Նոր շուկանե՞ր գտնել, թե՞ շուկաները փակող իշխանությունից ազատվել. որ տարբերակը կնախընտրեն հայ բիզնեսմենները
«Որեւէ ԼԱՐՍԻ անցակետ փակելը մեր վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական եւ ոչ տոնական սեղաններին»,- գրում է փաշինյանական իշխանության կարկառուն ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը՝ Հայաստանի եւ սփյուռքի հայ սպառողներին կոչ անելով գնել միայն հայկական արտադրանք: Ստացվում է, որ փաշինյանական իշխանությունն ամեն ինչ անում է բիզնեսի ունեցած ավանդական շուկաները փակելու համար, եւ բիզնեսը պետք է զբաղվի նոր շուկաներ գտնելով, եթե, իհարկե, կարողանա: Որտեղ հայկական բիզնեսը կարողանում է գտնել շուկա, չի սպասում, որ Արայիկ Հարությունյանը կամ մեկ ուրիշն իրեն նման խորհուրդ տա, բայց որ հայկական ապրանքների համար հիմնական շուկան եղել է Ռուսաստանը` փաստ է: Հիմա իշխանությունն ամեն ինչ անում է այդ շուկան փակելու համար եւ բիզնեսին այլ բան չունի առաջարկելու, քան իր տափակ խորհուրդներն ու հորդորները:
Ցանկացած իշխանության խնդիրը սեփական երկրի բիզնեսի գործունեության եւ զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելն է` ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտաքին շուկաներում: Միայն ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների օրինակը բավարար է հասկանալու, թե ինչպես կարող է երկրի իշխանությունն իր բոլոր հնարավորություններն ու կարողությունները ներդնել սեփական երկրի եւ ընկերությունների շահերը պաշտպանելու համար: Միացյալ Նահանգները, ըստ էության, տնտեսական պատերազմ է հայտարարել Չինաստանին եւ չինական տեխնոլոգիական ընկերություններին, որ թույլ չտա տեխնոլոգիական առավելության հասնեն ամերիկյան ընկերությունների նկատմամբ, որ հետո գրավի նրանց շուկաները: Միացյալ Նահանգներն ամեն ինչ արեց, որ եվրոպական շուկաներում վաճառվի ոչ թե ռուսական, այլ ամերիկյան գազը, եւ այդ եկամուտը հոսի ԱՄՆ եւ ոչ թե ՌԴ: Լեհաստանի կառավարությունն արգելեց ուկրաինական ցորենի ներմուծումը երկիր, քանի որ ուկրաինական էժան ցորենը թույլ չէր տալիս լեհ ֆերմերներին վաճառել իրենց արտադրանքը, եւ նրանք կանգնել էին սնանկացման եզրին, իսկ լեհ վարորդները փակել էին Ուկրաինայի հետ սահմանը, քանի որ ուկրաինացի վարորդները խլում էին իրենց աշխատանքը: Այդպես են վարվում նաեւ մյուս երկրները, որոնք ունեն սուվերենություն, եւ որտեղ իշխանությունը գտնվում է սեփական հասարակության կողմից ընտրված եւ սեփական երկրի շահերով առաջնորդվող եւ ոչ թե փաստացի դրսի դրածո իշխանավորների ձեռքին: Պատկերացնո՞ւմ եք` ԱՄՆ իշխանության որեւէ ներկայացուցիչ հայտարարի, որ եթե չինական Huawei-ը գրավի եվրոպական շուկան, թող Apple-ն ուրիշ շուկա գտնի, կամ Լեհաստանի կառավարությունը սեփական ֆերմերներին առաջարկեր՝ իրենց ցորենի համար նոր շուկաներ գտնել: Նման իշխանությունը մի ժամ չէր դիմանա:
Իսկ ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը. ամեն կերպ վատացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, դրանք հասցրել է այն աստիճանի, որ Ռուսաստանը կարող է տնտեսական պատերազմ հայտարարել Հայաստանին` նպատակ ունենալով խեղդել Հայաստանի տնտեսությունը: Ռուսաստանի իշխանությունները հաշվել գիտեն եւ գիտեն, թե տարվա կտրվածքով որքան ապրանք է Հայաստանից արտահանվում Ռուսաստան, եւ որքան գումար է հայկական բիզնեսը ստանում Ռուսաստանի հետ առեւտրից: Ռուսները մտածում են, որ եթե իրենց շուկան փակեն հայկական արտադրանքի համար, դրանով էական վնաս կհասցնեն Հայաստանի տնտեսությանը եւ, առաջին հերթին, տնտեսվարողներին: Հազարավոր բիզնեսներ կփակվեն, տասնյակ, գուցե հարյուր հազարավոր մարդիկ կզրկվեն աշխատանքից եւ եկամտի աղբյուրից: Ռուսաստանը մտածում է, որ հայկական ապրանքին այլընտրանք կլինի` հայկական ծիրանի, դեղձի կամ խաղողի փոխարեն ռուսներն ուզբեկական միրգ կգնեն, Տաջիկստանի չիր, վրացական գինի եւ հանքային ջուր, հայկական իշխանի փոխարեն` թուրքական, որը հիմա էլ վաճառվում է հայկականի անվան տակ: Հայկական վարունգին, պոմիդորին, բանջարեղենի մյուս տեսակներին, պահածոներին միշտ այլընտրանք կլինի, հայկական կոնյակ կսկսեն արտադրել Ռուսաստանում` արդեն իսկ արտադրում են: Ռուսաստանի իշխանության տրամաբանությունը պարզ է. եթե Հայաստանը մեզ թշնամի երկիր է, ինչո՞ւ թույլ տանք, որ թշնամի երկիրը մեր հաշվին հարստանա:
