Մարզակառույցը մասնավորեցման ցուցակից կհանվի

Մարզակառույցը մասնավորեցման ցուցակից կհանվի

ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում գտնվող մարզակառույցը հանել օտարվող գույքի ցուցակից եւ հանձնել ԿԳՄՍ նախարարությանը՝ հաշվի առնելով հանրապետությունում մարզակառույցների սղության եւ պայմանների բացակայության խնդիրը:

Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Նրա խոսքով՝ մարզակառույցը երկար տարիներ ծառայել է հայկական սպորտին, եղել է հավաքական թիմերի մարզական կենտրոն, որտեղ կազմակերպվել են ուսումնամարզական հավաքներ եւ մարզումներ:

Մարզահամալիրն ունի վարչական տարածք, ճաշարան, ննջարանային մասնաշենք՝ նախատեսված շուրջ 60 հոգու համար, 2 մարզադահլիճ՝ յուրաքանչյուրը 1600 քմ տարածքով: Մարզադահլիճներից մեկը չափերով համապատասխանում է գեղարվեստական մարմնամարզության միջազգային չափորոշիչներին, եւ այնտեղ տարիներ շարունակ ուսումնամարզական հավաք է իրականացրել գեղարվեստական մարմնամարզության եւ ակրոբատիկայի մանկապատանեկան մարզադպրոցը: Մյուս մարզադահլիճը ծառայել է ըմբշամարտի, ձյուդոյի եւ բռնցքամարտի պարապմունքների համար:

Ըստ Գիլոյանի՝ մարզահամալիրի տարածքում նախատեսվում է նաեւ մարզիկների համար առողջավերականգնողական կենտրոն հիմնել, որի անհրաժեշտությունը նույնպես շատ մեծ է: Արդյոք արդեն կա՞ն ներդրումային ծրագրեր, թե՞ ոչ։ Կ․ Գիլոյանը նկատել է, որ սպորտը մասնավոր ներդրողների մոտ հետաքրքրություն է առաջացրել, եւ կենտրոնի վերակառուցման մի քանի առաջարկով ԿԳՄՍՆ-ին արդեն դիմել են: