Մակրոնը նախ լուծում է «ֆրանսիական հարցեր»

Մակրոնը նախ լուծում է «ֆրանսիական հարցեր»

Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս, ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբոր` Դենիս Ջորկաեֆի հաղորդած տեղեկությունից հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպել է մի շարք հայամետ գործիչների հետ։ Դենիս Ջորկաեֆի գրառման մեջ կարդում ենք․ «Հայերի ողբերգության հանդեպ անտարբերությամբ պայմանավորված, որին ադրբեջանցիները սպառնում են էթնիկ զտումներով, երեկ Ելիսեյան պալատում տեղի է ունեցել հանդիպում նախագահ Էմանուել Մակրոնի և հայամետ գործիչների միջև (Յուրի Ջորկաեֆ, Ժան-Քրիստոֆ Բյուսոն, Սիլվեն Տեսսոն, Պասկալ Բրուքներ, Օլիվյե Վեբ, Ստեֆան Հասբանյան)»։

Ավելի վաղ էլ՝ հունվարի 23-ին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել էր Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագներ Արա Թորանյանին և Մուրադ Փափազյանին։ Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության նկատմամբ Փարիզի հավատարմությունն ու աջակցությունը, անդրադարձել Լաչինի միջանցքի շրջափակման խնդրին, ինչպես նաև հայությանը հուզող այլ կենսական հարցերի։ Այս հանդիպումներն իհարկե կարեւոր են, քննարկումները եւս։ Սակայն առավել էականը այդ հանդիպումներից ու քննարկումներից, հավաստիացումներից այն կողմ՝ գործնականում կատարվող կամ կատարվելիք քայլերն են։

Իհարկե, շատերը կարող են ասել, որ դիվանագիտության մեջ ամեն բան չէ, որ բացահայտ է ասվում ու իրականացվում։ Համաձայն ենք, նման բան կա։ Շատ բան մնում է փակ դռների հետեւում, խորհրդապահական քողով պարուրված։ Սակայն անկախ դիվանագիտական խորհրդապահությունից, գոնե կոնկրետ ստեղծված իրավիճակի թելադրանքը կամ հրամայականը հաշվի առնելիս, անհրաժեշտություն կա, որ այդ դիվանագիտական խորհրդապահությունը մի կողմ դրվի եւ բացվեն փակագծեր, եթե այդպիսիք կան։ Իհարկե, մեդիա-քարոզչական առումով կարեւոր է Ֆրանսիայի նախագահի համար, թե երկրի ներսում՝ տեղի հայ համայնքի սիրտը շահելու համար, թե արտաքին աշխարհում, որպես գլոբալ առաջնորդներից մեկը հանդես գալու, եւ հատկապես նաեւ՝ ցույց տալու համար, որ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, ինքը շարունակում է հանձնառու լինել տարբեր ռեգիոններում առկա խնդիրների կարգավորման գործընթացներին: Ուստի հատկապես հայաստանյան լսարանը պետք է որ այս ամենը սթափ հասկանա ու գնահատի եւ նմանատիպ հանդիպումներից չափազանցված սպասելիքներ չունենա։

Ի վերջո, Մակրոնը նախ եւ առաջ իր երկրի, իր ժողովրդի շահերի սպասարկողն է /եթե ավելի նեղ իմաստով չասենք՝ իր եւ իր քաղաքական ուժի շահերի սպասարկողը/, հետեւաբար կարելի է նման հանդիպումներից ուրախանալ, անկախ թե որքանով են որպես փաստ դրանք կարեւոր միայն այն դեպքում, երբ պատկերավոր ասած՝ «վրա հասնի աշունն» ու գա «ճտերը հաշվելու ժամանակը»։