Ի՞նչ են անելու հայկական արտադրողներն իրենց գինիները, կոնյակը, մրգերն ու բանջարեղենը, պահածոները, շինանյութն ու այլ ապրանքներ, որոնց հիմնական շուկան Ռուսաստանն է: Ռուսական ընկերությունների համար հայկական շուկայի փակվելը ճակատագրական ազդեցություն չի ունենա, քանի որ մեր շուկան այնքան փոքր է, որ դժվար թե ռուսական որեւէ ընկերություն փակվի, եթե դադարի ապրանքներ մատակարարել Հայաստան: Երբ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի արդյունքում երկու երկրների հարաբերությունները վատացան, եւ ապրանքաշրջանառությունը դադարեց, Վրաստանի իշխանությունները եւս սկսեցին հայտարարել, որ ոչինչ` իրենց համար կբացվեն եվրոպական ավելի մեծ եւ հարուստ շուկաները, եւ իրենք վրացական գինին կամ հանքային ջուրը կարտահանեն Եվրոպա եւ ավելի մեծ շահույթ կստանան: Բայց վրացական գինին ո՞նց կարող էր մրցել ֆրանսիականի, իտալականի կամ նույնիսկ իսպանականի հետ` որակով կամ գնով: Եվ վրացական «Բորժոմին» կորավ եվրոպական հանքային ջրերի տեսականու մեջ, այն դեպքում, երբ Ռուսաստանում ամենահայտնին ու ամենապահանջվածն է: Վրացիները, ի վերջո, վերադարձան ռուսական շուկա եւ հիմա ամեն ինչ անում են՝ այդ շուկան չկորցնելու համար:
Ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունը գործում Հայաստանի շահերին հակառակ, ինչո՞ւ է անընդհատ եւ հետեւողականորեն փչացնում հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ենթադրենք` Ռուսաստանը վատ դաշնակից է եւ չի պաշտպանում Հայաստանի սահմանները, բայց առեւտրատնտեսական հարաբերությունները գոնե կարելի՞ է պաշտպանել, կարելի՞ է այնպիսի քաղաքականություն վարել, որ երկրի տնտեսությունը դրանից չտուժի: Բայց Հայաստանում իշխանության են բերվել մոլի ռուսաֆոբներ, մարդիկ, ովքեր գաղափարապես ատում են Ռուսաստանը եւ ունեն հանձնարարություն` Հայաստանը կտրել Ռուսաստանից: Իսկ դա հնարավոր է անել առաջին հերթին հայ-ռուսական առեւտրատնտեսական հարաբերությունները փչացնելու միջոցով, որովհետեւ, երբ մարդիկ առեւտուր են անում մի երկրի հետ, եկամուտ են ստանում այդ երկրից, սկսում են այդ երկիրն ընկալել որպես գործընկեր եւ բարեկամ: Ուստի Հայաստանը Ռուսաստանից կտրելու միակ տարբերակը պետական մակարդակով թշնամություն հրահրելն է, տնտեսական եւ առեւտրային կապերը խզելը՝ մարդկանց համոզելով, որ իրենց ապրանքը կգնեն այլ շուկաներում, իրենց ապրանքը կգնեն տեղի եւ սփյուռքի հայրենասերները, ովքեր, հետեւելով Արայիկ Հարությունյանի կոչին, օրական մի քանի շիշ կոնյակ ու գինի կխմեն, որ խումհարի մեջ չգիտակցեն, թե ինչ վտանգ է իրենից ներկայացնում գործող իշխանությունը:
Ի վերջո, իշխանությունն է բիզնեսի համար եւ ոչ թե հակառակը, եւ իշխանությունը՝ ինքը, պետք է հարմարվի բիզնեսի շահերին, քանի որ բիզնեսմեններն են իրենց աշխատանքով եւ վճարած հարկերով պահում իշխանությանը եւ ոչ թե հակառակը: Հիմա իշխանությունը փորձում է հակառակն անել, եւ դրա արդյունքում երկրի տնտեսությունը ծանր հարված է ստանալու: Եթե Ռուսաստանն իսկապես տնտեսական պատերազմ հայտարարի Հայաստանին` փակելով իր շուկան հայկական արտադրանքի համար, գործարարները կանգնելու են ծանր ընտրության առաջ` կա՛մ ենթարկվել իշխանության քմահաճույքին եւ համակերպվել իրենց բիզնեսի ոչնչացման հետ, կա՛մ ուղղակի ստեղծել այնպիսի իշխանություն, որը կվարի երկրի տնտեսական շահերից բխող քաղաքականություն:
Ավետիս Բաբաջանյան
Կարծիքներ