ԱՄՆ պաշտոնյաներն անդրադառնում են Հայաստանին

ԱՄՆ պաշտոնյաներն անդրադառնում են Հայաստանին

Պետքարտուղարի տեղակալ Օ՛Բրայենի եվ ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Քարփենթերի պատասխանները «Հրապարակի» հարցերին

Այս շաբաթվա սկզբին իրար զուգահեռ մի քանի միջազգային գագաթնաժողովներ են ընթանում Եվրոպայում․ ԵԱՀԿ նախարարական գագաթնաժողովը՝ Հյուսիսային Մակեդոնիայում, ՆԱՏՕ ԱԳ նախարարների գագաթնաժողովը՝ Բրյուսելում, Միջերկրածովյան միության ֆորումը՝ Բարսելոնայում։ Դրանք բոլորն էլ կա՛մ Հայաստանի համար, կա՛մ հայության համար նշանակություն ունեն։ Եվ երբ գագաթնաժողովների եզրափակիչ փաստաթղթերը հրապարակվեն, դրանց կանդրադառնանք։

Իսկ այդ հավաքներից երկուսին՝ ԵԱՀԿ նախարարական եւ ՆԱՏՕ ԱԳ գագաթնաժողովներին ընդառաջ ԱՄՆ պետքարտուղարությունը նոյեմբերի 27-ին եւ 28-ին համացանցային ասուլիսներ էր կազմակերպել։ Երկու ասուլիսներից մեկի հյուրն ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալն էր․ այդ պաշտոնը հոկտեմբերից զբաղեցնում է դեսպան Ջեյմս Օ՛Բրայենը։ 28-ին՝ ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Մայքլ Քարփենթերը։ Չնայած որ հայաստանյան լրատվամիջոցները, ԱՄՆ-ից ֆինանսավորվող, բայց ԱՄՆ պետքարտուղարության կառուցվածքն անգամ չպատկերացնող «Ազատություն» ռադիոկայանի առաջնորդությամբ, այդպես էլ չեն կարողանում ըմբռնել, որ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնները ռուսերենով չեն անվանակոչվում կամ ստուգաբանվում, որ Assistant Secretary-ն նշանակի помощник Секретаря, ու չեն դադարում այդ սխալ թարգմանությունը տարածել, ԱՄՆ Assistant Secretary-ներն իրականում պետքարտուղարի տեղակալը եւ տարածաշրջանների համար պատասխանատու բարձրագույն դիվանագետներն են։ Կոնկրետ Ջեյմս Օ՛Բրայենը հոկտեմբերից պետքարտուղարի տեղակալը եւ ամենից բարձրաստիճան դիվանագետն է՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով։ 

Եվ այն, որ պրն Օ՛Բրայենը, Եվրոպայի ու Եվրասիայի խնդիրների համար պատասխանատու լինելով հանդերձ, նույն օրվա ընթացքում երկու ասուլիսում երկու անգամ անդրադարձել է Հայաստանին եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, արդեն ուշագրավ իրողություն է։ Մի դեպքում՝ Brussels Media Hub-ում տրվող ասուլիսում պրն Օ՛Բրայենը պատասխանել էր իմ հարցին։ Իրականում ես 2 գրավոր հարց էի ուղարկել, սակայն ասուլիսը վարողը միայն երկրորդ հարցն էր ուղղել Օ՛Բրայենին․ «Իսկ այժմ, թեման փոխելով, Հայաստանից Լուսինե Պետրոսյանի հարցը․ «Քանի որ այս ասուլիսի առիթը ՆԱՏՕ ԱԳ գագաթնաժողովն է, կարո՞ղ եմ խնդրել Ձեր գնահատականը Հայաստանին European Peace Facility մեխանիզմով օժանդակելու հեռանկարին, ինչի մասին ԵՄ-ի կողմից վերջերս բարձրաձայնվեց։ Եվ դա կարո՞ղ է ընդլայնել ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը»։ 

