Մեր այսօրվա իրականությունը

Մեր այսօրվա իրականությունը

ՀՀ դատախազությունը հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան է ուղարկել գործարար Սամվել Մայրապետյանի կողմից Կոտայքի մարզի անտառապատ տարածքից 2 հեկտար սեփականաշնորհելու վերաբերյալ գործը: Դատարանից պահանջվում է անվավեր ճանաչել Կոտայքի մարզպետի 2007 թ.-ի որոշումը, որով պետական սեփականություն հանդիսացած հողամասը վաճառվել է գործարարին։ Գործը կազմվել է 2018 թվականի սեպտեմբերին հրապարակված հոդվածի հիման վրա: Ինչպես ասվում է նման դեպքում՝ ապահովվել է օրինականությունն ու արդարությունը: Մնում է միայն դատարանի որոշումը: Իսկ այն, բնականաբար, չի ուշանա, քանի որ հակակոռուպցիոն դատարանը գործող իշխանության հարազատ զավակն է եւ ստեղծվել է հենց նախկինների նկատմամբ «անկախ» դատախազության կողմից հարուցված վարույթները դակելու նպատակով՝ լինեն դրանք իրավաչափ, թե ոչ:

Սակայն ԶԼՄ-ների կողմից բազմաթիվ հրապարակումներ են եղել, որոնցում ներկայացվել են այսօր գործող պաշտոնյաների` պաշտոնական աշխատավարձի չափին ոչ հարիր ծախսերի վերաբերյալ պատմություններ: Ասենք՝ տների և մեքենաների գնումներ, հարսանիքների կազմակերպում, ամառային շրջագայություններ և այլն: Բայց այդ ամենը չի արժանացել և չի արժանանալու դատախազության ուշադրությանը: Ինչը բնական է, քանի որ նախկիններին պատժող իշխանությունը, իմա՝ Փաշինյան Նիկոլը, մատների արանքով է նայում սեփական կադրերի «չարաճճիություններին»: 

Ի դեպ, եթե նախկինների օրոք ես նրանցից մեկն էի, ով ֆեյսբուքում անընդհատ տարածում էր նման բնույթի հետաքննությունների արդյունքները, ապա այսօր ես դա չեմ անում: Այնպես չէ, որ այսօր ես կողմ եմ նախկինների կոռուպցիոն գործարքներին: Ոչ, ես այսօր էլ չեմ ընդունում դրանք: Բայց ես չեմ ընդունում հենց այն երևույթը, երբ նախկիններին պատժելով՝ ոչինչ չի արվում գործողների առումով: Եվ չի արվելու: Դա՝ մեկ, և երկրորդ. նախկինների պատժելու գործընթացն ամրապնդում է ՀՀ վարչապետի պաշտոնին կառչած անձի դիրքերը հասարակության կիսագրագետ (էլ չասած անգրագետ) խավի շրջանում: Իսկ Փաշինյան Նիկոլի դիրքերի ամրապնդումը վտանգի աղբյուր է. այն ուժեղացնում է մեր պետականության նկատմամբ սպառնալիքների գործընթացը: Եվ ստացվում է այնպես, որ հանուն օրինականության իրականացված հետաքննությունը նպաստում է ոչ թե Հայաստանի Հանրապետության ազգային, այլ Փաշինյանների ընտանեկան շահերին: Որքան էլ անբնական հնչի ասվածը՝ այն մեր այսօրվա իրականության պատկերն է: