ դասարանի աշխարհագրության դասագրքում եւս, ընդհանուր առմամբ, Ռուդիկ Մարգարյանը 200 սխալ ու թերություն է հաշվել երկու դասագրքում։ Բայց եթե 7-րդ դասարանի աշխարհագրության դասագիրքը ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորվել ու մտել է դպրոցներ, 10-րդ դասարանինը երաշխավորվել, բայց չի մտել դպրոցներ։ Ինչպես հայտնի է, նախապես հայտարարված 10-րդ դասարանում չափորոշիչն այս տարի չներդրվեց դպրոցներում, քանի որ դասագրքերի ստեղծման մրցույթում 10-րդ դասարանի համար պահանջվող 22 անուն դասագրքից հայտ էր ներկայացվել ընդամենը 12 դասագրքի համար: Հաշվի առնելով իրավիճակը՝ որոշվեց, որ 10-րդ դասարանում հանրակրթական նոր չափորոշիչը կներդրվի հաջորդ ուստարի: Ռ․ Մարգարյանն ասում է․ անկախ նրանից՝ դպրոցներ մտել է 10-րդ դասարանի դասագիրքը, թե ոչ, կարեւորն այն է, որ նախարարության «վիզան»՝ երաշխավորությունը ստացել է։ «Էդիթ Պրինտի» կողմից հրատարակված 10-րդ դասարանի դասագրքի հեղինակներն են Աշոտ Խաչատրյանը եւ Յուրիկ Մուրադյանը։

Ռ․ Մարգարյանը մի քանի օրինակ էլ բերում է 10-րդ դասարանի աշխարհագրության դասագրքից․ «Գրել են՝ Երկիրը պտտվում է Արեգակի առանցքի շուրջը, բայց Երկիրը պտտվում է իր առանցքի շուրջը, այն էլ՝ ոչ թե իրական, այլ՝ երեւակայական, իսկական առանցք ունի սայլի կամ մեքենայի անիվը։ Հետո՝ գրված է, որ Երկիրը կատարում է 2 պտույտ, բայց 2 պտույտը ո՞րն է, օրական 1 պտույտ է կատարում, 2 օրում կատարեց 2 պտույտ, տարեկան՝ 365 պտույտ, եւ դա ոչ թե պտույտ է, այլ՝ շարժում։ Ակնհայտ է, որ ռուսերենից այդ տերմինները սխալ են թարգմանել, ու դա նրանից է, որ ոչ միայն աշխարհագրություն չգիտեն, այլեւ հասարակ ռուսերեն էլ չգիտեն»։

Ինչո՞վ է բացատրում այն հանգամանքը, որ մի շարք դասագրքերի, մասնավորապես 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքի, նրա քարտեզների շուրջ քննարկումների, քննադատությունների այսպիսի ալիք բարձրացավ, իսկ աշխարհագրության դասագրքի ու նրա քարտեզների շուրջ՝ ոչ։ «Մասնագետներ կան, բայց այդ մասնագետները չեն ուզում գլուխ դնել։ Իսկ ինձ նման մարդիկ քիչ կան, իմ պապն էլ է մահացել հայ-թուրքական պատերազմում, հայրս էլ Հայրենական մեծ պատերազմ է գնացել կամավոր, այդ կամավորությունն իմ մեջ էլ կա, դրա համար նստել եմ, այսքանը գրել եմ ու դա արել եմ անվճար։ Իսկ հիմա ուզում եմ հարցնել, թե ինչ են արել մեր փորձագետները, ինչո՞ւ ես տեսել եմ 200 սխալ 2 գրքում, բայց իրենք՝ ոչ, քանի՞ սխալ են իրենք ուղղել»։

Ի դեպ, Ռ․ Մարգարյանը ծանոթացել է 7-րդ դասարանի դասագրքի թե՛ էլեկտրոնային, թե՛ արդեն դասագրքի լավարկված ու տպագրված տարբերակին, ու շատ հաճախ սխալները ոչ թե պակասել են, այլ՝ ավելացել․ «Միակ բարելավումն այն է, որ այստեղ մի տեղ գրված է, որ անասնապահությունը զարգացած է հեռակա արոտային եղանակով, երեւի դպրոցի կամ բուհի հետ են շփոթել, բայց փոփոխությունից հետո ճշտել են ու գրել են՝ հեռագնա արոտային եղանակ․ այդ մեկն ուղղել են»։

Զավեշտի հասնող կրկնաբանությունների նմուշներ եւս շատ կան, ինչպես, օրինակ․ «Մասշտաբը չափ է, որով չափում են չափը․․․, կամ Ավստրալիան դրված է 180 աստիճան շեղված, կրկեսում եւ ակրոբատիկայում դա կոչվում է մահաթռիչք, հարց է առաջանում՝ ինչո՞ւ, որտե՞ղ է քարտեզագիրը։ Այսինքն՝ ոչ մեկն իր տեղում չէ՝ թե՛ հեղինակները, թե՛ սրբագրիչները, թե՛ քարտեզագիրները, թե՛ փորձագետները»։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու ինքն այս տարի չի մասնակցել դասագրքերի մրցույթին, նկատում է․ ոչ թե ինքը հայտ չի ներկայացրել, այլ հրատարակչությունները չեն ընդունել։ «Ասացին՝ իրենց դասագրքերի տպագրության համար տրամադրում են վիրավորական մի գումար, դրա համար մի քանի հրատարակչություններ հրաժարվեցին, բայց դրանից օգտվեցին այլ հրատարակչություններ եւ ներկայացրին այս գիրքը, որը ցանկալիից շատ հեռու է։ Ավելին՝ այս դասագիրքը՝ այդ սխալներով ու այդ մտածողությամբ, աշակերտներին կդարձնի մտավոր հաշմանդամներ»,- ասում է Ռ․ Մարգարյանը, ով ստեղծված իրավիճակում ելք չի տեսնում, որովհետեւ կատարվել է ահռելի ծախս, դասագրքերը մտել են դպրոցներ, եւ դրանք գործածությունից հանելը լուծում չէ, բայցեւայնպես, պետական մակարդակով պետք է որեւէ լուծում տրվի այս հարցին։