Օ՛Բրայենի պատասխանը․ «Հայաստանի մասով․ Եվրոպական խաղաղության հիմնադրամի ցանկացած քննարկում ես կթողնեմ ԵՄ իմ գործընկերներին։ Ես կասեմ միայն այն, որ վարչապետ Փաշինյանը շատ համարձակ է եղել, հստակորեն ցույց է տվել, որ ինքը ցանկանում է, որ Հայաստանը շարժվի առաջ դեպի սահմանների բացում եւ Արեւմուտքի հետ հարաբերությունների կառուցում, որ ինքը չի ցանկանում, որ Հայաստանը լիովին կախված լինի Ռուսաստանից, ինչին ձգտում էին նախկին առաջնորդները: Եվ նա ձեռնարկել է մի շարք բարեփոխումներ, որոնք պետք է որ շատ ոգեւորիչ լինեն Հայաստանի քաղաքացիների համար, քանի որ նրանք շահագրգիռ են՝ շարունակելու այն արագ տնտեսական աճը, որ ունեցել են վերջին մեկ-երկու տարում։ Ես կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանը նաեւ համարձակ ձայն է ի նպաստ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի, ինչի գոյությունը Հայաստանին թույլ կտա կենտրոնանալ տնտեսական զարգացման վրա, կառուցել իր անվտանգային հարաբերությունները եւ ընդլայնել առեւտուրը Կենտրոնական Ասիայից մինչեւ Թուրքիա։ Այս ամենը մի բան է, որ մենք շատ կցանկանայինք տեսնել: Հետեւաբար, ցանկացած փաթեթ, որ աջակցում է Հայաստանին, կարելի է միայն ողջունել, իսկ թե ԵՄ-ն ինչպես կնախընտրի այդտեղ հասնել, ինքն է որոշում։ Իսկ մենք հանձնառու ենք աշխատել մեր եվրոպացի գործընկերների եւ Հայաստանի կառավարության հետ, որպեսզի Հայաստանի ժողովուրդը շահի այն բարեփոխումների քաղաքականությունից, որ ձեռնարկել է Փաշինյանի կառավարությունը»։ 

Նույն օրը կայացած մեկ այլ ասուլիսում Օ՛Բրայենը պատասխանել էր «Թուրանի» թղթակցի հարցին, որի ավարտը վերաբերում էր Ադրբեջանին․ «․․․Եվ վերջինը, եթե կարելի է, թեմայից շեղվելով՝ Ադրբեջանի առնչությամբ․ ես նաեւ տեղյակ եմ, որ մի քանի օր առաջ Դուք հանդիպել էիք Ադրբեջանի դեսպանին։ Դուք հասկացրել էիք, որ Ադրբեջանի հետ այլեւս սովորականի նման հարաբերություններ լինել չեն կարող։ Կարծում եք՝ նրանք հստակ ըմբռնե՞լ են Ձեր նկատի ունեցած տարբերություններն այդ հանդիպումից հետո»։

Օ՛Բրայենի պատասխանը եղել էր․ «Հարավային Կովկասի հետ կապված, կարծում եմ, այստեղ, ինչպես ես հրապարակայնորեն ասել եմ, մենք տեսնում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի համար խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն։ Մենք քաջալերված ենք, որ երկու կողմերը խոսում են միմյանց հետ ուղիղ եւ միջնորդների միջոցով: Դրանում մենք շահավետ հնարավորություններ ենք տեսնում ամբողջ տարածաշրջանի համար։ Օրինակ, եթե Կենտրոնական Ասիայից ապրանքները կարողանան Ադրբեջանով եւ Հայաստանով հոսել Թուրքիա, ապա դա էական խթանում կբերի առեւտրային ճանապարհի բոլոր երկրներին։ Եվ մենք կողջունեինք դրան մասնակցությունը։ Սակայն, միեւնույն ժամանակ, եթե որոշում կայացվի՝ դրան հետամուտ լինել ոչ խաղաղ միջոցներով, ապա մենք կօգտագործենք հնարավոր բոլոր լծակները՝ խափանելու նման առեւտրային ճանապարհի կառուցումը։ Այսպիսով, մենք շատ հստակ ասել ենք կողմերին այն մասին, թե ինչ ենք մենք ակնկալում տեսնել, եւ հետեւանքների մասին, եթե այլ զարգացումներ լինեն։ Այսպիսով, մենք սպասում ենք՝ տեսնելու, թե կողմերն ինչ դիրքորոշում կորդեգրեն: Գիտենք, որ կողմերը շահագրգռություն են հայտնել՝ շատ շուտով խաղաղության համաձայնագիր կնքելու, եւ մենք կցանկանայինք, որ դա տեղի ունենար»:

Իսկ ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Մայքլ Քարփենթերին ուղղել էի հետեւյալ հարցը. «Մենք եւս մեկ հարց ունենք, որը ստացվեց Լուսինեից` «Հրապարակ» օրաթերթ, Հայաստան։ Նա հարցնում է․ «Վերջերս ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից գնահատականներ են հնչեցվել, թե առաջիկա մի քանի շաբաթները կարող են որոշիչ լինել հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններում։ Ես կարո՞ղ եմ հարցնել՝ ի՞նչ տեղ է զբաղեցնում Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունն այդ բանակցություններում, եւ, մասնավորապես, միջազգային ի՞նչ ներգրավվածություն է նախատեսվում հայ բնակչության անվտանգ վերադարձը ԼՂ ապահովելու համար»»: 

Դեսպան Քարփենթերի պատասխանը․ «Մենք՝ Միացյալ Նահանգները, մշտապես ասել ենք, որ կցանկանայինք Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները կարգավորված տեսնել։ Մենք աջակցել ենք անցնող տարվա ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մի շարք բանակցությունների կայանալուն։ Պետքարտուղար Բլինքենն անձամբ ներգրավված է եղել այս ջանքերին՝ փորձելով գտնել խաղաղության մի համաձայնություն, որը ճանապարհ կհարթի հարաբերությունների կարգավորման, հաղորդակցության ուղիների բացման եւ առեւտրի համար ողջ տարածաշրջանում, ինչը, կարծում ենք, բխում է Հարավային Կովկասի բոլոր երկրների շահերից: Եվ մենք կշարունակենք աջակցել եւ տրամադրել մեր հարթակները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հանդիպումների համար։ Ի վերջո, իհարկե, կողմերն են որոշում՝ օգտվե՞լ արդյոք այդ հարթակներից կամ հարաբերությունների կարգավորման հասնելու իրենց ջանքերին աջակցելու միջնորդական առաջարկներից, բայց մենք կշարունակենք դա անել: Ինչ վերաբերում է փախստականների անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի եւ կայուն վերաինտեգրման միջազգային դրվածքին, իհարկե, մենք դրան նույնպես աջակցելու ենք»։ 

Ինչպես տեսնում ենք, Քարփենթերի պատասխանում չկա առարկություն, թե «Լեռնային Ղարաբաղի չլուծված խնդիր» գոյություն ունի։ Սա հենց այն ուղեգիծն է, որ ե՛ւ Արցախի նախկին իշխանություններն ու քաղաքացիները, ե՛ւ հայաստանյան պաշտոնյաներն ու լրագրողները պետք է հետեւողականորեն բարձրացնեն միջազգային հարթակներում, մինչեւ Արցախից տեղահանված անձինք անվտանգ ետ վերադառնան եւ հետո ինքնորոշման մասին մտածեն, գուցե Ադրբեջանի հետ ընդհանուր պետության մոդելով, որը ժամանակին բանակցվում էր։ 

Ամեն պարագայում, ըստ իս, չպետք է ՔՊ-ական պաշտոնյաների կարճամիտ հայտարարություններից ելնել, թե Հայաստանի համար Արցախի ինքնորոշման խնդիր գոյություն չունի։ ՔՊ-ն 2021-ի ընտրություններին նման մտադրության մասին հայտարարե՞լ է` ոչ։ Հիմա ինչո՞ւ են 180 աստիճանով հակասում իրենց ասածներին։ Եթե ՄԱԿ-ից մինչեւ անհատներ խոսում են ԼՂ խնդրի լուծված չլինելուց եւ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքից, անթույլատրելի է, որ ՀՀ պաշտոնյաները հակառակն ասեն։ Ի դեպ, դատելով Քարփենթերի պատասխանից` տեսանելի ապագայում միայն բանակցություններ են սպասվում, ոչ մի խաղաղության համաձայնագրի կնքում չի երեւում։